ՀՀ գլխավոր դատախազությունում, հաշվի առնելով նաեւ 2021թ. հունիսի 20-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների շրջանում առաջացած իրավիճակները, ուսումնասիրվել է պատգամավորի թեկնածուի եւ մինչեւ պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս նրանց կարգավիճակային անձեռնմխելիության հաղթահարման՝ ՀՀ-ում գործող իրավական կառուցակարգերը:
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (90-րդ հոդվածի 5-րդ մաս) համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչեւ պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, առանց որի նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
Ուսումնասիրությունը փաստում է, որ թեեւ սահմանվել է նման իրավիճակներում ԿԸՀ դիմելու եւ վերջինիս համաձայնությունը ստանալու պայման, սակայն որեւէ կարգավորում չկա առ այն, թե որ մարմինը՝ նախաքննական մարմինը, թե դատախազը, պետք է դիմի նման համաձայնություն ստանալու, ինչ կարգով եւ ժամկետում պետք է ԿԸՀ-ն քննարկի ներկայացված միջնորդությունը, ովքեր պետք է մասնակցեն դրա քննարկմանը, եւ ինչ որոշում պետք է կայացվի։
Այս իրողությունը կարող է հանգեցնել մի վիճակի, երբ անձը ձերբակալվի հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո, եւ միջնորդություն ներկայացվի ԿԸՀ-ին՝ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն ստանալու վերաբերյալ, սակայն միջնորդությունը հանձնաժողովը քննարկի օրեր անց, երբ արդեն լրացած լինի ձերբակալման առավելագույն 72 ժամը։
Բացի այդ, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածների համեմատական բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ «պատգամավորի թեկնածու» եւ «մինչեւ պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավոր» ձեւակերպումներն ունեն տարբեր իրավական բովանդակություն, կարգավիճակի սկզբի եւ ավարտի տարբեր ժամանակահատվածներ: Ուստի առկա է անհրաժեշտություն հստակեցնել նաեւ իրավական երաշխիքներից օգտվող անձանց շրջանակը՝ ելնելով իրավական կանխատեսելիության, իրավական որոշակիության սկզբունքներից:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը մշակել եւ ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առաջարկություն: Մշակված նախագծով որոշակի իրավական երաշխիքներ են նախատեսվում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի եւ մինչեւ պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի համար: Մասնավորապես՝ վերջիններս իրավունք ունեն ծանոթանալ հարցի քննության համար ԿԸՀ-ին ներկայացված բոլոր փաստաթղթերին եւ նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները, հարցեր տալ, առարկություններ ներկայացնել, բացատրություններ տալ եւ միջնորդություններ անել, ինչպես նաեւ հանդես գալ փաստաբանի միջոցով:
Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչեւ պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ԿԸՀ-ում միջնորդում է դատախազը կամ վերադասը դատախազը՝ ներկայացնելով միջնորդության համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը: Ինչ վերաբերում է ներկայացված միջնորդությունների քննարկման եւ որոշման կայացման ժամկետների հստակեցմանը, ապա առաջարկվել է սահմանել, որ դատախազի վերոնշյալ միջնորդությունների քննարկման նպատակով ԿԸՀ նախագահը նիստ հրավիրում է անհապաղ, իսկ միջնորդության վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել ոչ ուշ, քան միջնորդության մուտքագրման հաջորդ օրը:
Հարկ է ընդգծել, որ սույն իրավակարգավորումները եւ առաջարկվող փոփոխությունները չեն վերաբերում ինչպես պատգամավորի լիազորությունը ստանձնած պատգամավորներին, այնպես էլ մինչեւ թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված այն քաղաքացիներին, որոնք դրանից հետո ընդգրկվում են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների պատգամավորության թեկնածուների ցուցակներում:
Հիշեցնենք, որ 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակներում ընտրական տարբեր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով ՀՀ դատախազությունը ՀՀ ԿԸՀ էր ներկայացրել ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 8 անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ, որոնք բոլորն էլ բավարարվել էին:
Ք.Մ.
ԿՄԱՍՆԱԿՑԻ
Օրեր առաջ որոշվել է, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
««Վերածնվող Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունների միավորմամբ ստեղծվել է «Առուշ Առուշանյան» դաշինք: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշ Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։
Առուշ Առուշանյանիը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Սարուխանյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»:
ԱԳՆ ՏԵՂԱԿԱԼ
ՀՀ վարչապետի որոշումը Վահե Գեւորգյանին արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գեւորգյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»:
ԴԱՏԱՎՈՐԸ ՀԱՅՏՆԻ Է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը կքննի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Ս. Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Որպես պահանջ ներկայացվել է նաեւ փոխհատուցում 1 միլիոն դրամը։ Հայցադիմումի հիմք է հանդիսացել օգոստոսի 25֊ին Սուքիասյանի կողմից՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունը, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 6-ին եւ նույն օրը մակագրվել դատավոր Սահակյանին։
ՊԵՏՊԱՏՎԵՐ ՉԿԱ
Դեռ 2019-ի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆինանսների եւ առողջապահության նախկին նախարարներ Ատոմ Ջանջուղազյանն ու Արսեն Թորոսյանը ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, թե այսուհետ չի լինի այնպիսի դեպք, որտեղ պետպատվերի խնդիր կունենան այցելուները: Սակայն ի՞նչ ունենք արդյունքում: Երեկ պարզ դարձավ, որ որոշ բուժհաստատություններում պետպատվերի համար սահմանված տեղերն արդեն լրացել են։ Ավելին, տարածված տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է սպասարկել այն քաղաքացիներին, ովքեր պետպատվերով տրամադրվող բուժօգնություն ստացող շահառու են։ ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՆ-ից ներքին կարգով գրություն է իջեցվել, համաձայն որի՝ դեռեւս 2004 թվականից գործող օրենքը որոշվել է որոշ ժամանակով դադարեցնել։ Ստացվում է՝ հերթական անգամ կառավարությունը խոստում է տալիս, բայց ի վիճակի չէ կատարել այն:
Ն.Հ.
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ այսօր տեղի ունեցավ միջգերատեսչական հանդիպում օտարերկրացիներին արդյունավետ եւ պարզեցված աշխատանքի թույլտվության համակարգի ներդրման թեմայով: Նոր համակարգը գործարկվելու է 2022 թ.-ի հունվարի 1-ից: Առաջիկայում նախագիծը կդրվի հանրային քննարկման: Օտարերկրացուն ներկայում աշխատանքի թույլտվություն տալիս է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ինչի հիման վրա՝ օտարերկրացին դիմում է Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչություն՝ աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու նպատակով: Նոր համակարգով այս գործընթացները միավորվում են ու ամբողջությամբ դառնում են էլեկտրոնային: Այդպիսով, դյուրացվում է գործատուի բեռը, քանի որ աշխատանքի թույլտվություն օտարերկրացուն տրվում է՝ գործատուի դիմումի հիման վրա եւ այն պարագայում, երբ թափուր հաստիքը չի համալրվում ՀՀ քաղաքացի թեկնածուով: Նոր հարթակի ներդրմամբ կրճատվում են գործընթացի ժամկետները, դյուրացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը, միեւնույն հարթակում էլեկտրոնային եղանակով հասանելիություն են ստանում ոլորտի պետական կառույցները: