Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ArmLur.am լրատվականին փոխանցեց՝ սեպտեմբերի 21-ի միջոցառումներին մասնակցելու հրավեր Արցախի խորհրդարանը դեռեւս չի ստացել: «Չնայած չեմ կարծում, թե նման հրավեր կլինի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ազգովին գունագեղ խրախճանքներ տոնելուն, ապա, պատգամավորի համոզմամբ, հային դա հարիր չէ: «Իհարկե, ճիշտ չէ անընդհատ սգի մեջ մնալ, բայց զոհված տղաների հիշատակի մեկ տարին պետք է ազգովին պահենք՝ մեր վարած զուսպ, համեստ, առանց անգամ անձնական բնույթի տոնակատարություններ ու խնջույքներ նշելու»:
«Խրախճանք անելն անամոթություն է, անհարգալից վերաբերմունք Եռաբլուրում ու Ստեփանակերտի եղբայրական պանթեոնում հուղարկավորված քաջորդիների նկատմամբ: Առավել քան վստահ եմ՝ այդ խրախճանքի կազմակերպումը ոչ այլ ինչ է, քան շեղում հասարակությանն ավելի կարեւոր երեւույթներից, որոնք սպասվում են սեպտեմբեր ամսվա մեջ: Այս առումով իշխանությունը նաեւ ընդդիմությանն է թեմա տվել, որ քննադատի՝ մի կողմ թողնելով առավել կարեւոր թեմաները»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ կառավարության նիստում Փաշինյանը նշեց. «Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձեւով նշվի, եւ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»:
-Տիկի՛ն Հակոբյան, արդյոք հրավեր ստացե՞լ եք մասնակցելու սեպտեմբերի 21-ին կայանալիք միջոցառումներին:
-Նախ՝ Արցախից համենայնդեպս մեզ որեւէ հրավեր չկա: Ես չեմ էլ կարծում, որ հրավեր կլինի: Կոնկրետ մեզ՝ օրենսդիր մարմնին, որեւէ մեկը հրավեր չի արել:
-Ի՞նչ տեսակետ ունեք սեպտեմբերի 21-ին կայանալիք գունագեղ միջոցառման մասին:
-Ինչ վերաբերում է գունագեղ խրախճանքներին, կարծում եմ՝ հային հարիր չէ: Ես կողմ չեմ անընդհատ սգի մեջ պահելուն: Մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, բայց ես ի սկզբանե ասել եմ, որ մենք ազգովի, հարգելով զոհվածների հիշատակը, պետք է պահեինք մեկ տարի՝ համեստ, զուսպ, առանց անձնական տոն նշելու: Իսկ խրախճանքներն անամոթություն են, անհարգալից վերաբերմունք Եղբայրական գերեզմանոցում եւ Եռաբլուրում հանգչող հայորդիների նկատմամբ: Մյուս կողմից՝ ես վստահ եմ, որ այս խրախճանքի կազմակերպումը շեղում է ամբողջ ազգին ավելի կարեւոր երեւույթներից, որոնք սպասվում են սեպտեմբեր ամսվա մեջ: Հենց այդ պատճառով նաեւ ընդդիմությանն է թեմա տվել իշխանությունը, որ ավելի շատ քննադատվի, եւ հանրությունն էլ շեղվի:
-Հայաստանում շատ քննադատվեց եւ ոչ միայն զոհվածների ազգականների կողմից: Արցախում ինչպե՞ս են վերաբերվել այդ լուրին:
-Գիտեք, Արցախում արդեն սովորել ենք, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են հային հակառակ: Այսինքն՝ եթե հայը որոշել է պահել մեր զոհերի հիշատակի մեկ տարին, ապա իշխանությունները կանեն հակառակը: Այստեղ բուռն քննարկումներ չկան, սեպտեմբերի 2-ին էլ մեզ մոտ էր Անկախության օր, եւ այդպես բուռն չնշվեց, եւ եթե անգամ նշվեր, ապա ճիշտ չէր ընկալվի, եւ չէին էլ գնա: Այստեղ չեն մեկնաբանում եւ դրան ուշադրություն էլ չեն դարձնում: Մենք էլ, անկախ նրանից՝ կունենանք հրավեր, թե չէ, միջոցառումների տեսքով այստեղ նշելու ենք ՀՀ անկախության օրը միանշանակ, բայց որեւէ խրախճանք չի լինելու, եւ այստեղ չի էլ քննարկվում այդ հարցը, եւ ընտրելու խնդիր չկա: Չի էլ մեկնաբանվում խրախճանք կազմակերպելը, քանի որ այլ բան իշխանություններից չէինք սպասում:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՋՈՒՐԸ ԹԱՆԿԱՆԱԼՈՒ Է
Հայաստանում ջուրը թանկանալու է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի ջրամատակարարման միակ օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սակագնի բարձրացման պահանջով: Մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունն առաջարկում է սակագինն ավելացնել 12.34 դրամով։ Այսինքն՝ սակագնի հայտն առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կկազմի 186.45 դրամ, իսկ ԱԱՀ-ով՝ 223.7 դրամ՝ ներկայիս 180-ի փոխարեն: Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընկերությունն առաջարկում է մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 190.145 դրամ (ներառյալ ԱԱՀ), մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը՝ յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 33.555 դրամ (ներառյալ ԱԱՀ), մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը՝ յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 44.740 դրամ (ներառյալ ԱԱՀ), մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 22.370 դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ, ահա, «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը՝ յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 11.375 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Բայց միաժամանակ նշենք, որ ընկերության՝ սակագնի բարձրացման վերաբերյալ հայտը դեռ պետք է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկի եւ ուսումնասիրի: Այսինքն՝ չի բացառվում, որ հայտում ներկայացված սակագները կա՛մ փոփոխվեն, կա՛մ էլ մնան նույնը:
ԲԴԽ-Ն՝ ԿՈԼԵԳԻԱԼ ՄԱՐՄԻՆ
Երեկ ընթանում էր Ազգային Ժողովի հերթական քառօրյայի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին ներկայացրել է ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանը: Դատավորի առաջին թեկնածուին ներկայացնելուց հետո ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ջհանգիրյանից հետաքրքրվել է նրա՝ ԲԴԽ նախագահի ժ/պ-ի կարգավիճակի շուրջ շրջանառվող տեղեկությունների մասին: «Մասնավորապես, որ Դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային իշխանություն եւ բացառապես Ձեզ հետ ճշտելով են դատավորները սկսել վճիռներ կայացնել, ինչը, հասկանալի է, դատական իշխանության դեպքում ամենաանթույլատրելին է, որովհետեւ Սահմանադրությամբ Հայաստանում դատական իշխանությունն անկախ է, անկախ է նաեւ ԲԴԽ-ից»,-նշել է Թ. Թովմասյանը: Ի պատասխան՝ Գագիկ Ջհանգիրյանը նշել է, թե ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է՝ կազմված 5 իրավաբան եւ 5 դատավոր անդամներից, օժտված չէ որեւէ դատավարական գործառույթով:
ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ՝ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԺԻՇԿ
Պատերազմի հետեւանքով առաջ եկած սոցիալական բազմաթիվ խնդիրների, հազարավոր վիրավորներին առողջապահական պատշաճ ծառայություններ մատուցելու ֆոնին վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետբյուջեի հաշվին հոգալ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների՝ ամուսին, զավակ, ծնող, առողջապահական ծախսերը: Մեկ այլ փոփոխությամբ՝ առաջարկվում է խորհրդարանի նախագահին անձնական բժիշկ տրամադրել:
Թե ինչ տրամաբանությամբ են առանձնացվել հենց այս երեք պաշտոնյաները, հասկանալի չէ, չնայած կառավարության որոշումներում տրամաբանություն վաղուց պետք չէ փնտրել: Եթե հարցը դիտարկում ենք բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակներում, ապա այս ցուցակում պետք է տեղ գտնեին անվտանգության խորհրդի անդամները նույնպես: Պետական պաշտոնյաների մասով դիտարկելիս Հայաստանում գործող բժշկական հաստատություններն անվճար ծառայություններ պետք է մատուցեն նաեւ պատգամավորներին, նախարարներին եւ այլն:
Գաղտնիք չէ, որ թե՛ նախկինում, թե՛ այժմ բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաններին ու նրանց ընտանիքի անդամներին (ընդհուպ ազգականներին) հիվանդանոցներն անվճար սպասարկել են առանց հավելյալ օրենքների, այսպես ասած՝ ներքին կարգով: Դա, իհարկե, ինչ-որ կարգով «թուղթ-թամասով» կարգի են բերել ու փաթաթավորել պետպատվերի անվան տակ:
Իշխանությունն այժմ քնել-արթնացել է ու որոշել հերթական աբսուրդային որոշումը հրամցնել հասարակությանը: 44-օրյա պատերազմից հետո, փոխանակ մտածելու յուրաքանչյուր դրամը խնայելու, պետական բյուջեն չմսխելու մասին, Փաշինյանի կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում իր ու մյուս իշխանավորների համար հարմարավետ կյանք ապահովելու համար: Պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած հազարավոր զինծառայողներ արտասահմանում բուժում ստանալու անհրաժեշտություն ունեն, տղաներ կան, որ երկու ձեռքից ու ոտքից են զրկված, իսկ օրվա իշխանությունն ԱԺ նախագահին անձնական բժշկով է ուզում ապահովել:
Իրենց ժողովրդի ծոցից դուրս եկած համարող իշխանավորները, ըստ երեւույթին, չեն տեսնում կամ տեսնում ու չեն հասկանում շրջապատի՝ «բայրաքթարների» ձայնն ականջում ապրող տղաների լուռ ցավը, այլապես ոչ թե իրենց ու գերդաստանի առողջապահական ծախսերը պետության վզին փաթաթելու մասին, այլ հանուն հայրենիքի առողջությունից զրկված ու կես մարդ դարձած տղաների ճակատագրի մասին կմտածեին: