Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Փոխվարչապետը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել իր առաքելության շրջանակներում: Մհեր Գրիգորյանը ՄԹ դեսպանին ներկայացրել է Կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները:
Դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետի հետ քննարկել է հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության հարթակի աշխատանքներին, Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին և տարածաշրջանային զարգացումներին: