ՊԱՏՎԱՍՏՎԱԾՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԱՐԱԿՎԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասում է, որ պատվաստումները կամ ՊՇՌ թեստեր հանձնելը մեկ նպատակ ունեն` օր առաջ կանխել կորոնավիրուսի մահվան դեպքերը։ ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ պատվաստումից հետո, ցավոք, մահվան դեպքեր կարող են լինել: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 645-ով՝ հասնելով 246 հազար 410-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 15 դեպք. հաղորդում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 334-ով եւ հասել 230 հազար 291-ի:

 

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 6 հազար 659 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 1 միլիոն 588 հազար 480-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 4 հազար 954-ի, եւս 1167 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 998 մարդ։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է  Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ:

-Պարո՛ն Զեյնալյան, հոկտեմբերի 1-ից ի՞նչ է սպասվում այն քաղաքացիներին, որոնք կորոնավիրուսի թեստ հանձնելու համար գումար չունեն, սակայն պատվաստվել եւս չեն ցանկանում:

-Պատվաստանյութի  ստեղծումը բժշկագիտության լավագույն ձեռքբերումներից է, որով ամբողջ աշխարհում միլիոնավոր կյանքեր են փրկվում, եւ դրանց շարքին են պատկանում նաեւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը: Դրանց դեմ արշավն իրականացվում է Հայաստանում, եւ կորոնավիրուսով վարակվածների թիվն  աճելու է, եթե առաջիկայում պատվաստումների ալիք չլինի: Միակ միջոցը պատվաստումն է, քանի որ վիրուսը ոչ մի տեղ չի գնալու, եւ մարդիկ մոտավորապես հիվանդանալու են սեզոնային գրիպի նման, եւ այս վիրուսն ունի բարձր մահաբերություն: Ինչ վերաբերում է այդ հրամանին, սա, ըստ էության, ոչ թե պարտադիր պատվաստում է, այլ ընտրության հնարավորություն: Ակնհայտ է, որ թեստեր հանձնելը բեռ է, եւ սա գործիք է, որպեսզի բնակչությանը բերենք պատվաստման, քանի որ հանրային առողջությունն ավելի բարձր պետք է դասենք:

-Ստացվում է՝ իշխանությունները ստիպում են մարդկանց պատվաստվել:

-Սա ստիպել չէ, սա գործիքի կիրառում է միայն: Ասեմ, որ եվրոպական երկրներում շատ ավելի խիստ գործիքակազմեր են կիրառվում, ընդհուպ մինչեւ հանրային վայրեր մուտքն արգելվում է այն մարդկանց, ովքեր պատվաստված չեն: Եթե այս երկու գործիքը դնում ենք նժարի վրա, բնականաբար դա ավելի խիստ մեխանիզմ  է, քան այն, ինչ առաջարկում է Հայաստանը:

-Դուք ասացիք, որ պատվաստվելու դեմ արշավ է սկսվել: Ովքե՞ր են սկսել եւ ի՞նչ շահեր ունեն:

-Չգիտեմ՝ ովքեր են սկսել, դավադրությունների տեսության կողմնակիցներ  են, եւ ինչ անհավանական բաներ կան, ասում են, եւ դա համավարակի դեմ պայքար է: Ընդ որում, բոլոր պատվաստանյութերը նույն արդյունավետությունն ունեն: Այնպես որ, լավ եւ վատ պատվաստանյութ հասկացություն չկա, եւ բոլորն էլ համարժեք են իրենց արդյունավետությամբ եւ ունեն կողմնակի ազդեցություններ:

-Բարձրաձայնումներ կան, որ պատվաստումներից հետո մարդիկ վարակվում եւ մահանում են: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Հայաստանում 300 հազարից ավել պատվաստում է իրականացվել, 100-ից քիչ դեպք է եղել, որ որեւէ գանգատով դիմել են բուժհաստատություն, մահ չկա գրանցված, վարակման դեպքեր, այո, կարող են լինել: Այդ մարդիկ թեթեւ են տանելու այդ հիվանդությունը, եւ պատվաստումները ուղղված են ծանր դեպքերը կանխելու:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի շուրջ տեղի ունեցած միջադեպի գործով նյութերի նախապատրաստման գործընթացը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս միջադեպով ՀՔԾ-ն մի շարք պատգամավորների է հրավիրել բացատրություն տալու դեպքի վերաբերյալ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը բացատրություն է տվել դեպքի մասին, պատմել է` ինչ են արել ՊՊԾ աշխատակիցներն Աննա Մկրտչյանի հետ վերոնշյալ օրը, եւ թե ինչ գործողությունների է գնացել ԱԱԾ պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանը: Աննա Մկրտչյանին եւս կանչել են ՀՔԾ, եւ նա եւս պատմել է, թե ինչպես են պետական պահպանության աշխատակիցները իր հետ վարվել, ինչի հետեւանքով ինքն անգամ վնասվածքներ է ունեցել: Ի դեպ, ՀՔԾ-ն լսել է նաեւ պետական պահպանության աշխատակիցներին, որոնք պատմել են, թե կատարել են իրենց օրենքով վերապահված գործողությունները: Այսքանից հետո թե ինչ որոշում կկայացնի ՀՔԾ-ն, կհարուցվի քրեական գործ, թե այս դեպքն էլ ծածկադմփոց կանեն, սպասենք զարգացումներին:

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի: Այս մասին որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ժամանակացույցով նախատեսված է ընդամենը մեկ քառօրյա՝ սեպտեմբերի 13-ից 16-ը, իսկ այդ ժամկետում նախագծերի քննարկումն իրատեսական չէ, քանի որ մինչ Ազգային ժողովի կողմից նախագծերի քննարկումը նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման հարցով խորհրդարանական լսումներ:

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց քննիչի որոշումը: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է: Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 68-ամյա Հովսեփյանը, որը 2004թ.-ից մինչեւ 2018 թվականների ընթացքում զբաղեցրել է նախ գլխավոր դատախազի, ապա Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

 

 

ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ ՄԵԿՆԱԾՆԵՐԸ ԼՔԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍԸ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ պահեստազորի վարժական հավաքների մասնակիցներից ոմանք լքել են զորամասը, որոնցով զբաղվում է ռազմական ոստիկանությունը: Ասել է թե՝ անձինք պատրաստակամություն են հայտնել գնալ վարժանքների, սակայն հետագայում լքել են վարժական հավաքների վայրը, ինչի արդյունքում հայտնվել են Ռազմական ոստիկանության թիրախում:

 

Դա է պատճառը, որ Պն-ն, վարժանքների մասին հայտարարություն տարածելով, շեշտում է՝ հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետեւանքներ: Երեկ հայտնի դարձավ, որ, ՀՀ կառավարության որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ:

Ըստ անհրաժեշտության՝ հավաքների մասնակիցները կներգրավվեն նաեւ մարտական հերթապահության: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից: Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետեւանքներ: Հավելենք, որ սա արդեն երկրորդ վարժական հավաքներն են, օգոստոսի 25-ից եւս այդպիսի հավաքներ էին մեկնարկել: Այդ հավաքներին ներգրավված են 2169 քաղաքացի՝ նրանցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։

Ք.Մ.

 




Լրահոս