Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում լայնորեն տարածվում եւ քննարկվում է, որ նկարահանվում է ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ, որտեղից բացակայելու են Արցախին առնչվող պատկերները։
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է վերաբերվում նոր տեսահոլովակի նկարահանմանը եւ Արցախին առնչվող պատկերները հանելուն:
«Օրհներգի մասին արդեն մի քանի անգամ խոսել եմ, ասել եմ, որ մեր օրհներգի մեղեդին արդեն շատ վաղուց լսված, հորինված, գողացված մեղեդի է, ինչը փաստել են նաեւ շատ հայտնի կոմպոզիտորներ, եւ, առհասարակ, ինձ, երաժշտությունից բացի, տեսահոլովակն էլ դուր չի եկել: Պարզ ասած՝ այդ երաժշտության տակ ինչ նկար, կադր էլ ուզում են դնեն, ինձ թվում է՝ դրանից ոչ մի բան չի փոխվի: Ուզում է՝ Արցախից պատկերներ դնեն, ուզում են՝ չդնեն: Ես ուզում եմ՝ մենք վերջապես հասկանանք, որ մեր օրհներգը լավը չէ, եւ ոչ թե պետք է նոր տեսահոլովակ նկարահանեն, այլ պետք է օրհներգը հիմնովին փոխեն: Այդ ի՞նչ կլիպ պետք է նկարվի նոր, որ օրհներգը լսելով կամ տեսնելով ոգեւորություն ապրենք»,-ասաց երգահանը:
Հարցին՝ արդյոք միտում չի տեսնում իշխանությունների կողմից, որ սա եւս նպատակ է հետապնդում Արցախը Հայաստանից վերջնականապես զատելու եւ հեռացնելու. «Դե արդեն պարզ է, որ եթե արդեն հասել են օրհներգի տեսահոլովակի՝ Արցախին առնչվող կադրերը հանելուն, ըստ երեւեւյթին եկել են այն համոզմունքին՝ Արցախը Հայաստան չէ , իսկ մենք այսքան տարիներ ստի մեջ ենք ապրել: Նույնիսկ Արցախի ներկա ղեկավարությունը կամ նախկին ղեկավարներն էին դրա մասին խոսում, այն մարդիկ, ովքեր իբրեւ թե մեծ հերոսական ճանապարհ էին անցել, իսկ հիմա լրիվ ուրիշ երգ են երգում: Մի խոսքով, այս ամեն ինչից մի բան կարելի է հասկանալ, որ հրահանգ են ստանում եւ կատարում, առանց հայրենիքի, հայ ժողովրդի շահը հաշվի առնելու: Ես անգամ երկմտում եմ, թե մեր իշխանություն կոչվածները ում շահն են սպասարկում: Հերիք չէ՝ մեր ազգի գլխին այսքան արհավիրք, պատերազմ բերեցին, հիմա էլ ամեն ձեւով փորձում են վերացնել այն փոքրիկ կապող դետալները, որոնք դեռ մնացել են: Ես այս ամեն ինչին ուրիշ բացատրություն չեմ տեսնում»,-հավելում է Արտավազդ Բայաթյանը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԸ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» աշխատության առաջին հատորը ներառում է պատմաբանի՝ տարբեր տարիներին հրապարակված հոդվածներ եւ հարցազրույցներ, առաջին անգամ հայերեն ներկայացվող վերլուծություններ, մեծ թվով անտիպ նյութեր:
Գիրքը, որը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, շուտով կդրվի ընթերցողի սեղանին:
«Աշխատության մեջ ներկայացված են մի շարք հարցեր, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հայ ժողովրդի եւ Հայաստանի հարաբերությունները՝ իրենց անցյալով ու ներկայով, որոնք կազմում են վերջին 50 կամ ավելի տարիների հայ քաղաքական մտքի առանցքը, ինչպես նաեւ Ցեղասպանությունը՝ որպես անկախության նկատմամբ քաղաքական մտքի առանցք. Հայաստանը կարո՞ղ է անկախ լինել, արդյոք Թուրքիան մեզ նորի՞ց պիտի ջարդի, եթե անկախանանք, արդյոք Ցեղասպանությունը չճանաչելը Հայաստանի ժողովրդի ու պետության համար վտա՞նգ է ներկայացնում, Հայաստանը պե՞տք է Թուրքիայի հետ հարաբերություններ զարգացնի, թե՞ ոչ»,- նշում է Ժիրայր Լիպարիտյանը:
Նրա խոսքով՝ գրքում ներկայացված է Ցեղասպանության պատճառների նոր ուսումնասիրություն, որում ցուցադրվում է հայերից ձերբազատվելու երիտթուրքերի որոշման քաղաքական երեսը։ Գրքում զետեղված են Ցեղասպանության ժխտողականության պատճառներն ու բնույթը մերկացնող հոդվածներ, մասնավորապես՝ Թուրքիայի ղեկավարներ ներկայիս նախագահ Էրդողանի եւ նախկին վարչապետ Դավութօղլուի՝ Ցեղասպանության չճանաչման ու մեկնաբանության վերաբերյալ մոտեցումներին առնչվող քննադատական հոդվածներ: Հատորն արժեքավոր է նաեւ նրանով, որ մեկնաբանում է Հայաստան-Թուրքիա բարդ հարաբերությունները մեր երկրի անկախանալուց ի վեր: Անկախության առաջին տարիներին հեղինակը եղել է ՀՀ կողմից Թուրքիայի հետ գլխավոր բանակցողը եւ կարեւոր ճշգրտումներ է կատարում այդ բանակցությունների վերաբերյալ: Հատորը հիմնավորում է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մոտեցումները ներկայացված են պատմական, քաղաքական եւ հոգեբանական դիտանկյուններից: Գրքի վերջում զետեղված են նյութեր՝ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմին նախորդած եւ անմիջապես հաջորդած քաղաքական գործընթացների վերաբերյալ: Հատորի տպագրության մեկենասն է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
ՌՈՆԱԼԴՈՒԻ ՀԵՏ ՄՈՏ ԵՆՔ ՏԻՏՂՈՍՆԵՐԻ
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը մեկնաբանել է 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձն անգլիական ակումբ։ «Այժմ թիմում էնտուզիազմն առավելագույն մակարդակի է, քանի որ Կրիշտիանուն ակումբում է։ Բոլորը զգում են վստահություն եւ ուրախություն այն բանից, որ նա վերադարձել է։ Մենք գիտենք, թե ինչ կարող է տալ Ռոնալդուն մեզ։ Մեր եւ Կրիշտիանուի միակ նպատակը հաղթելն է։ Նրա հետ մենք ավելի մոտ ենք տիտղոսներին»,- Ֆերնանդեշի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։ Սպասվում է, որ Թուրինի «Յուվենտուսի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձից հետո առաջին հանդիպումը կանցկացնի «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի խաղում, որը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում: Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2003-2009-ին եւս խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 292 հանդիպում եւ դարձել 118 գոլի հեղինակ: Նա նաեւ հասցրել է 4 տարի խաղալ մանչեսթերցիների 48-ամյա գլխավոր մարզիչն Ուլե-Գունար Սուլշերի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պորտուգալացին դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող ու աշխարհի ակումբային չեմպիոն։
ԳՈԼ ԽՓԵԼ ԷՐ ՊԵՏՔ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրի խաղում 1։1 հաշվով խաղալուց հետո ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։ «Չհաղթեցինք, որովհետեւ պետք է գոլ խփել։ Պետք էր ավելի շատ գոլ խփել։ Մրցակիցը մեկ անգամ գրոհեց եւ գոլ խփեց։ Այսպիսին է ֆուտբոլը՝ երբեմն անարդար։ Մենք փորձում էինք երկու եզրերով էլ գրոհել, սակայն արդյունավետ չէր ստացվում։ Մարզական բախտը չժպտաց մեզ։ Դավիդ Յուրչենկոն նախորդ երկու հանդիպումներում լավ խաղ ցուցադրեց։ Այս խաղում էլ այնպես չէ, որ գոլը նրա մեղքով էր։ Յուրաքանչյուր խաղ մեզ համար լինելու է եզրափակիչի նման։ Վստահ եմ, որ կարող ենք պայքարել ուղեգրի համար»,- ասել է Կապառոսը։ Այս ոչ-ոքիից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով մնաց երկրորդ տեղում եւ 1 միավոր է հետ խմբի առաջատար գերմանացիներից, որոնք մեկ հանդիպում պակաս են անցկացրել: Խմբի մյուս խաղերում Գերմանիայի հավաքականը սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվի իսլանդացիներին, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կընդունի Ռումինիայի թիմին: Հայաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները հանդիպեցին 6-րդ անգամ: Նախորդ 5 խաղերում Հայաստանի հավաքականը տարել էր 3 հաղթանակ, եւս 2 անգամ թիմերը չէին պարզել հաղթողին: Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ-ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6): Գերմանիան այս պահին ունի 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը կրել է 5 պարտություն: