ԲԱՆԱԳՆԱՑ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունն ամեն ձեւով ցանկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը «լուծարել»: Նպատակ է դրված, որ խմբակցության այն պատգամավորները, ովքեր այս պահին կալանքի տակ են գտնվում, հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատներից ու դուրս գան քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այժմ իշխությունը լծված է բժիշկ Արմեն Չարչյանին «չեզոքացնելու» ու նրան քաղաքականությունից հեռացնելու գործին: Նշենք, որ թեեւ նրա առողջական վիճակը ծայրահեղ վատ է, բայց նա պահվում է կալանքի տակ: Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ օրերս անգամ բանագնաց են ուղարկել հիվանդանոց՝ Չարչյանի մոտ, որ նրան համոզեն դուրս գալ քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, եւ դա տարօրինակ է, որ բանագնացը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Վերջինս Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը: Չարչյանը, սակայն, կտրականապես մերժել է: Մենք երեք օր շարունակ փորձում ենք այս հարցի շուրջ զրուցել Վիտալի Բալասանյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Մենք փորձեցինք այս հարցի հետ կապված զրուցել նաեւ Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Բալասանյանն այցելել է Չարչյանին: «Ես նման տեղեկություններ չունեմ, պարոն Չարչյանի հետ ամեն օր եմ հանդիպում, բայց ինքը ինձ նման տեղեկություն չի փոխանցել: Ասեմ ավելին՝ պարոն Չարչյանին իմանալով՝ նա ինչ-որ բանի դիմաց ինչ-որ գործողությունների չէր գնա, բայց ես այլ տեղեկություններ չունեմ»,-եզրափակեց փաստաբանը:

 

 

Սեպտեմբերի 13-ին հայտնի դսրձավ, որ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ. Միեւնույն ժամանակ, Պողոս Պողոսյանն ազատվել է ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից, Սահակ Օհանյանն ազատվել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթին այս գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ Սահակ Օհանյանի ազատումն ամենեւին պատահական չէ: ՀՀ պաշտպանության նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ Սահակ Օհանյանը տարաձայնություններ է ունեցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ, որից հետո  էլ ազատման դիմում է գրել։ Ի դեպ, Դավթյանի հետ  հաշտ չէ նաեւ Օհանյանի տեղակալը, որը եւս դիմում է գրել, եւ, մեր տեղեկություններով, դեռ ավելին՝ աշխատանքից ազատման դիմում է գրելու նաեւ Մուրացանի հոսպիտալի պետ Վահան Գեւորգյանը: Ասել է թե՝ ազատման դիմումների շարք է սկսվել. Արտակ Դավթյանի հետ աշխատելն անտանելի է դարձել:

 

 

 

Օրերս  «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարեց, որ չի մասնակցելու Գյումրիում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «լուսավորականները»  նախապես տամադրված են եղել մասնակցել Գյումրու ընտրություններին, անգամ թեկնածուի հարցն են որոշած եղել: ԼՀԿ-ի ցուցակը Գյումրիում պետք է նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը գլխավորեր: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանն ու մանրամասնեց. «Գյումրիում ընտրապայքարի մեջ չմտնելը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը, օգտագործելով իր ունեցած հնարավորությունները, տվյալ համայնքում մեծ ներկայություն է ապահովելու՝ մնացած ուժերին զրկելով այլընտրանք ձեւավորելու հնարավորությունից»: ԼՀԿ-ականները, ի տարբերություն Գյումրիի, Վանաձորի ընտրությունների կողքով ուղղակի անտարբեր անցնել չեն կարող, նախ՝ որովհետեւ քիչ թե շատ համակիրներ ունեն, ապա՝ պատվի հարց է: Մարուքյանի ծծնդավայր Վանաձորից ձեռքերը լվալն ու քաղաքական խաղից դուրս մնալը լուսանցքում հայտնվելու մասին կվկայի: Եթե կուսակցությունը որոշի մասնակցել Վանաձորի ընտրություններին, ապա այստեղ նույնպես նախկին պատգամավորի՝ Հրանտ Այվազյանի թեկնածությունը կառաջադրի:

 

 

 

Հայաստանում ձկնամթերքի գինը գնալով բարձրանում է։ Այս մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը? ՀՀ վիճակագրական կոմիտեն օգոստոսին, հուլիսի համեմատ, ձկնամթերքի շուկայում արձանագրել է 1.5 տոկոս գնաճ։ Միայն «Իշխան» ձկնատեսակի գինը բարձրացել է 1.7 տոկոսով։ Տեղեկացնենք, որ «Սպիտակ Իշխանի»  մեկ կիլոգրամը, եթե այն վաճառքի կա, ապա արժե 2300 դրամ, իսկ «Կարմիր Իշխանի» մեկ կիլոգրամը վաճառվում է 2700 դրամով։ Բայց սա դեռ ամենը չէ. այն առաջիկայում է՛լ ավելի է թանկանալու։ Այս մասին «Ժողովուրդ»  օրաթերթին փոխանցեցին ձկնաբույծները, իսկ պատճառը ջուրն է։ Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ձկնամթերքի գնի բարձրացումը պայմանավորված է ոչ միայն կերի թանկացմամբ, այլեւ էլեկտրաէներգիայի սակագինն է ձկնարտադրողների համար բարձրացել։ «Դրանք քիչ են, հիմա էլ ջուրն է թանկանում։ Ջուրը մենք գնում ենք պետությունից, հետո այն հետ ենք տալիս պետությանը դրենաժների միջոցով ոռոգման համար։ Հիմա ուզում են որոշում կայացնել, որ դրա համար էլ պարտավորված լինենք վճարել 0.11 դրամ՝ 1 խմ դիմաց։ Իսկ մենք մեծ քանակի ջրեր ենք օգտագործում, 24 ժամ օգտագործվում է այդ ջուրը։ Բնականաբար, այս ամենը կտանի թանկացման. կերն ամբողջությամբ գնում ենք եվրոյով, դոլարով, հոսանքի համար մեծ գումարներ ենք վճարում, իսկ մենք ահռելի չափերի հոսանք ենք օգտագործում»։ Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում ջրամատակարարման միակ օպերատոր «Վեոլիա ջուր»  ընկերությունը դիմել է ՀԾԿՀ՝ ջրի սակագների բարձրացման պահանջով։




Լրահոս