Պաշտոնական այցով Վրաստան այցելած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր վրաց գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարեւորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման գործում:
Հայաստանի պատվիրակության կազմում են եղել նաեւ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հանդիպել է իր վրացի պաշտոնակից Դավիդ Զալկալիանի հետ եւ հայտարարել. «Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը նաեւ նոր հնարավորություններ կընձեռի Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման համար»: Միաժամանակ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Վրաստանի արտաքին գործերի նախարար փոխվարչապետին ասել է, որ տարածաշրջանի կայունությունը խաթարում է ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու հետեւանքով ստեղծված իրավիճակը:
Ինչպես երկու երկրների վարչապետերի, այնպես էլ արտգործնախարարների հանդիպմանը անդրադարձ եղավ գերիների խնդրին: Երեք ամիս առաջ Վրաստանի միջնորդությամբ 15 հայ գերիներ էին վերադարձել Հայաստան` հատելով վրաց-ադրբեջանական սահմանը:
Նոր հնարավորությունների ստեղծման մասին դեռ Վրաստան մեկնելուց առաջ Փաշինյանը խոսել էր նաեւ կառավարության նիստի ժամանակ: Նա շեշտեց, որ Երեւանը տրամադրված է Ադրբեջանի հետ սկսել խաղաղ գործըթնացը՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում. «Կարեւորում եմ նաեւ Ադրբեջանի հետ սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու օրակարգը, եւ մենք շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հույս ունենք օր առաջ ավարտին հասցնել մեր գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացը»։
Վարչապետի այցի շուրջ ArmLur.am-ը զրուցել է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:
-Պարո՛ն Վասաձե, ի՞նչ կարող եք ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի շուրջ:
-Շատ հետաքրքիր հանդիպում եւ այց էր ստացվել: Հետաքրքիր էին այն շեշտադրումները, որոնք Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ արեց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս խոսեց իր նոր ապագայի տեսլականի մասին, որը վերաբերում էր այն օրակարգին, որ պետք է բոլոր կոմունիկացիաները ապաշրջափակվեն: Իհարկե, բոլոր մանրամասները չեն ներկայացվում, սակայն կան հետաքրքիր այլ դրվագներ եւս: Տրանսպորտի ապաշրջափակման հարցը կապված է ուղիղ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կանոնակարգման հետ: Իր հերթին Վրաստանի վարչապետը եւս նշեց, որ Վրաստանը պատրաստ է շարունակել ներդնել ջանքեր տարածաշրջանում իրավիճակի կայունացման առումով եւ դա արել է նաեւ գերեվարված զինծառայողների վերադարձի առումով:
-Այսինքն՝ ընդհանուր առմամբ այցը դրակա՞ն եք գնահատում:
-Իհարկե, նրանք խոսել են, բացի քաղաքական հարցերից, տնտեսական, մշակութային հարցերի եւ ոլորտներում համագործակցության մասին: Իհարկե, Հայաստանն ու Վրաստանը հատկապես տուրիզմի ոլորտում կարող են հիանալի համագործակցել իրար հետ, եւ լավ փորձ կա այդ մասով: Տնտեսական առումով մեզ պետք է ամենն անել, որ հայկական բիզնեսը Վրաստանում եւ վրացական բիզնեսը Հայաստանում իրենց հարմարավետ զգան: Իհարկե, փոքրածավալ են, սակայն էական չէ: Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը իր կողմից պատրաստ է նպաստել, որ լուծվեն տարածաշրջանում առկա խնդիրները եւս՝ ակնարկելով նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա կոնֆլիկտը: Անկախ այն հանգամանքից, թե որքանով են իրականանալի այն խոստումները, որ տրվել են հանդիպման ժամանակ, արդեն իսկ ուրախալի է այն փաստը, որ այդ հանդիպումը կայացել է: Իհարկե, սա նրանց առաջին հանդիպումը չէ, սակայն նման քննարկումները միշտ դրական արդյունք են տալիս, եւ պետք է հետեւել զարգացումներին:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԿՄԵԿՆԵՆ ՄՈՍԿՎԱ
Սեպտեմբերի 17-ին, 18-ին եւ 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Պետդումայի ընտրություններ են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 16-ից մինչեւ սեպտեմբերի 21-ը դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանից դիտորդներ կուղեւորվեն Մոսկվա: ՀՀ վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` դիտորդական առաքելության կազմում ներառվել են վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կ. Գասպարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի վարչության մասնագետ Թ. Հովնանյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Գեւորգյանը։ Նշենք, որ Ռուսաստանի կոշտ ընդդիմությունն ընտրություններին չի մասնակցելու։ Ալեքսեյ Նավալնին հունվարից կալանավայրում է, իսկ նրա թիմակիցների մեծ մասը հրաժարվել է պայքարից: Միեւնույն ժամանակ ԵԱՀԿ-ն դիտորդներ չի ուղարկելու Պետդումայի ընտրություններին: «ԵԱՀԿ-ն չի կարողանա դիտորդներ ուղարկել Պետդումայի առաջիկա ընտրություններին, քանի որ Ռուսաստանի իշխանությունները, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով պայմանավորված, նոր կանոններ են սահմանել»,- ասված է նրանց կողմից տարածված հայտարարությունում։
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են, ընդ որում՝ բնակարանների գների բարձրացում արձանագրվել է բոլոր վարչական շրջաններում: Ավելին՝ մասնագետները կանխատեսում են, որ առաջիկայում անշարժ գույքն է՛լ ավելի է թանկանալու: ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին հունիսի համեմատ կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 3100 դրամով. այն գերազանցում է 1250 դոլարը: Եթե հունիսին Փոքր Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 622 հազար դրամ, հուլիսին այն դարձել է 625 հազար 100 դրամ: Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 4800 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 1200 դրամով: Իսկ, ահա, Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի գինը բարձրացել է 2100 դրամով: Աջափնյակ վարչական շրջանում հուլիսին, հունիսի համեմատ, բնակարանի մեկ քմ-ի գինը զգալի բարձրացել է՝ 1600 դրամով: Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանում հուլիսին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 323 հազար 500 դրամով, Ավանում` 294 հազար 200 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 292 հազար 500 դրամով, Նոր-Նորքում` 301 հազար 500 դրամով: Բնակարանի գինը բարձրացել է նաեւ Նուբարաշենում, որտեղ հունիսին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 178 հազար դրամ, իսկ հուլիսին՝ 178 հազար 300 դրամ:
ՆՈՐԻՑ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՄՐՈՒՑ
«Նժդեհյան ցեղակրոն», «Հայք» (Հայկազուններ) ու Քրիստոնեաժողովրդական կուսակցությունների միավորումից ձեւավորված «Գյումրին կռնա» դաշինքը նույնպես կմասնակցի Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
Քաղաքապետի թեկնածուն Վարդան Սրտաշյանն է, որ ուժերը 2018-ի խորհրդարանական արատահերթ ընտրությունների ժամանակ էր փորձել՝ Լեւոն Շիրինյանի հետ համագործակցությամբ: Ընտրություններից հետո, սակայն, գյումրեցի երիտասարդ տղան բազմիցս է հայտարարել, թե որքան է զղջացել Շիրինյանի հետ թեկուզ կարճ ժամանակ համագործակցելու համար: ArmLur.am-ի հետ զրույցում Սրտաշյանը նշեց, որ իրենց թիմում մաքուր, կեղտոտ թեմաների մեջ չթաթախված, արժեք ստեղծած մարդիկ են: Ընդգծեց՝ ո՛չ «սեւ», ո՛չ էլ «սպիտակ» են, բաժանարար գծեր չեն դնում ու մարդկանց վերջապես ռեալ այլընտրանք են առաջարկելու:
-Բայց մարդիկ սիրում են «սեւի ու սպիտակի» մեջ ընտրություն կատարել:
-Ոչ, ես համաձայն չեմ Ձեզ հետ, «սեւ- սպիտակը» արհեստական օրակարգ է, մարդիկ էլ ստիպված ընտրություն են կատարում վատի ու վատթարագույնի միջեւ: Ընտրությունն այլընտրանքն է, ու մենք առաջարկում ենք դա:
-Որտեղի՞ց համոզումը, որ գյումրեցիներն առաջնորդվելու են այլընտրանքը տեսնելու ու ընտրելու, այլ ոչ թե ԽԾԲ-ի սկզբունքով:
-Ճակատագրական այս պահերին մարդիկ պետք է հասկանան, որ ծանոթ-բարեկամի ընտրելու պատճառով է, որ հասել ենք այս վիճակին: Սա ուղղակի ՏԻՄ ընտրություն չէ: Մեր կարգախոսն է՝ «սկսենք Գյումրիից», այսինքն՝ Գյումրիով ազգային զարթոնք ենք նախատեսում:
-Դե մի անգամ էլ Գյումրիից սկսեցին…
-Է հիմա ի՞նչ անենք, բոլորն էլ ուզում են Գյումրիից սկսել, բայց սկսողը գյումրեցի չէր:
-«Քաղաքացիական պայմանագրից» առաջիկա ընտրություններին համագործակցելու առաջարկներ եղե՞լ են:
-Ընդամենը 10-ն օր առաջ ՔՊ-ի համակիրը «տապոռով» մեզ վրա էր հարձակվել. ո՞նց եք պատկերացնում, որ Նիկոլը մեզ համագործակցելու առաջարկ աներ:
Զրուցեց ՍԵՒԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ