ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եղեգնաձորում երեխաները թերապևտիկ տարատեսակ ծառայություններ կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

13-ամյա Մարտիկն իսկական մարտիկ է՝ ուժեղ, համառ և խելացի։ Արդեն մեկ տարի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում ֆիզիոթերապիա է անցնում, պատրաստվում է վիրահատության։ Որոշել է, որ պետք է քայլի, իսկ Մարտիկի խոսքը վերջնական է:

Եղեգնաձորում տարատեսակ թերապիաներ են անցնում խնամքի կարիք ունեցող երեխաները։ Այժմ կենտրոնն ունի 134 շահառու՝ Վայոց ձորի մարզի 20 գյուղից։

«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամից դրամաշնորհ է ստացել։ Հիմնադրամի աջակցությամբ կենտրոնը համալրվել է թերապևտիկ աշխատանքների համար տեղական տարբեր արտադրության պարագաներով՝ սենսորային լույսեր, կանգնակներ, ավազաթերապիայի համար սեղաններ, զարգացնող խաղեր։

«Կենտրոնի հիմնական նպատակն է բարելավել ԿԱՊԿՈւ երեխաների մտավոր և ֆիզիկական ունակությունները։ Սա նաև լավ հնարավորություն է ծնողների համար, որպեսզի տարածաշրջանից առանց բացակայելու երեխաները ստանան թերապևտիկ բոլոր ծառայությունները»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Մինչև օրս Եղեգնաձորում ծառայություն չի եղել, իսկ հիմա՝ հանձինս հիմնադրամի, կարողանում ենք ծավալային աջակցություն մատուցել։ Կենտրոնը սպասարկում է առանձնահատուկ երեխաների, որոնք ունեն հենաշարժողական և մտավոր խնդիրներ»,- նշել է «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի հիմնադիր Էկա Հորստկան։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:




Լրահոս