ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության կողմերին երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններում․ Բլինքեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Հայաստանին անկախության օրվա կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում։

«Երեք տասնամյակների ընթացքում, երբ Հայաստանը մերժեց կոմունիստական կառավարումը և անկախություն հռչակեց Խորհրդային Միությունից, Միացյալ Նահանգներն ու Հայաստանը զարգացրել են ամուր գործընկերություն՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հարգանքի վրա: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի նվիրվածությունը և՛ այս ընդհանուր արժեքներին, և՛ իր միջազգային պարտավորություններին, որոնք այդպիսի կենսական դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:

ԱՄՆ պետքարտուղարը նաև բարձր է գնահատել ԱՄՆ-ում բնակվող հայերի ներդրումը այդ երկրի կենսունակության ապահովման հարցում՝ արձանագրելով, որ այդ մշակութային առնչությունները, ինչպես նաև՝ կապերը մարդկանց միջև, ամրապնդում են կապը երկու ժողովուրդների միջև:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ աջակցելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններում, ինչպես նաև ռազմական գործողությունների հումանիտար հետևանքները վերացնելու հարցում, այդ թվում և բոլոր գերիների ազատ արձակումը, անհետ կորածների ճակատագրերի պարզումը և բոլոր աճյունների արագ փոխանակումը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:




Լրահոս