ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում պարզվել են մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, ինչպես նաեւ գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի հանգամանքները: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի 26-ամյա բնակիչը, մոտ հարաբերությունների մեջ գտնվելով ՍՊ ընկերության տնօրեն, 49-ամյա տղամարդու հետ, տեղյակ լինելով նրա՝ ֆինանսապես ապահովված լինելու մասին, նպատակադրվել է, իր 6 մտերիմների հետ նախնական համաձայնության գալով, վերջինիցս խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար:

 

Մտադրությունն իրագործելու համար նշված եւ քննությամբ դեռեւս չպարզված անձանց հետ կատարված դերաբաշխման համաձայն՝ Երեւանի 51-ամյա բնակչուհու եւ 47-ամյա բնակչի կողմից ՍՊ տնօրենին նախկինում ունեցած ընդհանուր՝ 15.300 ԱՄՆ դոլար պարտքը մարելու կեղծ պատրվակով հորինել են պատմություն, թե, իբրեւ, 47-ամյա տղամարդը 2.7 կգ քաշով ոսկի է ներկրել ՀՀ, որը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում վերցվել է արգելանքի: 26-ամյա երիտասարդը, խաբելով ՍՊ տնօրենին, թե, իբր, ներկրված ոսկին արգելադրումից հանելու համար անհրաժեշտ է 13.050 ԱՄՆ դոլար գումար, որը վճարելուց, արգելանքից հանելուց եւ վաճառելուց հետո հնարավոր կլինի վերադարձնել նաեւ վերոնշյալ անձանց պարտքը, դիտավորությամբ խեղաթյուրել է իրական փաստերը, նրան մոլորության մեջ գցելով՝ 2020թ. մարտին վերջինից վերցրել է 6.248.340 ՀՀ դրամին համարժեք 13.050 ԱՄՆ դոլար գումար եւ խարդախությամբ հափշտակել այն:

Դրանից հետո, 26-ամյա երիտասարդը, իր հետ նախնական համաձայնությամբ գործող վերը նշված անձանց հետ շարունակելով ՍՊ տնօրենից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելուն ուղղված գործողությունները, 2020թ. մարտից մինչեւ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, իրականությանը չհամապատասխանող մտացածին տարբեր պատմություններով ազդելով նրա գիտակցության վրա, վերջինից խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 43.839.424 ՀՀ դրամին համարժեք 90.550 ԱՄՆ դոլար: Բացի այդ, 26-ամյա երիտասարդը, իր մտերիմներ 42-ամյա կնոջ եւ 28-ամյա երիտասարդի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս մորեղբորից խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.904.000 ՀՀ դրամ արժողությամբ, 3 սմ հաստությամբ 500 քմ. ֆելզիտ եւ 5 սմ. հաստությամբ 195 քմ. բազալտ տեսակի երեսպատման քարե սալիկներ: 26-ամյա երիտասարդը, 47-ամյա տղամարդը եւ 28-ամյա երիտասարդը, նախնական համաձայնությամբ, վերջինիս մորեղբոր որդուց խարդախությամբ հափշտակել են նաեւ խոշոր չափերով՝ ընդհանուր 2.666.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, 26-ամյա երիտասարդը, 47-ամյա տղամարդը եւ 51-ամյա կինը, նախնական համաձայնությամբ, 2021թ. հունվարի 13-ին վերջինիս մտերիմի ընկերուհուց խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 15.546.249 ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես, նյութապես շահագրգռելով 51-ամյա կնոջ հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող 26-ամյա երիտասարդին՝ վերջինիս տեղեկություններ են տրամադրել ավտոբուսի գտնվելու վայրի մասին, որից հետո՝ 2018թ. հոկտեմբերի 6-ին, երիտասարդը, նախապես իր հետ վերցնելով նավթամթերք պարունակող տարա, 26-ամյա երիտասարդի եւ 51-ամյա կնոջ հանձնարարականով՝ ժամը 04:00-ից 04:50-ն ընկած ժամանակահատվածում նշված տարան դրել է Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մերսեդես 430» մակնիշի ավտոբուսի սկզբնամասի ստորին հատվածում եւ դիտավորությամբ հրկիզել այն՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուրը 12.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս: 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է:

42-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, 51-ամյա կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս մտերիմ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հանցավոր խմբի մեկ այլ անդամ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, իսկ 28-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Նշված 7 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ն. Պ.

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ 5 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 17-ին կկայանան Դիլիջան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, 21 անձից բաղկացած ավագանին պետք է ընտրի համայնքի ղեկավար։ «Ապրելու երկիր» կուսակցությունը Իջեւանում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել ավագանու թեկնածուների 25-հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածուների 35-հոգանոց ցուցակ է ներկայացրել, որը գլխավորում է Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Դավիթ Սարգսյանը։ Դիլիջանի համայնքապետարանի  ինտերնետային կայքի համայնքի ղեկավարի էջում՝  Դ. Սարգսյանի կուսակցական պատկանելիության կողքին, գրված է՝ անկուսակցական:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը տեղեկացնում է, որ  սեպտեմբերի 11-ին Դիլիջանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ստեղծում, ընտրվել են տարածքային խորհրդի 5 անդամները, խորհրդի նախագահ է ընտրվել  Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը։  «Քաղաքացու որոշում» կուսակցությունը թիվ 38 ՏԸՀ է  ներկայացրել թեկնածուների 18-հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Արա Մարտիրոսյանը, «Հայրենիք» կուսակցությունը ներկայացրել է թեկնածուների 21-հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Արմեն Օրդինյանը, «Հանրապետություն» կուսակցությանը ներկայացրել է թեկնածուների 18-հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Արմեն Ուլիխանյանը։ «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2021թ. օգոստոսի 15-ին, կուսակցության նախագահը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանն է, կուսակցության համահիմնադիրը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Տեղեկություններ կան, որ «Ապրելու երկիր» կուսակցությանը հովանավորում է ռուսաստանաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը, ով Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրն է։ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանիների թեկնածուների   ցուցակի 2-րդ տեղում ընդգրկված Սուրեն Մելիքյանը Դիլիջանի ավագանու նախորդ կազմում համարվում էր Ռուբեն Վարդանյանի վստահելի անձը,  Սուրեն Մելիքյանին պատկանող ընկերությունն է իրականացնում Դիլիջանի միջազգային դպրոցի շենք-շինությունների պահպանությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում անհատ ձեռնարկատեր Սաթինե Աղաջանյանին պատկանող հացի արտադրամասում (Նոր Նորք վարչական շրջան) հայտնաբերվել են ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացրել են, որ, մասնավորապես, արտադրական եւ օժանդակ կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ եւ պատշաճ վիճակում, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների եւ միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման եւ տեղափոխման տարածքներ, հումքը եւ մյուս բաղադրիչները չեն պահվել դրանց փչացումն ու աղտոտումը կանխարգելող պայմաններում, հացի եւ հացաբուլկեղենի տեղափոխումը կազմակերպվել է տաք հացաբուլկեղենի կոնտակտավորման համար չթույլատրված տարաներով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Անհատ ձեռնարկատեր Սաթինե Աղաջանյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 




Լրահոս