ԻՐ ԵՓԱԾ ՇԻԼԱՆ Է, ԹՈՂ ՈՒՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ում նախաձեռնությամբ ժամանակին ԱԺ պատգամավորները հեղինակեցին եւ ընդունեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունները՝ ապաքրեականացնելով զրպարտությունն ու վիրավորանքը, հիմա զղջում է արածների համար: Այժմ նա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով դիմելու է ՍԴ: Թեեւ Անդրեասյանն ասում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունները համապատասխանում են ԵԽԽՎ  2007թ. ընդունած 1577 բանաձեւի պահանջներին, սակայն դատավորների կողմից անարդար են կիրառվում, եւ երկրում խոսքի ազատությունը վտանգվում է: «Քաղաքացիական հայցերի ներկայիս քանակն ինքնին չէր վտանգի խոսքի ազատությունը, եթե այդ ազատությունը որոշ գործերով չվտանգեր ներկայիս օրենսդրությունն ապօրինի եւ անարդար կիրառող դատավորը՝ անօրեն դատավորը»,-կարծում է ՄԻՊ-ը: Փաստորեն, նա եւս եկել է այն եզրակացության, որ իր քայլով նպաստել է անօրինականությանը` մամուլի դեմ ճնշումներին: Հետաքրքիր է, եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այս դրույթը, ի՞նչ է լինելու այն վճիռների հետ, որոնց արդյունքում լրատվամիջոցներին պարտադրվել է, հակասահմանադրական օրենքի համաձայն, հսկայական տուգանքներ վճարել: Ամեն դեպքում հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանին այս առաջարկով դիմել էր «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դատական քաշքշուկներից հետո` հայտնելով, որ նա է եփել այս «շիլան», թող նա էլ օգնի, որ մարսենք:




Լրահոս