Կարճաղբյուրում էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի դիրքը բարձր-լեռնային է: Համայնքի վարչական տարածքն ընդհանուր սահման ունի նաև Քարվաճառի հետ։ Գյուղի կենտրոնական փողոցները տարիների շարունակ լուսավորվել են համայնքապետարանի միջոցներով: Բյուջետային սահմանափակ միջոցների պատճառով, սակայն, այդպես էլ հնարավոր չի եղել լուսավորել դպրոցին հարող փողոցներն ու ծայրամասային երկու թաղամասը:

Խնդիրը լուծելուն աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Գործակցող կողմերը, «Էկո գյուղերի ցանց» նախագծի շրջանակում, մեկ տարի առաջ սկսել են ծրագիր իրականացնել: Գյուղում տեղակայվել է լուսադիոդային (LED) 35 լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Արդյունքում, լուսավորվել է 1300 մետր ճանապարհ. գյուղի դպրոցի հարակից թաղամասն ու երկրորդական 3 փողոց։

Աշխատանքներն իրականացվել են անկախ հանգամանքներից՝ համավարակի և պատերազմի պատճառով ստեղծված դժվար իրավիճակից: Ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող նոր, էներգախնայող համակարգը շահագործվել է անմիջապես: Իսկ պաշտոնական գործարկումը հետաձգած գործընկերները հնարավորություն են ունեցել տեղում գնահատելու կարճաղբյուրցիների գոհունակությունն ու ծրագրի արդյունավետությունը:

Նորակառույց էներգախնայող համակարգի պաշտոնական գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի գլխավոր ճարտարագետ Մարտին Մարալչյանը, Կարճաղբյուրի ղեկավար Տարոն Քոչարյան և համայնքի բնակիչները:

«Այս ծրագիրը մի քանի հարց լուծելու հնարավորություն է տալիս: Գյուղերում ենթակառուցվածքներ են զարգանում, մասամբ կրճատվում է մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը, փոխվում է բնության հարցում մարդկանց մտածողությունը. անընդհատ սպառելու փոխարեն՝ խնայելու վերաբերմունք է ձևավորվում: Եվ այդ ամենը՝ կանաչ տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Սա երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագիր է»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական և էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ, գյուղական համայնքներում էականորեն կրճատվում է ֆինանսական բեռը: Համայնքային՝ տնտեսված միջոցներն էլ ուղղվում են գյուղական կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերին:

LED լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:30: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), տարբեր համայնքներում հետևողականորեն շարունակում են ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Աշխատանքներն ընթացքի մեջ են:




Լրահոս