Երեկ կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունել եւ անհետաձգելի է համարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցիալական փաթեթ»-ի վերաբերյալ դրույթներում եւ ամրագրել, որ.
«Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին առողջապահության ծառայությունների, հիփոթեքային և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման, մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու միջոցով առողջ ապրելակերպի ձևավորման և ֆիզիկական կոփման նպատակով տրամադրվում է սոցիալական փաթեթ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:
Այսինքն, սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները`
1) հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում.
2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում.
3) ուսման վճար.
4) սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում:
Ն.Հ.