ՄԱՐԶՊԵՏԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին  «Ժողովուրդ»-ին դատի տալու սպառնալիքով հանդես եկած Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հարցազրույց է տվել «Հետք»-ին, որտեղ կրկին անգամ փորձ է արել անձամբ իր գործունեության հետ կապված խնդիրը կուսակցականացնել: Այսպես. իր վարորդի միջոցով 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մասին  Թթուջուր գյուղի դպրոցի պատմության ուսուցչի մրցույթի մասնակիցներից Աննա  Թորոսյանի` մեր թերթի միջոցով հրապարակած մեղադրանքը Նվեր Պողոսյանը, չգիտես ինչու, որակում է իբրեւ իր միջոցով «Բարգավաճ Հայաստան»-ի վրա ցեխ շպրտելու ցանկություն: Այդ առիթով հարկ ենք համարում նշել, որ եթե մենք ԲՀԿ-ի մասով այլ մտադրություն ունենայինք, ապա հաստատ Նվեր Պողոսյանին չէինք հիշի` հաշվի առնելով ԲՀԿ-ում նրա ունեցած ազդեցության ցածր մակարդակը: Այդուհանդերձ, եթե մարզպետն իրապես մտահոգված է ԲՀԿ-ի վարկանիշով, ապա խորհուրդ ենք տալիս կուսակցության անունն անհարկի չշրջանառել  կաշառակերության պատմության շրջանակներում: Ինչ վերաբերում է «Հետք»-ին տված հարցազրույցում մարզպետի արած մյուս պնդումներին, ապա հարկ ենք համարում  անդրադառնալ  դրանցից մի քանիսին:  «Հենց սկզբից ասեմ, որ ես այդ մրցույթից տեղյակ չեմ, չեմ էլ եղել»,- հայտարարում է Պողոսյանը, քիչ անց, սակայն, պնդելով. «Մրցույթից մեկ օր առաջ եմ իմացել ինձ զանգահարած լրագրողից»: Մի կողմ թողնելով այն, թե որքանով լուրջ կարելի է համարել միեւնույն պարբերության մեջ իրար տրամագծորեն հակասող հայտարարություններ անող մարզպետի խոսքերը, նշենք, որ մենք, իհարկե, չեն զլանում օժանդակել մարզպետարանի աշխատանքներին եւ պատրաստ ենք պարոն Պողոսյանին մարզում անցկացվող իրադարձություններից  առնվազն մեկ օր առաջ զանգահարել եւ տեղեկացնել, եթե իհարկե, պարոն մարզպետն ամեն անգամ դրանից հետո չսպառնա մեզ դատի տալ: Ինչեւէ, շարունակենք մարզպետի մտքի ընթացքը. «Ասեցի, որ դրանից (մրցույթից Ժ.) տեղյակ չեմ, դրանից հետո կապվել եմ մարզպետարանի կրթության եւ սպորտի վարչության պետի հետ, եւ պարզաբանել է, որ մրցույթի  ընթացակարգը պահպանված չէ, եւ մրցույթը դադարեցնելու կարիք կա: Ես էլ հանձնարարել եմ, որ դադարեցնեն»: Այսպիսով, մարզպետն ինքը խոստովանում է, որ «Ժողովուրդ»-ի լրագրողի ահազանգից հետո է միայն ինքը հանձնարարել դադարեցնել մրցույթը: Փաստորեն, եթե թերթի լրագրողը չզանգահարեր, մարզպետը տեղեկանալու, որ դրա ընթացակարգը պահպանված չէ: Պատասխանելով  «Ժողովուրդ»-ի թղթակցի` կաշառք վերցնելու մեղադրանքը մեկնաբանելու խնդրանքին, Նվեր Պողոսյանն, իր իսկ խոսքով, ասել է. «Ես ասել եմ, որ հարցին չեմ պատասխանի, քանի որ դա հերյուրանք է, եւ անմիտ է դրան պատասխանելը»: Այսինքն, «Ժողովուրդ»-ի լրագրողը` պահպանելով խնդրի շուրջ երկու կողմերի ասելիքը ներկայացնելու լրագրողական բարեխղճությունը, դիմել է նաեւ երկրորդ կողմին` տվյալ դեպքում մարզպետին, որը, սակայն, չի ցանկացել հերքել իրեն ուղղված  մեղադրանքները: Ընդ որում, ոչ թե անհասցե, այլ կոնկրետ մարդու` Աննայի կողմից, կոնկրետ մարդկանց` Թթուջուրի ներկա եւ նախկին տնօրենների ներկայությամբ մի քանի անգամ հնչեցված մեղադրանքները:  Բայց այստեղ էլ Նվեր Պողոսյանն ունի հակափաստարկ, որն է. «Թերթը պարտավոր էր իմանալ, թե  այդ մասին ով էր ասել Աննա Թորոսյանին, եւ նրան էլ լսեր: Թող սկզբնաղբյուրն իմանար, նոր միայն  տպագրեր»: Հավանաբար պարոն մարզպետին թվում է, թե «Ժողովուրդ»-ի լրագրողը, բացի իրեն հեռախոսազանգերով մարզում տեղի ունեցող մրցույթների մասին տեղեկացնելուց,  պետք է նաեւ քննչական գործունեությամբ էլ զբաղվի` պարզելու համար կոնկրետ մարդու ասածի սկզբնաղբյուրը: Նշենք, որ այս դեպքում մեզ համար սկզբնաղբյուրը տվյալ մեղադրանքը հնչեցրած անձն է: Սակայն, եթե մարզպետին շատ է հետաքրքրում, «թե  այդ մասին ով էր ասել Աննա Թորոսյանին», ապա հատուկ մարզպետի համար եւս մեկ անգամ հրապարակում ենք  Աննա Թորոսյանի հետեւյալ խոսքերը. «Մենք էլ ենք մարզպետի մոտ գնացել, որ  խոսենք, բայց իրա վարորդը մեզ ասելա, որ 3 հազար ԱՄՆ դոլար գումարն իր միջոցով տվել են մարզպետին, ու հարցը փակված է: Վարորդն իմ գյուղացի է` Վահանիկից: Ավելին, նա ասաց, որ եթե ինքն իմանար` ես եմ մյուս թեկնածուն, էդ գործը չէր անի, բայց արդեն ուշ է»: Այնպես որ,  եթե մարզպետը սկզբնաղբյուրը պարզելու խնդիր ունի, կարող է ուղղակի հարցնել իր վարորդին: Վերջում խորհուրդ կտանք մարզպետին՝ մեզ որակումներ տալու փոխարեն, զբաղվի իր պարտականությունների կատարմամբ, որպեսզի «Ժողովորդ»-ից չտեղեկանա, թե ինչ է կատարվում մարզում:«ԺՈՂՈՎՈՒՐԴ»




Լրահոս