«Ընդդիմության գործողությունների օրակարգը շարունակում է մնալ մեկը՝ իշխող ուժի հեռացումը իշխանությունից։ Ե՛վ խորհրդարանում պայքարը, և՛ արտախորհրդարանական բոլոր գործողությունները միտված են և շարունակելու են միտված լինել այս նպատակին»,- ArmLur.am լրատվականի հետ զրույցում անդրադառնալով Ազգային ժողովոի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, թե ընդդիմությանը պատրաստվում է փողոցային պայքարի, նման տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Ըստ նրա, մարդիկ, որ լավ են հասկանում՝ ինչ իրավիճակ է այս պահին երկրում, օր առաջ փողոցում ուզում են հակաիշխանական ցույցեր, իսկ խորհրդարանական ընդդիմության բոլոր ներկայացուցիչների գնհատականով՝ այս ճգնաժամի հանգուցալուծումը չի լինելու Ազգային ժողովում լինել։ «Հստակ է, որ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի իրավիճակի լրջությունը գիտակցող քաղաքացիների ճնշման պարագայում միայն, որի կազմակերպական աշխատանքները տրմաբանորեն վերապահված են ընդդիմությանը։
Խնդիրն այստեղ այլ է։ Որևէ գործողություն չպետք է լինի ինքնանպատակ, միայն քննադատություններին պատասխանելու համար և որև կոնկրետ արդյունքի չհանգեցնող։ Ընդդիմադիր դաշտում սա շատ լավ գիտակցում են։ Անթույլատրելի է հատկապես այս վիճակում հասարակության լայն զանգվածների ևս մեկ հիասթափության ալիքի հանգեցնելը։ Միայն սա է պատճառը, որ ընդդիմությունը՝ մասնավորապես «Հայաստան» դաշինքը երկար մտածում է որևէ գործողության կամ ծրագրի գործադրելուց առաջ»,- մանրամասնում է պատգամավորը։
Մեր այն դիտարկմանը, թե ընդդիմությունը նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո մի անգամ էլ դուրս եկավ փողոց, բայց որևէ արդյունքի չկարողացավ հասնել, հիմա ինչպ՞ս է կարողանալու իշխանությանը փողոցի պայքարի միջոցով հեռացնել, Վարդանյանը հարցով արձագանքեց․ «Ի՞նչ եք ակնարկում՝ եթե չի ստացվել առաջին փորձից հեռացնել ազգակործան իշխանությանը, այլևս չպե՞տք է փորձել նույնն անել։ Ընդդիմության և, ընդհանրապես, հասարակության՝ իրավիճակի լրջությունը գիտակցող հատվածի գործողությունները պետք է բխեն և պայմանավորված լինեն իրավիճակի հրամայականով։ Չի կարելի թույլ տալ, որ չհաջողելու վախը, կամ ցանկացած այլ վախ մեզ մղի անգործության և կոտրի պայքարի վճռականությունը։ Չհաջողելու ռիսկ միշտ էլ կա, բայց սեղանին Հայաստանի և բոլորիս ապագան է դրված, ուստի վախերը պետք է մի կողմ թողնել»։
Նա ընդգծեց նաև, որ իշխանության դեմ հնարավոր բոլոր ձևեվերով չպայքարելու այլընտրանքը սեփական երկրի կործանման լուռ վկա դառնալ է նշանակում, ինչն անընդունելի է ցանկացած արժանապատիվ հայի համար։
Սևակ Վարդումյան