Լուսանկարն արվել է Սյունիքի մարզում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Scania մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենան Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ դեպի Կապան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել դեպի Քաջարան ընթացող, Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ուղեւորատար «Գազել»-ին։ Վթարի հետեւանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ով իրավունք ունի դիմելու եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար: Ուզում եմ իմանալ, թե ով է նշանակում եռամսյակային հրատապ օգնությունը:
Հայկանուշ Մելքոնյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների եւ կարճատեւ ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում: Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային մարմինը` համակարգող խորհրդի առաջարկության հիման վրա:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով երեք ամիս ժամկետով (եռամսյակով):
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնալուծության պետական գրանցման համար:
Գայանե Մկրտչյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մկրտչյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`
1) ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը,
2) ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը եւ ժամանակը,
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին,
4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին,
5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ,
6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին,
7) անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը,
- ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է անձի լրացրած եւ սահմանված տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամիս: