ԽՆԴՐՈՂԻ ԴԵՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ՉԵՆ ԳԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատելով Հայ ազգային կոնգրեսի եւ իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հռետորաբանությունից? երկխոսությունն արդեն կարելի է ավարտված համարել: Հայ ազգային կոնգրեսը շաբաթ օրվա հանրահավաքում ընդունել է բանաձեւ, որի 15-րդ կետը վերաբերում է երկխոսությանը. «Կոալիցիայի կատարյալ անհաղորդությունը մեզ ստիպեց անիմաստ համարել բանակցությունների շարունակումը` միաժամանակ հայտարարելով, որ եթե կոալիցիոն պատվիրակությունն, այս անգամ արդեն իր նախաձեռնությամբ, դիմի մեզ, մենք չենք հրաժարվի գոնե քննարկել երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Վերջինս, սակայն, ինչպես եւ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, դադարել են այժմեական լինել»: Իսկ ահա կոալիցիան չի պատրաստվում խնդրողի դերում հանդես գալ:Կոալիցիոն պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը կարծում է, որ այս պահին սխալ է որեւէ տեսակետ արտահայտելը, այլ պետք է սպասել, մինչեւ էմոցիաները կարգավորվեն, որից հետո արդեն կարելի է քննարկել այդ հարցը: «Բայց ես չեմ կարծում, որ որեւէ մի կողմ իրեն թույլ կտա խնդրանքով դիմել մյուսին՝ երկխոսությունը վերսկսելու համար: Ես չեմ կարծում, որ դա սազական չէ ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր կողմին»,-ասաց պարոն Հարությունյանը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե իշխանությունները պատրաստ են հանդես գալ երկխոսության վերսկսման նախաձեռնությամբ, նա նշեց. «Ի սկզբանե մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք երկխոսությանը: Բայց երկխոսությունն իսկապես երկխոսություն է, երբ երկու կողմերն էլ գիտակցում են, որ ոչ թե ուլտիմատումների լեզվով պիտի խոսել, այլ պիտի լուծումներ գտնեն երկխոսությամբ»: Դավիթ Հարությունյանը նաեւ նշեց, թե ինքը չի բացառում երկխոսության վերսկսումը: «Ոչինչ չեմ բացառում, բայց բացառում եմ խնդրանքով դիմելը: Մենք պատրաստ ենք երկխոսության, բայց չենք պատրաստվում խնդրել»,-հավաստիացրեց նա: Ի վերջո, Դավիթ Հարությունյանն ի՞նքը կզանգի Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանին, թե՞ կսպասի վերջինիս զանգին: «Կարծում եմ՝ այդ ամենի մասին կարելի է խոսել, երբ մի փոքր ժամանակ անցնի, այդ ժամանակ կքննարկենք»,-նշեց նա:Կոալիցիոն պատվիրակության մեկ այլ անդամ՝ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, դժվարացավ ասել՝ կվերսկսվի՞ երկխոսությունը, թե՞ ոչ: Ըստ նրա՝ կոալիցիան այդ հարցը չի քննարկել, ու քանի որ խոսքը պատվիրակության մասին է, ապա իրենք որոշումը պետք է ընդունեն համատեղ: «Մենակ իմ խոսքով չի լինի: Մենք պետք է կոլեգիալ որոշում կայացնենք: Բոլոր դեպքերում, խոսքը գնում է՝ պատվիրակությունը նորից առաջարկով հանդես կգա, թե ոչ: Ես չգիտեմ՝ հանդես կգանք, թե ոչ: Բայց ակնհայտ է, որ մենք չենք խնդիրը»,-ասաց Բոստանջյանը: Վերջինս, սակայն, կարծում է, որ երկխոսության շարունակությունն իմաստ կունենա եւ օգտակար է: «Երկխոսությունը ոչ այլ ինչ է, քան տարբեր քաղաքական ուժերի տեսակետների արտահայտման համար լավագույն հարթակ, որտեղ չկա առճակատումների ինստիտուտ, այլ կա եթե անգամ ոչ բոլոր, ապա որոշ խնդիրների շուրջ ընդհանուր հայտարարի գալու հնարավորություն»,-նշեց Բոստանջյանը:Հասկանալի է՝ Կոնգրեսը սպասում է, որ իշխանությունները կխնդրեն կամ առնվազն կառաջարկեն վերսկսել երկխոսությունը: Իսկ իշխանություններն էլ գոնե այս պահին պատրաստ չեն գնալու նման քայլի: Ուստի ստացվում է, որ երկխոսության վերսկսումը հայտնվել է մեծ հարցականի տակ, եթե չասենք՝ դարձել է անհնարին:Սակայն Կոնգրեսի պատվիրակության անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը խորհուրդ է տալիս ուշադրություն չդարձնել իշխանությունների հայտարարություններին: «Ես համոզված եմ՝ գալու է այն պահը, որ իրենք կխնդրեն մեզ հետ երկխոսություն: Բայց այդ ժամանակ մենք կմտածենք՝ երկխոսենք, թե ոչ»,-ասաց Խաչատրյանը: Ինչ վերաբերում է իշխանությունների հավաստիացումներին, թե իրենք երբեք չեն պատրաստվում խնդրել Կոնգրեսին, Խաչատրյանը հակադարձեց. «Իրենք շատ են իմանում, թե ինչ են ասում: Իրենց վիճակն այնքան է վատանալու, իրենք ստիպված են լինելու գնալ այդ քայլին: Դրան զուգահեռ, ցավոք սրտի, երկրի, պետության վիճակն այնքան է վատանալու, եւ իրենք այլընտրանք չեն ունենալու եւ երկխոսության հարցով դիմելու են մեզ»:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս