Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկեց «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով համաժողովը: Համաժողովը մեկ վայրում է համախմբել տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների եւ առաջատար գիտնականների ու փորձագետների՝ քննարկելու համաշխարհային հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանության հարցը, ինչպես նաեւ մշակելու ամբողջ աշխարհում կրոնական ազատության եւ մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ առաջարկություններ, որոնք կարող են լայնորեն կիրառվել հետագայում:
Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ողջույնի խոսքում կարեւորեց կրոնի եւ հոգեւորականների դերն ու գործունեությունը կրոնական ազատության եւ խաղաղության գործում:
«Բարձրաշնորհ հոգեւոր հայրե՛ր, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ուրախ ենք ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով համաժողովի առթիվ: Գնահատելի են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում գործող Արցախի հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի եւ հանձնախմբի ջանքերը՝ այստեղ մեկտեղելու ազատության, խաղաղության վեհ գաղափարների համար իրենց ծառայությունն աշխարհին բերող նվիրյալներին, որոնց համատեղ ջանքերի համագումարը մեծապես կնպաստի այդ գաղափարների վերարժեւորմանն ու ամրապնդմանը: Ազատության եւ խաղաղության գաղափարները մարդկության պատմության տարեկիցներն են եւ այսօր էլ շարունակում են մնալ արդիական, մանավանդ երբ աշխարհի տարբեր մասերում բռնությունների, հակամարտությունների եւ պատերազմների առկայությունը հաճախ փորձ է արվում հիմնավորել ազատության կամ խաղաղության հաստատման կեղծ օրակարգով», – ասաց Կաթողիկոսը:
Գարեգին Բ-ի խոսքով՝ առանց ազատության եւ խաղաղության վերաբերյալ կրոնական վսեմ ըմբռնումի հնարավոր չէ հասնել մարդկային ազատությունների ու իրավունքների ճշգրիտ ընկալմանն ու իրացմանը: «Աշխարհիկ հասկացողությամբ՝ ազատությունը մեկնաբանվում է որպես անձի ինքնաարտահայտման եւ ազատ գործելու իրավունք՝ այլոց ազատությունների հանդեպ վտանգների բացառումով: Ազատության գաղափարի ըմբռնումներ ինչպիսի հիմքի վրա էլ կառուցվեն, անվիճարկելիորեն պետք է կոչված լինեն ծառայելու մարդկանց խաղաղ համակեցության ապահովանը: Մաղթում եմ, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների, եկեղեցականների, առաջատար գիտնականների ու փորձագետների կողմից ներկայացվող զեկույցները եւ արգասավոր քննարկումները բարենպաստ կլինեն աշխարհում ազատության ու խաղաղության ամրապնդմանը», – իր խոսքը եզրափակեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ նման միջոցառումների դերը խիստ կարեւոր է, քանի որ դրանք թույլ են տալիս կոտրել կարծրատիպերը, շփվել միմյանց հետ ու, ի վերջո, ճշմարտությունը ներկայացնել աշխարհին։
«Մենք արցախաադրբեջանական հակամարտությունը չենք համարում կրոնական եւ նույնիսկ չենք համարում հասարակ ժողովրդին մեզ թշնամի: Հենց ադրբեջանական պետությունն է թշնամական քաղաքականություն վարում, եւ այդ ահաբեկիչները, վարձկանները նրանք կրոն չեն ներկայացնում, քանի որ այն, ինչ իրենք անում են, իրենց սեփական կրոնի դեմ է: Այս պատգամը մենք ցանկանում ենք ներկայացնել այստեղ ու շատ ենք կարեւորում նմանատիպ հանդիպումները»,- հավելեց Բաբայանը:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են հակամարտության գոտիներում դեպի պաշտամունքի վայրեր մուտքի հնարավորությունը, կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանումը եւ այլ թեմաներ։
ՆՈՐ ԴԵՂԱՏՈՄՍ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնը եւ «Բիոմիներալ» ՍՊԸ-ն մոդելային սարք են ստեղծում, որի օգնությամբ Սեւանա լճի ծաղկման փուլում լճի աղտոտված ափամերձ տարածքները կմաքրեն լրացուցիչ օրգանական նյութերից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԳԱԱ-ից, սա կնվազեցնի կենսածին տարրերի քանակը լճում եւ կդանդաղեցնի էվտրոֆացման (կամ ճահճացման) գործընթացը:
«Վերջին տարիներին Սեւանա լիճը ծաղկում է ազոտի եւ ֆոսֆորի մեծ քանակությամբ ներթափանցման պատճառով: Արդյունքում ջրում նվազում է ձկների ու ջրային այլ կենդանիների համար հասանելի թթվածնի քանակը եւ հանգեցնում ջրային կյանքի խեղման: Սեւանա լճում «ծաղկում» առաջացրած Cyanophyta խմբին պատկանող տեսակները տոքսիկ են եւ արտազատում են կայուն թույներ՝ միկրոցիստիններ եւ անատոքսի»,- նշում են գիտնականները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Սեւանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում» եւ ««Ծաղկման» երեւույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» նպատակային ծրագրերի շրջանակներում վերոնշյալ հաստատությունները իրականացում են Սեւանա լճում էվտրոֆացման գործընթացի դանդաղեցմանն ուղղված ուսումնասիրություններ ու միջոցառումներ: Գիտնականները համատեղ ուժերով իրականացնում են Սեւանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատման եւ ծաղկման երեւույթների դեմ պայքարի մեթոդների մշակման աշխատանքներ։ Ծրագրերի շրջանակներում իրականացվել է Սեւանա լճի ջրի գենաթունային եւ կանցերոգեն հատկությունների գնահատում, լճի ջրային նմուշների գենոտոքսիկության եւ կլաստոգենության մակարդակների բիոթեստավորում Տրադեսկանցիայի 02 կլոնի առէջաթելերի մազիկների (ԱԹՄ) եւ միկրոկորիզային թեստ համակարգերի կիրառմամբ: ԱԹՄ-ի բիոթեստի տվյալները ուսումնասիրված բոլոր ջրային նմուշներում ցույց են տվել ծաղկման շրջանում սոմատիկ կետային մուտացիաների, անգույն մուտացիաների, ինչպես նաեւ անկենսունակ մազիկների քանակի հավաստի բարձրացում: Մաքսիմալ մակարդակի բարձրացում դիտվել է Լճաշենի հարակից տարածքի ջրային նմուշում։ Նմանատիպ արդյունքներ դիտվել են նաեւ միկրոկորիզային թեստի տվյալների ուսումնասիրության ժամանակ՝ հետազոտելով նրա երկու հիմնական թեստ-կրիտերիաները՝ միկրոկորիզներ պարունակող տետրադների տոկոսը եւ միկրոկորիզների տոկոսը տետրադներում: 2020թ.-ից հետազոտվում են Սեւանա լճի ջրի ծաղկման մեխանիզմները, մշակվում է կապտականաչ ջրիմուռներից ջրերի մաքրման նպատակով Հայաստանի ցեոլիտների օգտագործման մեթոդաբանությունը, կատարվում է մաքրման ընթացքում ջրի բաղադրության վրա ցեոլիտների ազդեցության գնահատում։ Գիտական կազմակերպությունները լճից միկրոօրգանիզմների, միկրոջրիմուռների, ցիանոբակտերիաների հեռացման համար աշխատում են ստեղծել էժան եւ անվնաս կլանիչներ, որոնց շարքին են դասվում նաեւ բնական ադսորբենտներն ու բնական պոլիմերները: