Փոխվարչապետը խոսել է ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման գործընթացում երկաթգծերի վերագործարկման մասով հնարավոր լուծումները ավելի տեսանելի են, քան ավտոճանապարհների պարագայում, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ընթացքին:

Ըստ Մհեր Գրիգորյանի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի վերջին հանդիպումը եղել է մոտ մեկ ամիս առաջ: Սակայն ապաշրջափակման օրակարգի «հասունության» համար փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն կա:

Պատասխանելով հարցին, թե ո՞րն է հայկական կողմի համար ավելի նպատակահարմար՝ Իջևան-Աղստաֆա երկաթգծի, թե՞ Սյունիքով անցնող երկաթգծի վերաբացումը, փոխվարչապետը շեշտեց, որ հունվարի 11-ի հայտարարությունը ենթադրում է ապաշրջափակում որպես այդպիսին, ոչ թե կոնկրետ ուղղություններով:

«Այո՛, ամեն ուղղություն ունի իր տեխնիկական կամ տնտեսական հիմնավորման պրոբլեմները, բայց, այնուամենայնիվ, ուղղությունների վրա ֆիքսվելը, կարծում եմ, սխալ է, քանի որ խոսում ենք ապաշրջափակման մասին տարածաշրջանում, ինչը նշանակում է, որ բոլոր հնարավոր ուղիները պետք է բացվեն և ապաշրջափակվեն: Եկեք այդ տեսանկյունից նայենք հարցին, ինչը նշանակում է, որ բոլոր ուղղությունները բացելը, կարծում եմ, լավագույն լուծումն է: Բայց դա պետք է իրականացվի մեր սահմանային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ հսկողական գործառույթների իրականացման պարագայում և կարգավորվի առավելագույնս ԱՊՀ երկրների իրավական բազայի կանոններով», – ասաց Մհեր Գրիգորյանը:

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության փոխվարչապետերի նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թ. հունվարի 11-ի Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության հիման վրա, ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ի Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության՝ տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու նպատակով: Վերջին անգամ եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 17-ին:




Լրահոս