ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը ՏՈՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը մի քանի թեմաների շուրջ զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ:

 

-Տիկի՛ն Պետրոսյան, երեկ՝ կառավարության նիստի ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն, ինչն էլ զայրացրել է հատկապես զոհված զինծառայողների հարազատներին: Ձեր տեսակետը ո՞րն է այս հարցի վերաբերյալ:

-Մեր հայրենիքի անկախության օրերը միշտ պետք է նշվեն, բայց նախ մեր անկախությունը պետք է նշվեր եւ՛ 2019 թ., եւ՛ 2020 թ. սեպտեմբերի 21-ին։ Թեեւ բանակը կազմաքանդելու գործընթացը սկսված էր, բայց դեռ հիմքերին չէին հասել, դեռ դավաճանության փորձություն չէինք անցել, մենք դեռ ունեինք պետություն, կապիտուլիացիայի ավարտով պատերազմ չունեինք, այսքան զոհ չունեինք, ու պարադոքս է, այդ տարիներին անկախության օրը, միեւնույնն է, պատշաճ չէր նշվում, տոնական Երեւան, ուրախություն, հրավառություն չկար…

Իսկ 2021-ի սեպտեմբերի 21-ի տոնակատարությունն ուղղակի ցինիկության գագաթնակետն է, որովհետեւ կապիտուլյացիայից, այսքան զոհերից, անհետ կորածներից, գերեւարվածներից ու մի ամբողջ խեղված սերնդից հետո անկախության գունագեղ տոնակատարություն նշելը ուղղակի անմարդկային է, հակահայի ստորին քայլ, եւ նման ձեւով կարող էր վարվել միայն անհայրենիք, անծագում արարածը։ «Բարեկիրթ» թշնամու «հաղթանակը» տոնողներն են սրանք …

-Տիկի՛ն Պետրոսյան, բացի այս, արդեն մի քանի օր է, ինչ մամուլում լայնորեն տարածվում եւ քննարկվում է, որ նկարահանվում է ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ, որտեղից բացակայելու են Արցախին առնչվող պատկերները։ Այս մասին Դուք ի՞նչ կարծիք ունեք:

-Այս հարցը պետք է ուղղել յուրաքանչյուր նորմալ հայի, պարզապես ինձ հետաքրքիր է, թե ինչ պատասխան կտան: Ինձ ավելի շատ մտահոգում է այն, թե այս համատարած անտարբերության մեջ որտեղ կարելի է գտնել իսկական, մեր հողին կպած ազնիվ հայորդիների, որ գիտակցում են պահի դրամատիզմը, ողբերգությունը։ Ինչ վերաբերում է խնդրին, սա խայտառակ նախագիծ է, եւ հուսամ՝ իրականություն չի դառնա, պարզապես անկարող եմ ընկալել այդ նախագծին կողմ քվեարկողներին. ո՞նց են ապրելու հետո..

-Արդյոք Դուք միտում տեսնո՞ւմ եք, որ սա եւս մեկ փորձ է Հայաստանը Արցախից զատելու:

-Այսօրվա բոլոր որոշումների թիրախում հենց այդ միտումն է։ Ինչքան ուզում են, թող փորձեն, մեկ է, իրականությունը մեկն է ու միակը:

-Տիկի՛ն Պետրոսյան, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակին, Հայաստանի վարչապետը, նախագահն ու ԱԺ նախագահն այդպես էլ մասնակցություն չունեցան եւ չայցելեցին Ստեփանակերտ:

-Շատ ճիշտ են արել, առաջին խոհեմ քայլն է։ Մնում էր՝ Արցախ ոտք դնեին։ Դուք արդեն իսկ գիտեք այս հարցի պատասխանը: Մեծ պատիվ է անհայրենիքների մասին խոսելը։ Պետք է ազատվել այս չարիքից, որ երկիրը սկսի շնչել։ Մենք պետք է վերածնունդ ունենանք:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ԿԱՅԱՑԱՎ «ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԳԵՐԸ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է. ֆիլմի ամերիկյան պրեմիերան կայացել է 2 տարի առաջ, Հայաստանում հետաձգված պրեմիերան կայացավ սեպտեմբերի 10-ին մեծ շուքով։ Դերասանները նախ անցան կարմիր գորգով, ֆիլմի դիտումից հետո էլ Մոսկվա կինոթատրոնի բակում կազմակերպված բանկետի շրջանակում շարունակեցին շփվել ու քննարկել ֆիլմը, որի մասին կարծիքները հիացական էին։

 

Արման Նշանյանի, Արեւիկ Գեւորգյանի, Սոս Ջանիբեկյանի, Տաթեւ Հովակիմյանի, Սամվել Թաեւոսյանի, Ժան Նշանյանի, Արտաշես Ալեքսանյանի, Շաքե Թուխմանյանի, Նարինե Գրիգորյանի, Ռուդոլֆ Ղեւոնդյանի մասնակցությամբ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջում, պատմում են Համիդյան ջարդերի մասին։

Ֆիլմի ռեժիսոր Արման Նշանյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ մենք անընդհատ կենտրոնանում ենք 1915 թվականի ցեղասպանության վրա, սակայն այն ուներ նախապատմություն. ավելի փոքր մասշտաբով, բայց նույնքան դաժան ջարդեր եղել են Սուլթան Համիդի օրոք, եւ դրանք շատ մեծ հետք են թողել Կոմիտասի վրա։

Մանկահասակ Կոմիտասի, թրքուհի Սեւիլի եւ հայուհի Սոնայի ընկերությունը, հավերժի խոստում, հայկական մեղեդիներ, մարդկային արժեքներ ու հակադիր դաժանություն, հայերի ճակատագրեր, որոնք խեղվեցին Համիդյան ջարդերի հետեւանքով. սեպտեմբերի 10-ին կարմիր գորգով եւ հայտնիների ներկայությամբ տեղի ունեցավ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ֆիլմում հայ մեծ Վարդապետի կյանքի միջոցով ներկայացվում են հային հետապնդող իրականությունն ու պատմության դաժան էջերը, որոնք համեմված են Կոմիտասի հոգեցունց երաժշտությամբ:

Առաջինը հանդիսատեսի դատին ֆիլմը հանձնվել էր 2019 թ.-ին Լոս Անջելեսում, իսկ հայաստանյան պրեմիերան, համավարակով եւ պատերազմով պայմանավորված, հետաձգվել էր: «Սողոմոնի երգերը» պատմական դրաման, որը Արման Նշանյանը ստեղծել է օսկարակիր պրոդյուսեր ու «Կանաչ գիրքը» ֆիլմի համահեղինակ Նիկ Վալելոնգի (Vallelonga Productions-ից) ու Ասկո Հակոբյանի (Oscar Gold Productions-ից) հետ, հիմնված է իրական դեպքերի վրա: Հիմքում Սիրվարդ Կավուկչյանի պատմությունն է:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿՈՒՄԱՆԸ ԴԺԳՈՀԵԼ Է

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը դժգոհել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայից եւ հույս հայտնել, որ իր պայմանագիրը կերկարաձգվի։ «Լապորտայի հետ հարաբերություններս լավացել են, բայց անցած շաբաթ եղավ խոսակցություն, որը ճիշտ չէր։ Նա կարծում է, որ ես չունեմ լիարժեք իշխանություն թիմում։ Նա շատ էր խոսում։ Կարծում եմ՝ պետք է ամեն ինչ լինի հստակ։ Երբ ակումբը չունի հստակություն մարզիչի ապագայի վերաբերյալ, տարածվում են տարբեր ենթադրություններ։ Ես բաց եմ բանակցությունների համար եւ պատրաստ եմ երկարաձգել պայմանագիրս։ Իմ շնորհիվ ակումբն ունի ապագա»,- Կումանի խոսքը մեջբերում է sport.es-ը։ Կումանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Իսպանիայի առաջնության երեք խաղից հետո թիմը 7 միավորով 7-րդ տեղում է։

 

 

ԿԼՈՊԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ»։ «Ես ուրախ չեմ Ռոնալդուի վերադարձին «Յունայթեդ»։ Ցավոք, նա լավ խաղացող է։ Ինձ զարմացրեց այս տեղափոխությունը։ Ես պատկերացում չունեի, որ կարող է Ռոնալդուն հեռանալ «Յուվենտուսից», եւ շատ զարմացա։ Սա ազատ աշխարհ է։ Նրանք կարող ենք անել, ինչ ցանկանան»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն վերադարձը նշանավորեց երկու գոլով «Նյուքասլի» դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի խաղում։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթեց 4։1 հաշվով։

 

 

ԿԵՐԿԱՐԱՁԳԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ. հաղորդում է The Athletic-ը: 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս, սակայն Պոգբայի դիրքորոշման վրա ազդել է 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տպավորիչ վերադարձը, որը տիտղոսների հույս է տալիս։ Սպասվում է, որ առաջիկայում կողմերը կվերսկսեն բանակցությունները եւ կերկարաձգեն համագործակցությունը։ Անգլիայի ընթացիկ առաջնության 4 խաղում Պոգբան կատարել է 7 գոլային փոխանցում։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ռեալը» եւ ՊՍԺ-ն։

 

 




Լրահոս