ՆՈՐ ԴՐՎԱԳՆԵՐ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց՝ «Պատերազմի դասերը» վերնագրով: Իրավապաշտպան կառույցը նշում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի հենց առաջին օրը երեխաներ են զոհվել: Սեպտեմբերի 27-ին Մարտունու շրջանում արկի պայթյունից սպանվել է 9 տարեկան Վիկտորիա Գեւորգյանը: Նույն օրն Ադրբեջանի Նաֆթալան քաղաքում արկից զոհվել են 13-ամյա Շահրիյար Գուրբանովը, նրա զարմիկը՝ 14 տարեկան Ֆիդան Գուրբանովան եւ ընտանիքի երեք այլ անդամներ:

 

Վկայակոչելով տարբեր աղբյուրների հրապարակած փաստաթղթեր՝ Human Rights Watch-ը նշում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմում սպանվել է ավելի քան 150 խաղաղ բնակիչ: Զոհերի թվում կա առնվազն 10 ադրբեջանցի երեխա: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները: Մեծ թվով բնակիչների տներ ավերվել են:

Human Rights Watch-ի փորձագետները ներկայացնում են այդ դաժան պատերազմի սարսափելի քրոնիկոնը՝ «հոկտեմբերի 2, Թարթառ ադրբեջանական քաղաք, հրետանու հարվածների հետեւանքներ, Թարթառը լի էր ռազմական տրանսպորտային բեռնատարներով եւ շուրջ բոլորը ռազմական դիրքեր էին», սակայն Human Rights Watch-ը հանգել է այն եզրակացությանը, որ հայկական ուժերի կողմից քաղաքի ներսում խիտ բնակեցված քաղաքացիական տարածքների վրա հարձակման համար ոչ ճշգրիտ, պայթուցիկ սպառազինության բազմակի կիրառումը եղել է անխտրական եւ, հետեւաբար, անօրինական: Հաջորդ օրը արկերը հարվածել են Թարթառի դպրոցի շենքին: Ստեփանակերտում հարվածի է ենթարկվել թիվ 10-ը դպրոցը, հրետակոծության ենթարկված այլ դպրոցներից են թիվ 12-ը, թիվ 1 մանկապարտեզը, երաժշտական դպրոցը եւ Հայ ավետարանական ընկերակցության մանկապարտեզը: Հոկտեմբերի 8՝ «Սմերչ» հրթիռն ընկել է Բարդա ադրբեջանական ավանի թիվ 5 միջնակարգ դպրոցի բակում, շենքն ավերվել է, այդ մասին պատմել է դպրոցի մոտ գտնվող տանն ապրող ուսուցչուհին:

Հոկտեմբերի 15-ին հարվածի է ենթարկվել եւ մեծ վնաս է կրել Ղարաբաղի Կարմիր շուկայի միակ դպրոցը, որի շենքն այդ օրերին ծառայել է որպես հոսպիտալ: Հոկտեմբերի 17՝ «Սկադ» հրթիռը հարվածել է Գյանջային, զոհվել է 21 մարդ: Հոկտեմբերի 23-ին ադրբեջանական հրթիռը հարվածել է Ասկերանի արվեստի եւ երաժշտության դպրոցին, որի նկուղն օգտագործվել է որպես հոսպիտալ, շենքը սարսափելի վնասներ է կրել:

Պատերազմից հետո այն տարածքներում, որոնք պետք է փոխանցվեին ադրբեջանցիների հսկողության, հայ բնակիչներն այրել են իրենց տները, նոյեմբերի 22-ին Human Rights Watch-ը գրանցել է, որ Քելբաջարում Եղեգնուտ գյուղի դպրոցի շենքն այրվում է: Ըստ Human Rights Watch-ի՝ տեղի հայկական իշխանությունները ներգրավված են եղել դպրոցները եւ այլ ենթակառուցվածքը հրկիզելու գործում: 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում կար 220 դպրոց, որտեղ սովորել է մոտ 24 հազար աշակերտ: Նոյեմբերի դրությամբ այդ դպրոցներից 107-ը, որտեղ գրանցված էր 6834 աշակերտ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Վերադարձող անձնակազմը պարզել է, որ շատ դասարաններ թալանվել են: Հայկական կողմի վերահսկողության ներքո գտնվող Մարտունիում ականանետերից, ինչպես նաեւ «Գրադ» տեսակի հրթիռներով նոյեմբերի սկզբին հինգ անգամ հրետակոծվել է թիվ 1 դպրոցը: Դեռ նոյեմբերին այդ շենքերում տեղակայված են եղել բանակի ստորաբաժանումներ: Մարտունիում դպրոցը վնասվել էր դեռ առաջին պատերազմում, բայց երկրորդում էլ հարվածի ենթարկվեց: Կարինե Պողոսյանի փոխանցմամբ՝ հենց զինվորականները դուրս են եկել, դպրոցից կոլեկտիվը սկսել է մաքրել շենքը, եւ ամեն ինչ արվել է ուսումնական աշխատանքը վերսկսելու համար:

Ո՞րն է հետագա ճանապարհը: Human Rights Watch-ի համոզմամբ՝ մինչ Ադրբեջանը եւ Հայաստանը դպրոցներ են կառուցում եւ վերանորոգում, երկու կողմերն էլ պետք պարտավորվեն երաշխավորել, որ բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցողները, այս ուսումնական տարում կունենան դպրոցի հասանելիության հնարավորություն: Ամերիկացի ռազմական վերլուծաբաններն ուսումնասիրում են Թուրքիայի եւ Իսրայելի անօդաչու թռչող սարքերի՝ դրոնների դերը մարտադաշտում Ադրբեջանի հաջողության հասնելու գործում: Դրանք կործանարար ազդեցություն են գործել կրթությանը վրա: Անօդաչու թռչող սարքերը հարվածել են դպրոցներին եւ վիրավորել առնվազն մի երեխայի:

Ադրբեջանը նաեւ պետք է միանա Անվտանգ դպրոցների հռչակագրին: Հակամարտությունը եւ դրա հետեւանքները ցույց են տալիս կրթությունը հարձակումներից պաշտպանելու գլոբալ նորմերի նկատմամբ պարտավորությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

Ն.Հ.

 

 

ԿԴԱՌՆԱ ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպվելու է՝ դառնալով «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպություն: Կառավարության կողմից արդեն հաստատվել է նաեւ ՊՈԱԿ-ի կանոնադրությունը:  Նոր որոշմամբ՝ խորհրդի անդամները 24-ի փոխարեն 20-ն են լինելու, հիմնադրի անունից  խորհրդի անդամներ է առաջադրելու Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը): Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը): Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ։ Խորհրդի նախագահը չի կարող լինել համալսարանի հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս):

 

 

ՆԻՍՏ ԿԳՈՒՄԱՐԵՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Նիստ հրավիրելու պահանջով հանձնաժողովին է դիմել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ Ազգային ժողովում նոր մշտական հանձնաժողով ստեղծելու մասին նախագծով: Նախագծի հիմնական զեկուցողը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է, հարակից զեկուցողը՝ իշխանական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Ըստ նախագծի հեղինակի՝ պետք է ստեղծվի արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով, որն իր մեջ պետք է ներառի միջազգային կառույցների հետ փոխհամագործակցություն եւ կապեր Արցախի հարցի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը օգոստոսի 6-ի նիստում 67 կողմ, 27 դեմ ձայներով ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով ԱԺ-ն պետք է ունենա 12 մշտական հանձնաժողով, ու մերժեց խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկը, որով 12 մշտական հանձնաժողովների շարքում էր նաեւ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Այս նախագիծը ստացավ 33 կողմ ձայն, 67 ՔՊ-ական պատգամավոր ձեռնպահ էր քվեարկել: Հիմա «Հայաստան» խմբակցությունը փորձում է հարցը նորից օրակարգային դարձնել, բայց թե դրան ընդդիմադիր ֆրակցիային կհաջողվի հասնել, դժվար է ասել:

 

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի հետ` պարզելու համար, թե որքանով են իրական այն տեղեկությունները, որ վերջինիս հայրը` Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, հրաժարական է ներկայացրել: Պատգամավորը հայտարարեց, որ հայրը հրաժարական է ներկայացրել, բայց դա որեւէ քաղաքական կամ այլ նպատակ չի հետապնդում: Ըստ պատգամավորի` հայրն արդեն մեկ տարի է, ինչ մարզպետի պաշտոնին էր, ու պաշտոնն էլ հավերժ չէ: Իշխանական պատգամավորից փորձեցինք պարզել, թե արդյոք հոր հրաժարականը կապված է այն լուրերի հետ, ըստ որոնց՝ հայրենի իշխանությունը պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, որով Ադրբեջանին է տալիս Տիգրանաշենը: Թեւոնյանն ասաց, որ որեւէ նման բան չկա, հայրը ուղղակի որոշել է, որ այլեւս չի ցանկանում պաշտոնավարել: Նշենք, որ Արարատի արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը առավոտվանից կտրականապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հայ ազգային կոնգրեսի վարչությունը սեպտեմբերի 8-ին կայացած նիստում քննարկել է Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 17-ին նշանակված ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ «Նկատի ունենալով Սյունիքի շուրջ ծավալվող իրադարձությունները կուսակցության ուշադրության կենտրոնում պահելու եւ, ըստ այդմ, մարզում կուսակցության գործունեությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը, Սյունիքի եւ, մասնավորապես, Գորիս խոշորացված համայնքի զարգացման ծրագրերին Կոնգրեսի մասնակցության ապահովման կարեւորությունը՝ վարչության որոշմամբ՝ Հայ Ազգային Կոնգրեսը սեփական ցուցակով կմասնակցի Գորիս համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին»,- այս մասին հայտնում են ՀԱԿ-ից: Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։

 

 

ՑԱՎԱԿՑԵԼ Է

Արմեն Սարգսյանը ՌԴ արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչեւի ողբերգական մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Ընդունե՛ք իմ խորին ցավակցությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչեւի ողբերգական մահվան կապակցությամբ, որն անձնվիրաբար ծառայեց իր ժողովրդին ու հայրենիքին եւ զոհվեց ծառայողական պարտականությունները կատարելիս»,- մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

 




Լրահոս