Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը: Այս փոփոխություններով, նշենք, կառավարությունը նպատակ ունի արգելել շահումով խաղերի կամ տոտալիզատորի գովազդը, ինչը լրատվամիջոցների ղեկավարների հավաստիացմամբ՝ ֆինանսական լուրջ հարված է:
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն ArmLur.am լրատվականի հետ զրույցում ասաց, որ լրատվամիջոցներին բուքմեյքերական կազմակերպությունների գովազդներից զրկելը մամուլին ու խսքի ազատությանը, ինչպես նաև՝ լրատվամիջոցներին ֆինանսական աղբյուրիներից զրկելուն ուղղված քայլեր է: «Օրենքի հեղինակ այդ նույն մարդիկ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննսիյանը, շաբաթը մի քանի անգամ ստատուսներ է գրում լրատվամիջոցների դեմ, ու ակնհայտ է, որ ինքը իշխանության կարգված է՝ որպես մամուլի վերակացու, հսկիչ»,- ասում է Օհանյանն ու հավելում, որ օրենքը նոր չի հրապարակ եկել: Նախկինում էլ է ժամային սահմանափակում մտցվել բուքմեյքերների գովազդների վրա, ինչի հետևանքով լրատվամիջոցները շոշափելի գումարներ են կորցրել:
«Հիմա մի կողմից ասում են, թե տնեսությունը չի աճում, ճգնաժամի մեջ ենք, տնտեսվարողներն էլ այնքան գումարներ չունեն, որ կայքերում գովազդ դնեն, մյուս կողմից՝ իշխանությունը սահմանափակում է այն կազմակերպությունների գովազդը, որոնք ինչ-որ մի ժամանակահատված մամուլի համար ֆինանսակայն աղբյուր կարող են լինել: Գաղտնիք չէ, որ մամուլի ազատությունն, առաջին հերթին, ֆինանսական ազատությունն ու անկախությունն է»,- հավելում է «Հրապարակի» գլխավոր խմբագիրը:
Մոտավոր հաշվարկ ներկայացնելով՝ Արմինե Օհանյանն փաստում է՝ կայքերի գովազդների մոտ 50-60 տոկոսը բուքմեյքերական ընկերությնների խաղային գովազդներն են, ու եթե դա կրճատվում է, համապատասխանաբար կրճատվում է նաև լրատվամիջոցի բյուջեն:
«Իշխանությունն ամբողջ օրը խոսում է մամուլի ազատությունից, հորդորում, թե ստվերային գումարներ մի վերցրեք, սեփականատերերի կամ հովանավորների ցանկը բացահայտեք և այլն, մյուս կողմից էլ կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է մամուլը: Իշխանությունը երբեք այսքան ատելությամբ լցված, ոչնչացնելու կամքով տոգորված չի եղել մամուլի նկատմամբ, որքան այսօր:
Լրագրության ոլորտում աշխատում եմ 30 և ավելի տարի, նույնիսկ խորհրդային վերջին տարիներին լրագրող եմ եղել, բայց նման բան, որ այսպես հետևողականորեն պայքարեն մամուլի դեմ, փորձեն ճնշել, կտրել, արգելել՝ հնարավոր բոլոր միջոցներն օգագործելով, չեմ հիշում»,- եզրափակում է մեր զրուցակիցը:
Սևակ Վարդումյան