ՀԻՄԱ ԷԼ ՌՈՒՍՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերի ստուգում։ Նման բովանդակությամբ հայտարարություն տարածել էր ՀՀ ԱԱԾ-ն՝ ասելով, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Սակայն, ըստ էության, այս աշխատանքներն արդյունք չեն տվել, քանի որ երեկ  Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհի հատվածով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի եւ այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ տեղեկությունները:  «Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները երկիր մուտք գործելիս եւ դուրս գալիս ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկման, ինչպես նաեւ պետական տուրքի` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար»,-ասված է ադրբեջանական հաղորդագրությունում: Նշենք, որ ադրբեջանական մի շարք քարոզչամիջոցներ դեռ սեպտեմբերի 11-ին հանդես էին եկել իրանական կողմին հասցեագրված մեղադրական հրապարակումներով՝ կարծես հող նախապատրաստելով այս քայլի համար: Այս կապակցությամբ դեռեւս օգոստոսի սկզբին Ադրբեջանի արտգործնախարարություն էր հրավիրվել այդ երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, որին փոխանցվել է բողոքի նոտա, եւ ոչ երկիմաստ կերպով ասվել էր, որ Ադրբեջանը մտահոգված է իրանական կողմի այդ գործողություններով: Ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ ուղիղ մեղադրանքներ են հնչեցնում ռուս խաղաղապահների հասցեին, որոնք կա՛մ չեն տիրապետում իրավիճակին Լաչինի միջանցքում (ինչն ադրբեջանցիները քիչ հավանական են համարում), կա՛մ «այդ ամենը» տեղի է ունենում նրանց լռելյայն համաձայնության ներքո: Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ սրանք տեղային դրվագներ են, որոնք կարող են կրկին տեղի ունենալ, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային հարցերը լուծված չեն։ «Արցախյան հակամարտությունը դեռ լուծված չէ, սակայն սա արդեն այլ հարց է եւ կապված է սահմանագծման աշխատանքների հետ: Նրանք արդեն չեն կարող լուծել Արցախի սահմանների հարցը եւ որոշել են սահմանների որոշման աշխատանքներ իրականացնել Հայաստանի հետ», – նշեց Եվսեեւը: Նրա խոսքով՝ Իրանի կողմից հնչող հայտարարությունները եւս պատճառ են դարձել սահմանում այսպիսի իրավիճակի համար: Հավելենք, որ երեկ ընդդիմադիր խմբակցություններն առաջարկեցին ԱԱԾ տնօրենին եւ մի շարք պետական այլ գերատեսչությունների ղեկավարներին հրավիրել խորհրդարան, քննարկել հարցը, եւ չնայած իշխանությունների կողմից դրական ազդակներ եղան, սակայն երեկ այդ հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ:

 

 

 

Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը համագործակցելու է իր ազգական, «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ։ Փարսյանն ու Հարությունյանը զարմիկներ են։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում պաշտոնապես  չհերքեց նաեւ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որ գլխավորում է «Շանթ դաշինք» կուսակցությունը, ու, ըստ երեւույթին, հենց այդ ուժի ցուցակում էլ ներառված կլինի Գեւորգ Փարսյանը։ «Կապան քաղաքի ընտրությունների հետ կապված ավելի ուշ ու ավելի հանգամանալից հայտարարությամբ հանդես կգանք։ Այս պահի դրությամբ տեղեկություն տարածել ենք միայն Տաթեւ համայնքի մասով։ Հիմա տարբեր քննարկումներ են տեղի ունենում, այդ մասով հետագայում կխոսենք»,- ասաց Շահեն Հարությունյանը։«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ Փարսյանի հետ համագործակցել կամ ընտրություններին նրան սատարել ցանկացել է «Հայաստան» դաշինքը, բայց հաշվի առնելով, թե ինչ ուժի հետ է Կապանի քաղաքապետն ընտրությունների գնում, համագործակցության մասին խոսակցությունները դադարել են։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, սյունիքյան «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, որ Փարսյանի հետ այդ առնչությամբ անգամ խոսակցություն չի ունեցել։ «Դա իր որոշումն է, թե ում հետ է գնում ընտրությունների, ու կտեսնենք՝ նա այդ դաշինքով կարողանալու է անցնել, թե ոչ։ Շատ ավելի կարեւոր հարցերով էինք զբաղված, քան Փարսյանի հետ ընդհանուր եզրահանգման գալը։ Կրկնում եմ՝ դա նրա ինքնուրույն որոշումն է»,- մեզ հետ զրույցում ընդգծեց սյունեցի պատգամավորը։

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները պատրաստ են, այսպես ասած, գործարքի գնալ եւ ազատ արձակել  Հովսեփյանին, եթե վերջինս քրեական գործով նախնական հաշվարկած գումարը վճարի եւ վերադարձնի պետական բյուջե: Այդ դեպքում չի բացառվում, որ նրա խափանման միջոց կալանավորումը փոխվի գրավով: Ստացվում է՝ գումար՝ ազատության  դիմաց: Ամեն դեպքում, իրավապահ համակարգում այս տարբերակն այժմ ամենաքննարկվողն է: Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով: Ըստ հաղորդագրության՝ փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շանթի Յուրայի մտերիմներից մեկն ասաց, որ  Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված գործարար, Շանթի Յուրա անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանն արդեն Հայաստանում չէ՝ նշելով, որ ավելին ասել չի կարող:

 

 

Սեպտեմբերի 9-ին՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած քննարկման ժամանակ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ արցախցիներին հյուրընկալության ծրագիրը դադարել է գործել: «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարության հետքերով գնաց եւ տեղեկացավ, որ ծրագիրն ավարտվել է օգոստոս ամսին, իսկ նորից շարունակելու մասին դեռ որեւէ պաշտոնական հայտարարություն չկա: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չի խոսում այն դադարեցնելու պատճառների մասին: Տեղեկացնենք, որ արցախցիներին հյուրընկալած քաղաքացիներն ամսական ստանում էին 30 հազար դրամ իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքում հյուրընկալած մեկ չափահաս արցախցու համար Հայաստանում, իսկ 45 դրամ՝ Արցախում։ Գրանցվելու համար քաղաքացին պետք է դիմեր յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչեւ հաջորդ ամսվա 5-ը: «Ժողովուրդ» օրաթերթին նախարարության «Թեժ գիծ» ծառայությունից փոխանցեցին, որ օգոստոս ամսվա համար գրանցվելու ժամկետներն արդեն ավարտվել են, եւ ծրագիրը դադարել է, չի գործում, շարունակվելու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա:

 

 




Լրահոս