ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԱՏՐԱՍՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հուլիսի 26-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում շուրջ երկու ժամ տեւած հանդիպմանը որոշում էր կայացվել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով պետք է ստեղծվի: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովի ստեղծման փաստաթուղթն արդեն պատրաստ է, խորհրդարանի իշխանական ֆրակցիայի անդամներն արդեն ստորագրել են դիմումը՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի ստեղծման եւ բոլոր մնացած հարցերով անձամբ զբաղվում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա վերահսկողության տակ է գտնվելու հանձնաժողովը, ու իր ղեկավարած հանձնաժողովի անդամներն էլ քննելու են 44-օրյա պատերազմի հանգամանքները: Նշենք, որ հանձնաժողովի անդամներն են ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը, Գագիկ Մելքոնյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Սարգսյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Ղազինյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Մենք տեղեկացանք, որ քննիչ հանձնաժողովում իշխանությունը նպատակ ունի ներգրավել նաեւ արտախորհրդարանական ուժերին, հիմա այդ հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում: Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի ձեւավորումից հետո նիստերը փակ գաղտնի չեն լինելու, ինչպես Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի դեպքում: Թե երբ կսկսի հանձնաժողովն իր աշխատանքները, իշխանության ներկայացուցիչները որեւէ տեղեկություն չունեն: Մենք երեկ փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել Անդրանիկ Քոչարյանի հետ, սակայն ապարդյուն. վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է երեկ հրաժարական ներկայացրել Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը: Բանն այն է, որ անակնկալ կերպով հրաժարական ներկայացրած Թեւոնյանը, որ ամիսներ առաջ՝ 2020-ի դեկտեմբերին էր մարզպետ նշանակվել, պատրաստվում է մասնակցել Արարատ քաղաքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:  Ըստ մեր աղբյուրների՝ առաջիկայում խոշորացվող Արարատ համայնքում, որի կազմի մեջ է լինելու նաեւ Ավշար համայնքը, իշխանությունը ցանկանում է ուժեղ ու կարող թեկնածուի առաջադրել: Հայտնի է, որ արդեն մի քանի տասնամյակ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկի) «վերահսկողության» տակ գտնվող Ավշար գյուղն իշխանությունը մտադիր է վերցնել Գրիգորյան եղբայրների ձեռքից ու իրենով անել: Ահա սա է պատճառը, որ ակտիվ կենսակերպ ունեցող Ռազմիկ Թեւոնյանը, որ լավ է տիրապետում մարզին, գիտի՝ ինչ քայլերով կարող է ցանկալի արդյունքի հասնել, ազատման դիմում է գրել: Թե ինչ է սպասվում առաջիկա ընտրություններում, դժվար է ասել, բայց բոլոր ընտրությունների ժամանակ մշտապես հաղթանակ տարած Գրիգորյաններից ավելի շատ ձայն պետք է հավաքի Թեւոնյանը: Հավելենք, որ նրա պատգամավոր որդին՝ Սեդրակ Թեւոնյանը, հոր հրաժարականը պատճառաբանել էր միայն մեծ տարիքով:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արկադի Բալայանն առաջիկայում նոր պաշտոն կարող է ստանալ: Չի բացառվում, որ նրան նշանակեն Քրեակատարողական ծառայության պետ: ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գոյունյանը պաշտոնից ազատվել էր սեպտեմբերի 3-ին: Մենք տեղեկացանք, որ նա էլ առանց աշխատանքի չի մնա եւ առաջիկայում կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի մաքսային եւ հարկային վարչության պետ: Նա քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. հուլիսի 11-ից։ Իսկ, ահա, Արկադի Բալայանի փոխարեն ՀՀ ԱԻ փոխնախարար է նշանակվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության  նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Այսպիսի փոփոխություններ առաջիկայում էլի կլինեն, քանի որ իշխանությունները պետք է պաշտոնների նշանակեն իրենց բոլոր թիմակիցներին, որի հետեւանքով էլ այսպիսի փոխատեղումներ են լինում:

 

 

Հայաստանում առաջիկայում սպասվում է «Սպիտակ Իշխան»  ձկնատեսակի դեֆիցիտ. այս մասին «Ժողովուրդ»  օրաթերթին փոխանցեցին ձկնավաճառները: Նրանց պատմելով՝ մեր հանրապետության ձկնաբույծները սկսել են աստիճանաբար նվազեցնել «Սպիտակ Իշխան» ձկնատեսակի արտադրությունը: Այսինքն՝ հայաստանյան սուպերմարկետներում եւ խանութներում առաջիկայում մեծ դժվարությամբ հնարավոր կլինի գտնել «Սպիտակ Իշխան»: Դրան կփոխարինի «Կարմիր Իշխանը», որի գինն ավելի բարձր է. մեկ կիլոգրամը կազմում է 2700 դրամ։ «Սպիտակ Իշխան»-ի մեկ կգ-ն արժե 2200-2300 դրամ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»  օրաթերթը զրուցեց ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանի հետ եւ հետաքրքրվեց պատճառների մասին: Մեր հարցին ի պատասխան՝ ձկնաբույծն ասաց. «Այժմ շուկայում «Կարմիր Իշխան» ձկնատեսակի պահանջարկն է ավելի բարձր, քան «Սպիտակ»-ինը. դրանով է պայմանավորված: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում բոլորը օգտագործում են «Կարմիր Իշխան», «Սպիտակ»-ն այլեւս չի վաճառվում: Հիմա մեր մոտ էլ հանրության գերակշիռ մասն անցել է արդեն «Կարմիր Իշխանի»»:

 




Լրահոս