ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամբողջ աշխարհում արդեն ներարկվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ավելի քան 5.72 միլիարդ դեղաչափ. պատվաստանյութի 75 դեղաչափ՝ 100 մարդու հաշվով: Ոմանք ստացել են պատվաստանյութի մեկ դեղաչափ, մյուսները՝ երկու, իսկ ոմանք՝ երեք: Ենթադրվում է, որ աշխարհի բնակչության մոտ 42 տոկոսն արդեն պատվաստված է կորոնավիրուսի դեմ, սակայն տարբեր երկրներում պատվաստումների մակարդակը տարբեր է. որոշ երկրներում պատվաստված է բնակչության ճնշող մեծամասնությունը, մյուսներում՝ 1 տոկոսից պակաս:

 

Այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է աշխարհի առնվազն 199 երկրում: Արաբական Միացյալ Էմիրությունները պատվաստվածների թվով դրանց մեջ առաջատարն են. այնտեղ բնակչության 91 տոկոսն արդեն ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առնվազն 1 դեղաչափ: Նրանք օգտագործում են Pfizer-BioNTech, Sinopharm, Oxford-AstraZeneca եւ Sputnik V պատվաստանյութերը:

Աշխարհում պատվաստվածների թվով երկրորդ տեղում է Պորտուգալիան, որտեղ բնակչության 85 տոկոսն արդեն ստացել է պատվաստանյութի առնվազն 1 դեղաչափ: Այնտեղ օգտագործվում են Pfizer-BioNTech, Oxford-AstraZeneca, Moderna եւ Johnson & Johnson պատվաստանյութերը:

Բնակչության ավելի քան 81 տոկոսն արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել Մալթայում, Քաթարում եւ Սինգապուրում: Եվրոպական երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում եւ այլուր, արդեն պատվաստվել է բնակչության ավելի քան 70 տոկոսը:

Միացյալ Նահանգներում բնակչության 63 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ: Այնտեղ օգտագործվում են Pfizer-BioNTech, Moderna եւ Johnson & Johnson պատվաստանյութերը, իսկ չպատվաստվածների համար, ինչպես թվարկված երկրների մեծ մասում, կան մի շարք սահմանափակումներ:

Ռուսաստանում բնակչության 31 տոկոսն է պատվաստված: Նրանք օգտագործում են Sputnik V, EpiVacCorona եւ CoviVac դեղամիջոցները:

Հայաստանն այս պահին պատվաստումների ամենացածր մակարդակով երկրներից է: Ըստ վերջին տվյալների՝ այստեղ արդեն ներարկվել է պատվաստանյութի 335.721 դեղաչափ. առաջին դեղաչափը ստացել է 215.278 մարդ, երկրորդը՝ 120.443 մարդ: Ըստ Reuters-ի հաշվարկների՝ ներկայումս երկրի բնակչության միայն մոտ 5 տոկոսն է պատվաստված,

եւ դա շատ ավելի քիչ է, քան տարածաշրջանի այլ երկրներում:

Օրինակ՝ Թուրքիայում արդեն պատվաստված է բնակչության 61 տոկոսը, Ադրբեջանում՝ 38 տոկոսը, Իրանում՝ մոտ 23 տոկոսը, իսկ Վրաստանում՝ մոտ 19 տոկոսը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամենացածր ընդգրկվածությամբ երկրներնին, ապա դրանց թվում են Մադագասկարը, Տանզանիան, Բուրկինա Ֆասոն, Հաիթին եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը. այս բոլոր երկրներում պատվաստանյութ ստացել է բնակչության 1 տոկոսից ավելի քիչ մարդ:

Հետաքրքիր է, որ պատվաստումների ամենամեծ թվով երկրներում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը գրեթե չի նվազում: Սակայն, միեւնույն ժամանակ, նվազում է COVID-19-ով հիվանդների թիվը, ովքեր ծանր վիճակում հայտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նվազում է նաեւ մահացության մակարդակը:

Ն. Պ.

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի եւ Հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Քննարկվեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից հետո առաջացած իրավիճակին, Արցախյան հակամարտությանը վերաբերող առաջնային մարդասիրական խնդիրներին, այդ թվում՝  հայ գերեւարված անձանց ու անհայտ կորածներին առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահը  կարեւորեց   ազատազրկված անձանց կարգավիճակը հստակեցնելու, ինչպես նաեւ նրանց վերադարձն ապահովելուն ուղղված քայլերի իրականացումը: ԿԽՄԿ ներկայացուցիչը բացատրեց կառույցի դերն այս հարցում` ընդգծելով պարբերական այցելությունների հնարավորությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից բոլոր հաստատված հայ գերիներին, ինչպես նաեւ նրանց ու նրանց ընտանիքների միջեւ կապի ապահովումը: Երկուստեք անդրադարձ կատարվեց սահմանամերձ գոտիներում ստեղծված ծանր իրավիճակին, մասնավորապես քննարկվեցին բնակչության համար առաջացած եւ կենսական նշանակություն ունեցող խնդիրները: Թիերի Ռիբոն ներկայացրեց ԿԽՄԿ-ի  համակարգված աշխատանքը` նշելով, որ կառույցի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են զոհվածների, անհայտ կորածների եւ  ազատազրկված անձանց ընտանիքների հետ, փորձում աջակցել նրանց: Նրանք նաեւ իրականացնում են գնահատում եւ արդյունքների մասին տեղեկատվություն տալիս իշխանություններին` գաղտնապահ երկխոսության ձեւաչափով: Թիերի Ռիբոյի խոսքով` ԿԽՄԿ-ն իրականացնում է բացառապես մարդասիրական եւ ապաքաղաքական գործունեություն հակամարտության առնչությամբ` աշխատելով տարածաշրջանում 1992 թվականից Երեւանում, Բաքվում ու Լեռնային Ղարաբաղում իր գրասենյակների միջոցով: Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ պարբերաբար լինում է սահմանամերձ համայնքներում եւ քաջածանոթ է բնակիչների խնդիրներին: Ըստ նրա` այլեւայլ հարցերից բացի, անհրաժեշտ է  լուծում տալ  նաեւ տուժած բնակիչներին փոխհատուցում տալու հարցին:

 

 

ԸՆԿԵԼ Է 7-ՐԴ ՀԱՐԿԻՑ

Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, որն ընկել է 7-րդ հարկից։ Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաեւ գանգուղեղը: Այս մասին հայտնել է բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո: Վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կա դրական դինամիկա:

 




Լրահոս