ԱՐՑԱԽՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջրի հարցը Արցախում խիստ է արտահայտված։ Ստեփանակերտում բնակչության 20%-ը  զրկված է ջրից, համայնքների մեծ մասում այդ խնդիրը գրեթե 80%-ով է արտահայտված։ «Կան համայնքներ, որտեղ ջրամատակարարումը ռեժիմով է, կարող է շաբաթվա ընթացքում մեկ- երկու օր ունենան»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

 

«Խնդիրը մի քանի գործոններով է պայմանավորված. առաջին գործոնը տաք եղանակային պայմաններն են եւ ջրային ռեսուրսների սակավությունը, երկրորդը Ստեփանակերտի բնակիչների աճն է, իսկ երրորդ գործոնն այն է, որ ջրային որոշ ռեսուրսներ մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ»։

Անդրադառնալով բջջային կապի եւ համացանցի խափանումներին՝ Ստեփանյանը նշեց. «Տեւական ժամանակ է՝ այդ խնդիրը առկա է, մեկ ամսից ավել է՝ բջջային կապը եւ համացանցն աշխատում են խափանումներով։ Ադրբեջանական կողմը հատուկ տեխնիկական միջոցներով խլացնում է բջջային կապի եւ համացանցի սփռումը։ Սա նախկինում եւս լինում էր, բայց այն ժամանակ, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք էինք այցելում Արցախ»։

Ստեփանյանը նշեց, որ խնդրի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։ Խոսելով Ստեփանակերտում պարբերական բնույթ կրող հոսանքազրկումների մասին՝ Գեղամ Ստեփանյանը շեշտեց, որ դրանք լուրջ անվտանգային խնդիրներ կարող են առաջացնել։ «Սա պայմանավորված է նրանով, որ Արցախը մեծամասամբ սնվում է Սարսանգի ջրամբարին կից կառուցված ՀԷԿ-ից, որի հզորությունը չի բավականացնելու Արցախի ամբողջ տարածքին հոսանքով ապահովելու համար, դրա համար պարբերաբար խափանումներ են լինում։ Եթե հստակ քայլեր չձեռնարկվեն էներգետիկ անվտանգություն ապահովելու համար, եկող տարվա աշնանը լուրջ խնդիրներ ենք ունենալու»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նաեւ նշեց, որ Ստեփանակերտի բնակչությունը ավելացել է շուրջ 13.000-ով, եւ սրանով սրվել է բնակարանային ապահովման հարցը։ «Պատերազմից առաջ եւս Ստեփանակերտում բնակարանային ֆոնդի լուրջ խնդիր կար, հիմա այդ խնդիրը ավելի խիստ է արտահայտվում, մարդկանց մի մասը տեղավորվել է հյուրանոցներում, մի մասը՝ հանրակացարաններում, քիչ թե շատ կարգի բերված նկուղներում, որտեղ սանիտարահիգիենիկ պայմանները ապահովված չեն»։ Հարցին` կա արդյոք հացի եւ պարենի խնդիր՝ կապված այն հանգամանքի հետ, որ գյուղատնտեսական նշանակության շատ հողեր օկուպացվել են ադրբեջանցիների կողմից, Ստեփանյանը նշեց, որ մինչ այս պահը նման խնդիր չի արձանագրվել։

Պատերազմից հետո խնդիրները թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում նույնաբնույթ են։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից սահմանին իրականացվող գործողությունների քաղաքականությունը նույնն է, ամբողջությամբ հիմնված է միասնական թշնամական քաղաքականության վրա։ Այս մասին ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։ Անդրադառնալով սահմանային բնակավայրերում տիրող իրավիճակին` Թաթոյանը շեշտեց, որ ակնհայտորեն խախտված է ՀՀ քաղաքացիների կյանքի, անվտանգության, սեփականության իրավունքները։ «Թիրախային կրակոցներ եւ հարձակումներ են տեղի ունենում սահմանային բնակավայրերի ուղղությամբ, օրինակ` հովիվների վրա։ Մարդիկ մշակում են իրենց հողը, ադրբեջանական զինված ուժերը անօրինական իջնում են իրենց դիրքերից, մտնում մեր տարածք, ասում են` սա մեր հողն է։ Ունենք նաեւ սեփականության իրավունքի խախտման դեպքեր։ Կան հստակ կադաստրային վկայականներ, որտեղ երեւում է, որ մարդիկ ժառանգություն են ստացել այդ հողը, բայց այդ տարածքում հիմա գտնվում են ադրբեջանցիներ։ Խախտվել է քաղաքացիների տեղաշարժման, ջրի եւ սանիտացիայի իրավունքները։ Հայաստանում ունենք գյուղեր, որտեղ ջուր չկա այն պատճառով, որ ադրբեջանական զինված ուժերը ջրավազանների մոտ են։ Ադրբեջանցիները լարվածություն են մտցնում մեր հասարակության շրջանում, որը դրսեւորվում է տարբեր կերպ, օրինակ` ինֆորմացիոն հարձակումների միջոցով»։

Ն.Պ.

 

 

21 ՋՐՄԱՂԻՉ ՊՈՄՊ Է ՏԵՂԱԴՐՎԵԼ

Ներգնա զբոսաշրջության ոլորտի գործարար, Տավուշի մարզի բնակիչ Գարիկ Փայտյանը համացանցում  գրել է, որ իրենց գյուղի՝  Նորաշենի առանձնատների կեսից ավելին 15 օր խմելու ջուր չունի, գյուղը   խմելու ջուր է ստանում Միափոր սարի լանջերից՝ Խնձորուտ  գետի վտակից  շուրջ 30 կմ ձգվող ջրատարով։ Մոտ կես դար առաջ կառուցված խողովակաշարը  ժամանակի ընթացքում մաշվել է, ձորերում ջրի մեծ ճնշումը պոկում է խողովակը։ Նորաշենի գյուղի խմելու  ջրի խնդրի վերաբերյալ   Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն  Մանուչարյանը հայտնեց, որ  խմելու ջրագծի վթարը վերացնելու համար ինքը երկու օր գտնվել է Նորաշենում, առաջիկայում   Նորաշենում  խմելու նոր ջրագիծ  է կառուցվելու, ծրագրի արժեքը մոտ  200 միլիոն դրամ է։ Խոշոր համայնքի ղեկավարը հայտնեց, որ վերջին տարիներին, կապված կլիմայի գլոբալ փոփոխությունների, չոր եղանակի  հետ, պակասել է ջրակունքներում, աղբյուրներում   ջրի քանակը։ Բերդի տարածաշրջանի շատ գյուղեր սնուցվում են  տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող ջրակունքներից, խողովակաշարերը հին են, մաշված, դրանք հաճախ շարքից դուրս են գալիս։  Մամունչարյանը հայտնեց, որ Բերդ խոշոր համայնքի գյուղերում  տեղադրել են  21 ջրամղիչ պոմպ, որոնց  միջոցով խորքային  հորերից ջուրը մղվում, տրվում է բնակչությանը։ Նա ասաց, որ  Բերդ համայնքը ակտիվ է սուբվենցիոն  ծրագրեր  իրականացնելու գործում։  Տավուշի մարզից  կառավարություն  ներկայացված, հաստատված սուբվենցիոն ծրագրերի կեսը բաժին է ընկնում Բերդ խոշոր համայնքին։

 

 

ՍԵՐՄԱՑՈՒԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԲԱՐԴԱՑԵԼ Է

Վերին Կարմիրաղբյուր համայնքի երկարամյա ղեկավար, այժմ Բերդ համայնքի Վ. Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը տարիներ շարունակ զբաղվում է Ռուսաստանից աշնանացան ցորենի էլիտար սերմացու Հայաստան ներկրելով եւ այն  ՀՀ-ում տարածելով։ Նա այդ նպատակով մեկնում է  ՌԴ Ստավրոպոլի երկրամաս։ Սերմացուն Ռուսաստանում գնելու համար  Կ. Չոբանյանի ռուսաստանաբնակ   եղբայրը նրան պարտքով գումար է տալիս։  Բնակավայրի  վարչական ղեկավարին  օրենքով արգելված է գործարարությամբ զբաղվել, Կ. Չոբանյանը հացահատիկ ներկրող ընկերությունը գրանցել է իր աղջկա անունով։ Նա  հայտնեց, որ  2021թ. օգոստոսի 17-ին  կառավարությունը որոշում է ընդունել, որ Հայաստան ներկրվող ցորենի սերմացուն  պետք է լինի ախտահանված։ Նա  ճիշտ է գտնում դա, սակայն  այդ որոշումն ուշացած է համարում, Ռուսստանում արդեն պարկերի մեջ տեղավորված էր  ՀՀ  ներկրվելիք սերմացուն, այդ որոշումից հետո սերմացուն  պարկերից հանել են, ախտահանել,   տեղավորել են մոտ կես տոննա տարողությամբ մեծ պարկերում։    Հայաստանի շատ գյուղերում չկա  այդ պարկերը բեռնատարից   իջեցնող տեխնիկա, 500 կիլոգրամանոց պարկերի տարողությունը բաժանելու  գործը ժամանակատար է։  Կ. Չոբանյանն  ասաց, որ կառավարության որոշումը ուշ լինելու պատճառով ինքը զգալիորեն կրճատել է Հայաստան սերմացու ներկրող խոշոր   բեռնատարների թիվը։ Նա դժգոհեց, որ անցյալ տարի  երկամտահարկ է  սահմանվել Հայաստան ներկրված  հացահատիկի սերմացուի համար, ինքը դրա հետեւանքով  վնասներ է կրել։ Նա  վնասներ է կրել նաեւ ներկրված սերմացուի ամեն կիլոգրամի  համար պետբյուջեից  70  դրամ փոխհատուցման գումարների փոխանցման  ուշացումից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐՏՎԵՑ

«ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդներն այսուհետ կձեւավորվեն միասնական մոտեցմամբ. դրանց թվակազմը նվազեցվել է մինչեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով սահմանված շեմը՝ 20 անդամ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից՝ հորդորելով.

 

«Ներկայացուցչական համամասնությունը՝ պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողություն, բուհի հիմնադրի եւ լիազորված մարմնի ներկայացուցիչներ, բաշխվել է հավասարապես? խորհրդի ձեւավորող յուրաքանչյուր կողմին հատկացվում է կազմի 25 տոկոսը ձեւավորելու իրավունք` 5-ական անդամի ներկայացվածություն։

Հոկտեմբերի 8-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը նմանօրինակ որոշում է կայացրել՝ փոփոխություններ կատարել Կառավարության մի շարք որոշումներում՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում։ Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման եւ բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումները համակարգային դարձնելու նպատակադրությամբ։

Ներկայում 16 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից 12-ն ունեն հիմնադրամների կազմակերպական-իրավական ձեւ, իսկ 4-ը՝ պետական ոչ առեւտրային կազմակերպության: Դրանց գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքներով եւ համապատասխան բուհերի՝ հիմնադրի հաստատած կանոնադրություններով։

ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձեւավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ եւ բուհերի կանոնադրություններում այժմ սահմանված են խորհուրդների տարբեր թվաքանակներ՝ 32 կամ 24 հոգի (ոչ պակաս, քան 20, եւ ոչ ավելի, քան 32), իսկ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով նախատեսված ներկայացուցչական համամասնությունը բաշխված է հավասարապես՝ խորհրդի ձեւավորող յուրաքանչյուր կողմին հատկացվում է կազմի 25 տոկոսը ձեւավորելու իրավունք։

Ներկայացվածության նման բաշխվածությունը եւ գործող թվաքանակը երբեմն բացասաբար են անդրադառնում խորհուրդների՝ կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության վրա, որոշ դեպքերում հանգեցնում խորհուրդների նախագահների եւ ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը։

Ընդունված որոշմամբ փաստացի պահպանվում են բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման՝ նախկինում գործող համամասնությունները, ըստ որի՝ խորհրդում ներգրավված բոլոր կողմերն ունեն հավասար ներկայացվածություն։ Ակնկալվում է, որ պետական բուհերի կանոնադրություններում առաջարկվող փոփոխություններով կապահովվի վերջիններիս բնականոն գործունեությունը:

Որոշմամբ սահմանվել է նաeu, որ բարձրագույն ուսումնական  հաստատությունների խորհուրդները կձեւավորվեն մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ գործող խորհուրդները կշարունակեն իրենց լիազորությունների իրականացումը, որոնք կդադարեն նոր խորհուրդների ձեւավորման պահից»:

Ս.Գ.

 

 




Լրահոս