«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` երեկ Մարգարյան հիվանդանոցի դահլիճում ՀՀ էլիտար շինարարության մեջ միջինը 150 հազար ԱՄՆ դոլարի ներդրումներ կատարած շուրջ 100 սեփականատերեր ժողով են արել: Նրանք կանգնած են ներդրած գումարներից զրկվելու եւ իրենց բնակարանները կորցնելու վտանգի առաջ: Այդ ընթացքում ընթերցվել է Սերժ Սարգսյանին ուղղված նամակը, որտեղ ասվում է, որ հավատալով սփյուռքի նախարարության «Արի տուն ծրագրին»` տարիներ առաջ ներդրումներ են կատարել հայրենիքում, սակայն այսօր կանգնած են այդ գումարները կորցնելու վտանգի առաջ: Ժողովին մասնակցել են 100 բաժնետերերից 35-ը, իսկ պատասխանող կողմի` շինարարությունն իրականացնող «Հերմեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն այնտեղ չեն եղել: Նշենք, որ «Մալիբու» սրճարանի տարածքում գտնվող եւ 80 տոկոսով պատրաստ շենքը «Հերմեքս»-ի կողմից գրավ է դրվել բանկին: Այսինքն` մարդկանց ունեցվածքը ՍՊԸ-ն գրավադրել է: Հավելենք նաեւ, որ շենքի 1-ին եւ 2-րդ հարկերի հետ կապված դատական վեճի արդյունքում իրենց ներդրումները կորցնելու վտանգի առաջ հայտնված մարդկանց հայցը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի կողմից բավարարվել էր, իսկ Վերաքննիչի կողմից` մերժվել: Հիմա դատական վեճը ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում է:
100 ՔՑՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ