Սկիզբը՝ այստեղ
Մովսես Հակոբյանն ասաց, որ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա Ղարաբաղի զորք պետք է բերվի Երեւան, ինքը գնում է Ստեփանակերտ՝ զբաղվելու այդ հարցերով։ Այնուհետեւ պաշտպանության բանակից ստացած հրամանի համաձայն՝ 10-րդ դիվիզիայի ստորաբաժանումներից համապատասխան քանակով անձնակազմ ենք ուղարկել Երեւան։ Քանի որ արդեն 10 տարի է անցել, ես չեմ հիշում, թե կոկրետ քանի հոգի են եղել, մոտավորապես 100 հոգու ենք ուղարկել։ Բոլորն էլ սպաներ եւ ենթասպաներ են եղել, նաեւ՝ պայմանագրային զինծառայողներ։ Զորքը կազմավորված է եղել դիվիզիայի վարչության զորամասերի հետախուզական եւ համազորային կազմից։
Նրանք, ովքեր ընդգրկված են եղել մարտական հերթապահության մեջ, այլեւս դիրքեր չեն գնացել, փոխարինել ենք այլ ծառայողներով, քանի որ մոտ 20 ամիս անձնակազմը մնացել է Երեւանում։ Դիվիզիայի կազմից ստեղծված համահավաք ստորաբաժանման ավագ եմ նշանակել իմ տեղակալ Միքայել Արզումանյանին։ Նշեմ, որ իմ հիշելով՝ Միքայել Հարությունյանի կողմից տրված հրամանի հիման վրա ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի կողմից հրաման է արձակվել, որի հիման վրա էլ ԼՂՀ-ի զորքը տեղափոխվել է Երեւան։ Ես ընդգրկված չեմ եղել համահավաք գումարտակի կազմում ու պետք է վերադառնայի դիվիզիա, պարզապես մնացել եմ մի քանի օր Երեւանում, որպեսզի զորքը տեղավորեմ։ Ընդհանուր կազմավորված համահավաք գումարտակը, իմ հիշելով, բաղկացած էր մոտ 300 զինծառայողներից, նրանք ընդհանուր շարասյունով Երեւան են եկել 2008թ․ փետրվարի 23-ին։
Զորքը տեղակայվել է Երեւանի Չարբախ թաղամասում գտնվող ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում։ Համահավաք գումարտակի հրամանատար էր նշանակվել պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը։ Կենտրոնական հավաքակայանում զինծառայողները մնացել են զորանոցներում, զորքը եկել էր իրենց հաստիքային զենքերով, մարտական փամփուշտներով, ողջ մարտավարակազմով։ 10-րդ դիվիզիայից համահավաք գումարտակի կազմում ընդգրկվել է նաեւ գնդապետ Մխիթար Ավշարյանը, ով իմ տեղակալն է եղել, մնացածներն արդեն ցածր պաշտոններ ունեցող սպաներ եւ ենթասպաներ են եղել։ Զորքը եղել է սովորական դաշտային համազգեստով։ Զինծառայողները կենտրոնական հավաքակայան էին եկել պաշտպանական բանակի մեքենաներով։ Ես կենտրոնական հավաքակայանում չեմ մնացել, այլ եղել եմ Երեւանի «Հրազդան» հյուրանոցում, մեկ-երկու գիշեր էլ մնացել եմ «Շիրակ» հյուրանոցում։ Եթե չեմ սխալվում՝ Սամվել Կարապետյանը նույնպես այդ ընթացքում հավաքակայանում չի գիշերել, տարբեր տեղերում էր մնում։
Ընկերս այդ ժամանակ ինսուլտ էր ստացել, հիվանդանոցում պառկած էր, դրա համար էլ մի քանի օր ավել եմ մնացել Երեւանում, հակառակ դեպքում հենց 24-25-ին կվերադառնայի Ղարաբաղ։ Կենտրոնական հավաքակայանում զորքն առանձնապես որեւէ բանով չի զբաղվել, սպասողական վիճակ էր։ Երկու անգամ եղել եմ զորքի մոտ, հետաքրքրվել նրանց որպիսությամբ, խնդիրներով, ամեն ինչ կարծես թե նորմալ էր։ Զորքին ասված էր, որ սպասեն մինչեւ կոնկրետ հրամաններ տալը։ 2008թ․ փետրվարի 29-ին, լույս մարտի 1-ի գիշերը Մարտակերտի դիրքերից մեկում լարվածություն եղավ, ադրբեջանցիները գրավել էին մեր դիրքը, ու ես շտապ վերադարձել եմ Մարտակերտ։
Ասեմ, որ նույն օրը դիրքը հետ ենք վերցրել, իմ գնալուց հետո թուրքերին հետ շպրտեցինք։ Ես Երեւանից մեկնել եմ գիշերը 03։00-ի կողմերը, երբ հերթապահից ստացա զանգը։ Այլեւս այդ դեպքերի հետ կապված՝ Երեւան չեմ վերադարձել։ Դրանից հետո եւս մեկ համահավաք գումարտակ է ուղարկվել Երեւան, դա արդեն մարտի 5-6-ի կողմերն է եղել, հստակ չեմ հիշում, այդ մասով նույնպես հրաման է արձակվել։ Ասեմ, որ զորքի ողջ տեղաշարժը կատարվել է համապատասխան հրամանների վրա, առանց հրամանի այդ գործընթացը կազմակերպել հնարավոր չէր։ Այդ հրամանները տրվել են պաշտպանության բանակի հրամանատարի կողմից, զորքի ցանկացած շարժ հրամանագրվում է։
Հարց։ Ասացեք, ի՞նչ խնդիր էր դրված ԼՂՀ-ից Հայաստան եկած զինծառայողների առջեւ, ինչո՞ւ եք նման քանակության ծառայողներ ուղարկել Երեւան։
Պատասխան։ Մենք կատարել ենք համապատասխան հրամանների պահանջները։ Կոնկրետ խնդիր զորքի առաջ չի դրվել, ասել են՝ սպասեք, մինչեւ կլինի հատուկ ցուցում։ Կոնկրետ ես համահավաք այդ գումարտակի հետ առնչություն չեմ ունեցել, գումարտակն ուներ իր հրամանատարական կազմը։ Պարզապես անձնական գործերով մնացել էի Երեւանում ու չէի կարող անտարբեր լինել իմ դիվիզիայի կազմից Երեւան բերված զինծառայողների նկատմամբ եւ մի քանի անգամ այցելել եմ կենտրոնական հավաքակայան, տեսակցել անձնակազմի հետ։ Արդեն նշեցի, որ այդ ժամանակ Հայաստանում հանրահավաքներ էին տեղի ունենում, որը կապված էր 2008թ․ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների հետ։ Ժողովրդի մի մասը ցույցեր էր անում, ու, իմ կարծիքով, զորքը Երեւան էր բերվել հասարակական կարգ պահպանելու համար։ Իմ պատկերացմամբ՝ մեզ ուղարկել էին Երեւան՝ շենք-շինությունները հսկելու, որ հանկարծակի լարվածություն, բախումներ չլինեն։ Ես հետագայում տեղեկացել եմ, որ մարտի 1-ին զորքը տեղափոխվել է ՀՀ կառավարության շենք, մնացել է այնտեղ, եւ այդպես էլ նրանք քաղաք դուրս չեն եկել, ցույցերի ժամանակ դրսում ծառայություն չեն իրականացրել։
Հարց։ Քննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ԼՂՀ պաշտպանության բանակի ավտոմեքենաների համարանիշներն ու զորքի համազգեստների տարբերանշանները փոխվել են։ Ի՞նչ կասեք այդ մասին։
Պատասխան։ Ես տեղյակ չեմ, ԼՂՀ-ից եկած զինծառայողների հարցերով ես չեմ զբաղվել, մեր զորքի ավագը Միքայել Արզումանյանն էր (Միշկան), իսկ ընդհանուր զորքն ուներ իր հրամանատարական կազմը։
Հարց։ Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ պաշտպանության բանակի ստորաբաժանումներից կազմավորված համահավաք գումարտակի կազմում միայն սպաներ եւ ենթասպաներ են ընդգրկված եղել։ Գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ համահավաք գումարտակը կազմավորված է եղել միայն տեղացիներից․ դրա կազմում բացառապես ԼՂՀ-ում բնակվող անձինք էին։ Ի՞նչ կասեք այդ մասին։
Պատասխան։ Ես չեմ հիշում, թե հրամանում ինչպես է նշված եղել, բայց անձնակազմի ընտրությունը կատարել եմ հրամանի հիման վրա։ Ամենայն հավանականությամբ, ասվել է, որ ժամկետային զինծառայողներ չլինեն, այդ պատճառով էլ նման կերպ ենք վարվել։ Ես չեմ կարող պնդել, որ զորքը բաղկացած էր միայն Ղարաբաղում բնակվող սպաներից ու ենթասպաներից, եթե այդպես է եղել, ուրեմն նման հրահանգ են տվել բանակից, հստակ չեմ հիշում։
Հարց։ Ասացեք, ԼՂՀ ոստիկանության եւ Արցախի անվտանգության ծառայության ստորաբաժանումների աշխատակիցները Երեւան եկե՞լ են, թե՞ ոչ, նրանք կենտրոնական հավաքակայանում մնացե՞լ են, թե՞ ոչ։
Պատասխան։ Տեղյակ չեմ, ոչինչ չեմ կարող ասել։
Հարց։ Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ԼՂՀ-ից Հայաստան ժամանած պաշտպանության բանակի ստորաբաժանումների ծառայողները տեղակալվել են նաեւ ՀՀ նախագահի նստավայրում, Սահմանադրական դատարանի շենքում, նոր «Շիրակ» հյուրանոցում։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին։
Պատասխան։ «Շիրակ» հյուրանոցում ես եմ մնացել 2 օր, իմ հետ հյուրանոցում է եղել նաեւ վարորդս, ով 2016թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվել է։ Այլ զինծառայող այդ հյուրանոցում մնացել է, թե ոչ՝ տեղյակ չեմ։ Հարցադրման մեջ նշված վայրերում ԼՂՀ-ից եկած զորքի մնալու մասին տեղեկություններ չունեմ։
Հարց։ Ասացեք, ի՞նչ սնունդ են տվել զինծառայողներին։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ԼՂՀ-ից եկած զինծառայողներին հատկացվել է բանակի զինծառայողներին տրվող սնունդից էականորեն տարբերվող սնունդ, ընդ որում՝ ըստ գործով ձեռք բերված տվյալների՝ այն ուղարկվել է գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից։
Պատասխան։ Ես տեղյակ չեմ, կենտրոնական հավաքակայանի զորքի սննդի ապահովման եւ մյուս հարցերով չեմ զբաղվել։
Հարց։ Ասացեք, ՀՀ կենտրոնական հավաքակայանում կամ Երեւան քաղաքի այլ վայրերում ՀՀ նախագահի նստավայրում անցկացված խորհրդակցությունից հետո Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովին, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին հանդիպե՞լ եք, թե՞ ոչ։
Պատասխան։ Միքայել Հարությունյանը մեկ անգամ եկել է կենտրոնական հավաքակայան, կոնկրետ օրը չեմ հիշում։ Միքայել Հարությունյանին այդ մեկ անգամ եմ տեսել, նա հետաքրքրվում էր ԼՂՀ-ից եկած զորքի վիճակով, որեւէ այլ խոսակցության ես մասնակից չեմ եղել։ Մյուսներին չեմ տեսել։ Նշեմ, որ Յուրի Խաչատուրովին նույնպես չեմ տեսել, բայց լսելով գիտեմ, որ Սամվել Կարապետյանի ղեկավարած համահավաք գումարտակը ենթարկվում էր Յուրի Խաչատուրովին, ով այդ ժամանակ նաեւ Երեւանի կայազորի հրամանատարն էր։
Հարց։ Ասացեք, ԼՂՀ-ի պաշտպանության բանակից Երեւան եկած զորքի մեջ դիպուկահարներ եղե՞լ են, թե՞ ոչ։
Պատասխան։ Այո, եղել են, տարբեր զինատեսակներ ունեցող զինծառայողներ են եկել Երեւան։
Հարց։ Ինչո՞ւ էին դիպուկահարները բերվել Երեւան, նրանք ի՞նչ խնդիր պետք է ստանային։
Պատասխան։ Ես չեմ կարող ասել, հրաման են տվել, մենք էլ կատարել ենք։
Հարց։ Քննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ 2008թ․ փետրվար ամսին ԼՂՀ-ից Երեւան եկած զինծառայողներին պարբերաբար գումարներ են տվել՝ 25000-30000 ՀՀ դրամի չափով, բացի այդ՝ Սամվել Կարապետյանը զորքից առանձնացրել է 20 հոգու, ովքեր պատրաստակամություն են հայտնել, անհրաժեշտության դեպքում, կրակել ժողովրդի վրա եւ արդյունքում դուրս են եկել Երեւան քաղաքի փողոցներ ու կրակել ցուցարարների ուղղությամբ։ Ի՞նչ կասեք այս մասին։
Պատասխան։ Ոչինչ չեմ կարող ասել, հարցադրման մեջ նշված բոլոր հանգամանքներն ինձ անծանոթ են, ո՛չ գումարի մասին եմ լսել, ո՛չ էլ ժողովրդի վրա կրակած զինծառայողների։ Մեր դիվիզիայի զինծառայողները Ղարաբաղ վերադառնալուց հետո ասել են, որ իրենք որեւէ կրակոց չեն արձակել, նման խնդիր չի առաջադրվել։ Հնարավոր առանձին խմբերի ձեւավորման մասին տեղյակ չեմ։
Հարց։ Նշեցիք, որ փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը, երբ Երեւանում եք եղել, մարտական դիրք եք կորցրել, որը կարճ ժամանակ անց վերադարձրել եք, երբ վերադարձել եք Մարտակերտ։ Ասացեք, իսկ ինչո՞ւ էիք եկել Երեւան, ինչո՞ւ էիք սահմանապահ զորքի փորձառու սպաներին բերել Երեւան, որ թշնամին օգտվեր այդ առիթից ու հանդգներ տիրանալ պաշտպանության բանակի հսկողության տակ գտնվող մարտական դիրքից։
Պատասխան։ Զորքը Երեւան ենք բերել համաձայն հրամանի։
Հարց։ Մի՞թե արդարացված է պատերազմի մեջ գտնվող երկրի Զինված ուժերի լավագույն կազմը, դիրքապահ զինծառայողների հրամանատարներին բերել Երեւան ու տեղակայել կենտրոնական հավաքակայանում։ Արդյո՞ք իրականում եղել է դրա անհրաժեշտությունը, որ Արցախի Հանրապետության բանակի տարբեր ստորաբաժանումների փորձառու սպաներ, որոնք ընդգրկված են եղել նաեւ մարտական հերթապահություններում, լուրջ խնդիրներ են լուծել, թողնեն իրենց ծառայությունը եւ գան Երեւան։
Պատասխան։ Ես զինվորական եմ եղել եւ հրաման եմ կատարել, զինվորականները հրամանները չեն քննարկում, այլ կատարում են այն։ Այդ մասին որեւէ կարծիք չեմ կարող հայտնել։
Հարց։ Ասացեք, իսկ այդ քանակության զինծառայողներին, ընդ որում՝ բացառապես սպաների ու ենթասպաների Երեւան տեղափոխելը զորքի մարտականության վրա ազդեցություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։
Պատասխան։ Բնականաբար, որոշակի ազդեցություն ունեցել է, այն ազդել է զորքի մարտունակության վրա՝ բացասական իմաստով։ Սակայն ցանկանում եմ նշել, որ մեր սահմաններն առանց պահպանության չեն մնացել, եղած ուժերով շարունակել ենք իրականացնել մարտական հերթապահությունը, կատարել մեր առաջ դրված խնդիրները։
Հարց։ Քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԼՂՀ-ից Երեւան եկած զորքի կազմում եղել է Սեյրան Օհանյանի որդին։ Ի՞նչ կասեք այդ մասին։
Պատասխան։ Սեյրան Օհանյանի որդին մեր դիվիզիայում չի ծառայել, տեղյակ չեմ։
Հարց։ Քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ԼՂՀ-ից Երեւան քաղաքի Չարբախ թաղամասում գտնվող զորամաս են եկել 1500 զինծառայողներ։ Ի՞նչ կասեք։
Պատասխան։ ԼՂՀ-ից Երեւան են եկել սկզբից մոտ 300 զինծառայողներ, ապա՝ եւս 400 հոգի։
Հարց։ Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2008թ․ փետրվարի 20-ին ՀՀ նախագահի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ այդ օրվանից Հայաստանում հայտարարում է արտակարգ դրություն։ Ի՞նչ կասեք այդ մասին։
Պատասխան։ Ես նման բան չեմ հիշում։ Ռոբերտ Քոչարյանը շատ զայրացած էր խոսում, սակայն նման խոսքեր ասել է, թե ոչ, չեմ հիշում։ Ընդհանուր միտքն այն էր, որ երկրի վիճակը խառն է, ներքաղաքական կյանքը ոչ կայուն է, ինչն անթույլատրելի է եւ պետք է կարգավորվի, սակայն կոնկրետ խնդիր մեր առաջ չի դրել։ Արդեն խորհրդակցությունից հետո ասացին, որ զորքը բերենք Երեւան։
Հարց։ ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ․ փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ Երեւան քաղաքի կայազորի պետ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Յու․ Խաչատուրովի աշխատանքն ապահովելու նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ, որը տեղակայված է եղել ՀՀ կառավարության շենքում եւ ղեկավարել են ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր ստորաբաժանումներից կազմավորված համահավաք ստորաբաժանումները։ Ի՞նչ կասեք այդ մասին։
Պատասխան։ Ես այդ հրամանի համարի մասին վերջերս եմ լսել, գիտեի, որ պաշտպանության նախարարը հրաման է տվել, որի հիման վրա զորք է բերվել Ղարաբաղից, բայց հրամանի համարը չգիտեի։ Իսկ Յու․ Խաչատուրովի ղեկավարությամբ կազմավորված վարչակազմի մասին տեղյակ չեմ, իմացել եմ, որ այդ ժամանակ Խաչատուրովը կայազորի պետն էր։
Հարց։ Դուք Ձեր ցուցմունքում նշեցիք, որ լսելով գիտեք, որ Սամվել Կարապետյանն այդ ժամանակ ենթարկվել է Յու․ Խաչատուրովին։ Ի՞նչ կասեք այդ մասին։
Պատասխան։ Ես տրամաբանելով եմ այդպես ասել, քանի որ նա պետք է ենթարկվեր կայազորի պետին կամ ՀՀ պաշտպանության նախարարին, հատուկ ստեղծված վարչակազմի մասին տեղյակ չեմ:
Ք.Մ