Կառավարությունը հաստատել եւ խորհրդարան է ուղարկել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ:
«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում սահմանված են պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ապահովման գործընթացում հակաօդային պաշտպանության զորքերի իրավասությունները, ներառյալ՝ ՀՀ անվտանգությանն սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որեւէ գործողություն կատարելիս օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջքի պարտադրումը, իսկ այդ գործողությունների շարունակման դեպքում՝ օդանավի կամ թռչող այլ սարքի ոչնչացման իրավունքը:
Բացի այդ, 2015 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված եւ 2017 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ մտած՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի եւ համաձայնագրով հաստատված կանոնակարգի 7-րդ կետի պահանջների համաձայն՝ խաղաղ ժամանակ Կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի (ուժերի) կիրառման մասին, ընդ որում, զենքի կիրառման կարգը սահմանվում է այն Կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը:
Քանի որ օրենքը սահմանել է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության գործընթացում հակաօդային պաշտպանության զորքերի իրավասությունները, սակայն հստակեցված չէ դրանց շրջանակներում հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործումը, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն զինված ուժերի գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայության ներքո, անհրաժեշտություն է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.