Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը թեեւ չի հերքում, որ հենց իրեն է իշխող ուժը Կապան քաղաքում համայնքապետի թեկնածու առաջադրելու, բայց եւ չի շտապում հաստատել դա։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ իր մորեղբայրը՝ Նարեկ Բաբայանը, որ Սյունիքի փոխմարզպետն է, իր թեկնածության քննարկմանն անգամ ներկա չի եղել։
-Պարո՛ն Դանիելյան, այսօր Սյունիքը ուշադրության կենտրոնում է, ի՞նչ եք հասցնելու քաղաքացիներին:
-Որեւիցե պաշտոնական հայտարարություն դեռ չկա իմ մասով: Այս, քննարկում մեկ անգամ է եղել, եւ որեւէ հստակություն չկա: Ես Սյունիք եմ այցելել որպես Ազգային ժողովի պատգամավոր, փորձել եմ իմ մանդատը օգտագործել քաղաքացիների հարցերը կարգավորելու համար: Օրերս անցկացրել եմ սահմանամերձ համայնքներում, տարբեր ծրագրեր ենք ցանկանում իրականացնել բնակիչների առօյա հոգսերը թեթեւացնելու համար:
-Բայց Ձեր անունն է շրջանառվում՝ որպես Կապանի համայնքի ղեկավարի թեկնածու, որը գլխավորելու է ցուցակը:
-Այո՛, իմ անունն է շրջանառվում, սակայն որեւիցե հստակ որոշում չկա, եւ ես չեմ կարող համարվել թեկնածու եւ հայտարարություններ անել:
-Ձեր սոցիալական ցանցի էջում եւս ակտվ եք, եւ այնպիսի տպավորություն է, որ արդեն մտել եք նախընտրական պայքարի մեջ:
-Ես թանգարան եմ այցելել, որտեղ հետաքրքիր ծրագրեր ենք իրականացնում, նորություններ եմ իմացել: Ակտիվությունը կապված է նրանով, որ ես հանձնաժողովներ ձեւավորելուց հետո անցել եմ իմ բնականոն աշխատանքին եւ, այո, կարծում եմ որպես պատգամավոր ես պետք է անընդհատ գնամ Սյունիք եւ հանդիպեմ քաղաքացիներին: Դրա մեջ որեւէ զարմանալի բան չկա. ես պատգամավոր եմ եւ պետք է զբաղվեմ քաղաքացիների խնդիրներով եւ այն հարցերով, որոնք բարձրաձայնման ենթակա են: Եթե դու թեկնածու չես, եւ պաշտոնական տեղեկատվություն չկա, կոռեկտ չէ մտնել նախընտրական պայքարի մեջ: Ավելի շուտ այլ համայնքներում են ընտրություններ, եւ քաղաքական թիմը այդ համայնքների ընտրություններով է զբաղված:
-Պարո՛ն Դանիելյան, եթե չեմ սխալվում, Դուք ազգակցական կապ ունեք փոխմարզպետ Նարեկ Բաբայանի հետ: Ձեր թեկնածության հարցի քննարկումն այդ հանգամանքի հետ որքանո՞վ է կապված:
-Թեկնածու լինելու հետ կապված շատ որոշակի է եղել, քննարկման ժամանակ իմ բարեկամ Նարեկ Բաբայանը ներկա չի եղել եւ ինձանից է իմացել այդ հարցի քննարկման մասին: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, գյուղի տանն ենք մեծացել, եղբայրներ ենք, շատ լավ համագործակցում ենք եւ Սյունիքի խնդիրները լուծելու համար փորձում ենք շահագործել հենց այդ հարաբերությունները: Սակայն ընտրությունների հետ կապված այդ մոտեցումը չի ցուցաբերվելու, եւ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը գործի չի դրվելու: Այստեղ սկզբունքը դրվելու է այն, թե ինչ արժանիքներ ունի թեկնածուն:
-Հենց Կապանում իշխանությունը պարտվեց անկուսակցական թեկնածու Գեւորգ Փարսյանին: Հիմա իշխանությունն ի՞նչ է անելու, որ կարողանա Կապան քաղաքում հաղթանակ տանել:
-Անելու է քարոզարշավ: Տեսե՛ք, Կապանում ընտրություններում հաղթեց գործող համայնքապետը, որը հանդես եկավ որպես անկուսակցական, եւ քաղաքացիները նրան ընտրեցին որպես անկուսակցական: Արտահերթ ընտրությունների ժամանակ նա հստակ քաղաքական գիծ էր պահում եւ սատարում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ այդ մասին նաեւ հայտարարություններ էր անում: Հրապարակայնորեն հայտարարեց որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ասում էր, թե նա խանգարում է, եւ կոչ արեց չընտրել Փաշինյանին: Այսինքն՝ մենք 2018 թվականին ունեինք քաղաքապետ, որը քաղաքական թիմի անդամ չէր, բայց աջակցել է Վահե Հակոբյանին եւ այս ընտրությունների ժամանակ աջակցեց արդեն Ռոբերտ Քոչարյանին: Եվ արդեն օրինաչափ է, որ եղավ ավագանու հրաժարական, քանի որ մարդիկ այն ժամանակ ընտրել էին անկուսակցական համայնքապետի, որը ասել էր՝ որեւէ մեկի կամակատարը չէ: Հիմա լինելու են քաղաքական ընտրություններ:
Զրուցեց ՍԵՒԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԳԱԶԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Հեղուկ գազի շուկայում նորություն կա. ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս օրերին հայաստանյան գազալցակայանների մի մասում հեղուկ գազի մեկ լիտրի արժեքը տատանվում է 230-240 դրամի սահմաններում, իսկ, ահա, այլ գազալցակայաններում այն վաճառվում է 280 դրամով: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ 230-240 դրամանոց հեղուկ գազը իրանական է, իսկ 280 դրամանոցը՝ ռուսական: Գազալցակայաններից ArmLur.am-ին փոխանցում են, որ ռուսական հեղուկ գազ ներկրողներն այն ձեռք են բերում ավելի բարձր գնով, քան իրանականը, սա է պատճառը, որ իրանական ծագում ունեցող հեղուկ գազի մեկ լիտրը որոշ գազալցակայաններում վաճառվում է 235-240 դրամով: Թե որքան ժամանակ կպահպանվեն այս գները, դժվար է ասել: Ռուսական ծագում ունեցող հեղուկ գազ ներկրողները նշում են, որ Ռուսաստանում դրա գինն այս պահին էլ շարունակում է բարձր մնալ: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայկական շուկայում հեղուկ գազի դեֆիցիտ էր ստեղծվել այն պատճառով, որ Իրաքից այն դժվարությամբ էր ներկրվում. այնտեղ ներկրողները ստիպված էին լինում օրերով սպասել, որն էլ լրացուցիչ ֆինանսական ծախսեր էր առաջացրել նրանց համար: Գրեթե նույն պատկերն է նաեւ Ռուսաստանի դեպքում: Բացի այս, Հայաստան տեւական ժամանակ է, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունից հեղուկ գազ չէր ներկրվում: Սա է պատճառը, որ այս շուկայում ոչ միայն պակասուրդ էր գրանցվել, այլեւ գնաճ: Սակայն հեղուկ գազ ներկրող տնտեսվարողները վստահեցնում էին, որ առաջիկա օրերի ընթացքում շուկայում ե՛ւ գինը կկարգավորվի, ե՛ւ պակասուրդը կվերանա: Դե ինչպես տեսնում եք, գինը գրեթե կարգավորվեց, պակասուրդի հարցն էլ է լուծվում, բայց հիմա էլ ռուսական եւ իրանական գազ ներկրողներն իրենց հերթին վարորդներին շփոթության մեջ են գցում՝ վստահեցնելով, որ իրենց ներկրած գազը որակյալ է:
ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻՆ ԲԺԻՇԿՆԵՐ ԿՆԵՐԳՐԱՎՎԵՆ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է հայտարարված վարժական հավաքներին ներգրավել նաեւ ահեստազորի առաջին խմբում հաշվառված սպայական կազմի բժիշկ-մասնագետների երկու ամիս ժամկետով: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության՝ այս տարվա սեպտեմբերի 2-ի որոշմամբ՝ հայտարարվել են վարժական հավաքներ՝ 3 ամիս ժամկետով, եւ սահմանվել են վարժական հավաքներին ներգրավվող ըստ մասնագիտությունների պահեստազորայինների թվաքանակները: Մեզ հայտնի դարձավ, որ գործընթացը սկսելուց հետո անհրաժեշտություն է առաջացել վարժական հավաքներին ընդգրկել նաեւ պահեստազորի սպայական կազմի առաջին խմբում հաշվառված մինչեւ 24 բժիշկ մասնագետների: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայտարարված վարժական հավաքների ապահովումն իրականացվում է այս տարվա պետական բյուջեով այդ նպատակով Պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
ԱԺ-Ն ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԻՑ
Ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չմտցրեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության օրինագիծը։ Ընդդիմության նախաձեռնության համաձայն՝ առաջարկվում էր Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովը վերանվանել Արտաքին հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողով։
Նախագիծը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա հիշեցրեց, որ սկզբում ընդդիմությունն առաջարկել էր ստեղծել Ղարաբաղի գործերով հանձնաժողով, բայց այդ առաջարկությունը մերժվել էր։ Դրանից հետո նոր առաջարկություն եղավ, որի էությունը ԱԺ հանձնաժողովներից մեկի վերանվանումն էր։ Այնուամենայնիվ, այդ նախաձեռնությունը նույնպես բացասական եզրակացություն ստացավ խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովի կողմից։
««Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել էին ստեղծել Ղարաբաղի հարցերով առանձին հանձնաժողով։ Այն բանից հետո, երբ նախագիծը մերժվեց խորհրդարանական հանձնաժողովի նիստում, մենք առաջարկեցինք Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովը վերանվանել Արտաքին հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողով, բայց այդ առաջարկությունը նույնպես մերժվեց»,- ասաց Վարդանյանը՝ պատգամավորներին կոչ անելով մեկ անգամ եւս քննարկել այդ հարցը։
Իր հերթին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ պետք է շատ ուշադիր եւ լուրջ աշխատել՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Ղարաբաղի առջեւ ծառացած բոլոր սպառնալիքները։ «Սակայն ներկայացված նախագիծը չէր լուծում դրանք եւ չէր շոշափում այդ հարցերը»,- ընդգծեց խորհրդարանականը։
Արդյունքում կառավարող մեծամասնությունը հրաժարվեց մասնակցել քվեարկությանը, նախագծին «կողմ» քվեարկեց 107-ից ընդամենը 30 պատգամավոր։
Ն. Պ.