ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Էրեբունի վարչական շրջանում այս պատկերը, մեղմ ասած, տհաճ է: Հուսանք՝ պատասխանատուներ կգտնվեն ու կմաքրեն այս փնթի տեսարանը:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե երբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:

Սուսաննա Կիրակոսյան (55 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

ՀՀ աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձին հաշմանդամության սահմանման մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ փաստաթղթեր են ներկայացվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար:

Սիրարփի Մանուկյան (32 տարեկան, դիզայներ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,

2) նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է,

3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ մշտական բնակության պետության իրավասու մարմնի տված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:

Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է ամուսնացող անձի լրացրած՝ ընտանեկան կարգավիճակը վերաբերյալ սահմանված տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված ամուսնությունը: Փաստացի համատեղ բնակությունը, եկեղեցական կարգով ամուսնությունը ամուսինների համար չեն առաջացնում այն իրավական հետեւանքները, որոնք ամուսինների համար նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գրանցված ամուսնության պարագայում: Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրով:

 




Լրահոս