Արմեն Սարգսյանը ցավակցել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական խոսք է հղել Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից։ Նախագահի ցավակցական խոսքը ներկայացնում ենք ստորև․

«Խոր ցավ ապրեցի՝ տեղեկանալով սիրված դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան մասին։ Մոտ վեց տասնամյակ իր դերասանական հարուստ և բովանդակալից կյանքն անցկացնելով Գաբրիել Սունդուկյանի անվան մայր թատրոնում՝ նա իր վառ անհատականությամբ ստեղծեց մնայուն կերպարներ, որոնց միացան նաև նրա փայլուն դերերը հայ կինոյում։

Ինքնատիպ դերասանական խաղը և բեմական վարպետությունը, որ տասնամյակներ շարունակ համադրվում էին Ժենյա Ավետիսյանի և նրա երջանկահիշատակ ամուսնու՝ տաղանդավոր դերասան Յուրի Ամիրյանի կերտած կերպարներում, կշարունակեն մնալ հանդիսատեսի հիշողության մեջ։

Ցավակցում և մխիթարանքի խոսքերս եմ հղում անվանի դերասանուհու ընտանիքին ու հարազատներին, արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»։




Լրահոս