ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԿԱՍԵՑՎԱԾ ԳՈՐԾԵՐԸ ԿՎԵՐԱԲԱՑՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ. օգոստոսի 28-ին ամբողջությամբ ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-307-Ն օրենքը, որով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ի թիվս այլնի, ներդրվել է մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու կառուցակարգը: Համաձայն դրա՝ մեղադրյալի բացակայությամբ վարույթը կամ հեռակա վարույթը իրականացվում է այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը եւ նաեւ գործընթացից մանրամասներ ներկայացրել:

 

Այս ինստիտուտը հնարավորություն է տալիս մեղադրյալի կողմից քրեական վարույթին մասնակցելու իրավունքից միտումնավոր հրաժարվելու եւ, որպես հետեւանք, գործի քննությանը չմասնակցելու դեպքում շարունակել վարույթի հետագա ընթացքը ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության փուլերում, ինչպես նաեւ կայացնել դատավճիռ՝ ամբաստանյալի բացակայության պայմաններում:

Նման ինստիտուտի նպատակն է ապահովել ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը, տուժողների արդարադատության մատչելիությունը, ինչպես նաեւ մասնավոր եւ հանրային շահերի ողջամիտ հավասարակշռումը:

Հեռակա վարույթի ինստիտուտը կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ քրեական հետապնդման վիճակում գտնվող անձի բացակայության պայմաններում դատաքննության իրականացման անհնարինությունը կարող է կաթվածահար անել քրեական վարույթը, հանգեցնել ձեռք բերված ապացույցների տարածման, քրեական հետապնդման ժամկետների սպառման եւ արդարադատության ձախողման։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» վերոնշյալ օրենքը սահմանել է, որ հեռակա վարույթ չի կարող իրականացվել, եթե մեղադրյալը պատշաճ ծանուցված չէ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, կամ վարույթին մասնակցելն անհնարին է՝ իր կամքից անկախ հանգամանքներով, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ չեն ձեռնարկվել անհրաժեշտ եւ բավարար միջոցներ գործի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար, մեղադրյալն անչափահաս է կամ արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակ վիճակում կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, կամ առկա է մեղադրյալի այդպիսի վիճակում լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է վեր հանել մեղադրյալի բացակայության հիմքով վարույթը կասեցված՝ ինչպես մինչդատական, այնպես էլ դատարանի վարույթում գտնվող բոլոր գործերը եւ օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում քննարկել վերը նշված, ինչպես նաեւ ընթացիկ բոլոր այն քրեական գործերով հեռակա վարույթ կիրառելու հնարավորությունը, որոնցով առկա է հետախուզվող անձ:

ՀՀ գլխավոր դատախազն անհրաժեշտ է համարել յուրաքանչյուր այդպիսի դեպքում գործադրել օրենքով դատախազությանը վերապահված ողջ գործիքակազմը, բոլոր միջոցները՝ հեռակա վարույթի շրջանակներում հանցագործությունների, հատկապես ծանր եւ առանձնապես ծանր, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը նպասելու, նախաքննության փուլում գտնվող գործերի քննություններն արագացնելու եւ ելքերն ապահովելու նպատակով:

Ք.Մ.

 

 

ԿՈՒՂԱՐԿՎԻ ՎՃՌԱԲԵԿ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Գեւորգ Լոռեցյանի գործը կգնա Վճռաբեկ դատարան: Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժել էր նրա խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանի միջնորդությունը: Լոռեցյանը 2 տարի է, ինչ կալանքի տակ է:

Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կալանքի փոփոխման հարցով նիստի ժամանակ Արմեն Բեկթաշյանը հեռախոսով է զբաղված եղել, ինչը նկատել են նիստի մասնակիցները:

Գեորգ Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանն ասաց. «Ես պարոն Բեկթաշյանին չեմ մեղադրում: Չէ՞ որ շատ դժվար է իրավաբանորեն ճիշտ գնահատել նախաքննության նյութերի բացակայության պայմաններում դատաքննության փուլում անձին կալանքի տակ պահելու ապօրինությունը եւ դրան զուգահեռ ողջ նիստի ընթացքում զբաղված լինել հեռախոսով»:

Ասել է թե՝ դատավորը նիստից կարեւոր այլ գործով է զբաղված եղել:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը, ինչպես նաեւ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: Ընդ որում, վերջիններս չէին ընդունում իրենց մեղադրանքը, եւ նախաքննական մարմինը, շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով, քրեական գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Ի դեպ, նախաքննության ավարտից հետո պարզ դարձավ, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրաքների ծավալը էականորեն կրճատվել է։ Մասնավորապես, հարուցված քրեական գործի նախաքննության փուլում վերացվել է «պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու» վերաբերյալ մեղադրանքը։ Լոռեցյանին մեղսագրվում էր նաեւ առանձապես խոշոր չափերի՝ 13 մլն 448 հազար դրամ կաշառք ստանալու առաջարկն ընդունելը։ Այս մեղադրանքի մասով կրճատվել է մեղսագրվող կաշառքի չափը՝ 13 մլն-ից իջեցվելով 2 մլն-ի։ Ի դեպ, նախկին փոխնախարարի մասով ԱԱԾ-ում եւս մեկ քրեական գործ է քննվում:

Ք.Մ.

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Նախարարությունից հայտնում են, որ ներկաները քննարկել են Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցության՝ Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ՝ Պահպանողական, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Լուսավոր Հայաստան», «Ազատ դեմոկրատներ», «Արդար Հայաստան», Ազատական եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցություններից։ Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նրանց հանդիպման հրավերն ընդունելու ու բոլոր քաղաքական ուժերին միավորող ամենակարեւոր հարցի՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեկ սեղանի շուրջ հավաքվելու ու կառուցողական տրամաբանության մեջ երկխոսելու պատրաստակամության համար։

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ

ՀՀ պաշտպանության նախարարը սեպտեմբերի 9-ին ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին եւ Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ մանրամասնելով, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Հանդիպման սկզբում, պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, Արշակ Կարապետյանը շնորհավորել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին եւ հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում: Նախարարը ՌԴ 102-րդ ռազմական բազայի հրամանատարի պաշտոնում նշանակվելու առիթով շնորհավորել է նաեւ գնդապետ Դմիտրի Օվչարովին եւ  կարեւորել  Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանման դերն ու նշանակությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է  գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաեւ Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։ Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

 




Լրահոս