ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ օրենսդրության պատճառով որոշակի դեպքերում ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքից:
Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները փաստում են հետեւյալը.
1) պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած այն քաղաքացիները, ովքեր զինվորական ծառայության ընթացքում ձեռք են բերել հիվանդություն, որը հիմք չի հանդիսացել նրանց ոչ պիտանի ճանաչելու համար, սակայն զորացրվել են ժամկետը լրանալու կապակցությամբ, չեն օգտվում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքից,
2) պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած այն քաղաքացիները, ում զինվորական ծառայության ընթացքում ցուցվել է բժշկական օգնություն, սակայն զինվորական ծառայության ընթացքում չի իրականացվել, չեն օգտվում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքից,
3) զինվորական ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ում նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամության խումբ չի սահմանվել, օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքից՝ միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում,
4) այն պայմանագրային զինծառայողները, ովքեր զինվորական ծառայությունից արձակվել են պահեստազոր ոչ թե երկարամյա ծառայության կամ ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով, այլ կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու կապակցությամբ, չեն օգտվում անվճար բժշկական օգնությունից նույնիսկ այն դեպքում, երբ հիվանդությունը ձեռք են բերել ծառայության ընթացքում:
Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ինչպես տարեկան հաղորդումներում, այնպես էլ ՊՆ եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի իրավասու ստորաբաժանումների հետ քննարկումների ընթացքում:
Հարկ է նկատել, որ մի շարք բողոքների քննարկմամբ եւ իրավասու մարմինների հետ համագործակցությամբ նախկին զինծառայողներին գործնականում տրամադրվում է անվճար բժշկական օգնություն ու սպասարկում:
Մինչդեռ խնդիրն ավելի խորքային ու համակարգային է. գործող օրենսդրության պատճառով մարդիկ անընդհատ խոչընդոտների առաջ են կանգնում:
Մարդու իրավունքների պաշտպանը չի սահմանափակվում միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացնում է նաեւ դրանց լուծման կոնկրետ եղանակներ: Այսպես, Պաշտպանի դիրքորոշմամբ՝ հարցի ամբողջական լուծման, քաղաքացիների իրավունքների ապահովման տեսանկյունից անհրաժեշտ են օրենսդրական հստակ կարգավորումներ: Մասնավորապես, անհրաժեշտ է՝
-սահմանել, որ ժամկետը լրանալու կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս պարտադիր ժամկետային զինծառայողների մոտ բուժման կարիք պահանջող հիվանդության հայտնաբերման դեպքում նրանց տրամադրվելու է անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում,
-այն դեպքում, երբ զինվորական ծառայության ժամկետում չեն լուծվում պլանային բուժման կամ վիրահատության կարիք ունեցող զինծառայողների առողջական խնդիրները, ցուցված բուժումը կամ վիրահատությունն անվճար հիմունքներով պետք է իրականացվի զինվորական ծառայությունից արձակվելուց հետո,
-օրենսդրական փոփոխությամբ ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքից՝ անկախ հաշմանդամության ձեռք բերելու հանգամանքից,
-նաեւ ամրագրել, որ նախկին պայմանագրային զինծառայողներն օգտվում են զինվորական ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության կապակցությամբ անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքից՝ անկախ զինվորական ծառայությունից արձակվելու հիմքից:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնապես առաջարկներ կուղարկի Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ եւ խմբակցություններ, ինչպես նաեւ Պաշտպանության եւ Արդարադատության նախարարություններ:
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԱՅՑԵՐԻ ԱՃԸ ԿՆՎԱԶԻ
Այս տարվա առաջին վեց ամիսների տվյալներով՝ Հայաստան զբոսաշրջիկ այցելել է հիմնականում Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Մասնագետները կանխատեսում են, որ զբոսաշրջիկների այցերի աճ կնվազի մինչեւ տարեվերջ. չէ՞ որ COVID-19-ի տարածման եւ դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր՝ «կարմիր» գոտում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները խստացվել են: Բայց, սրան զուգահեռ, Երեւանի փողոցներում հնարավոր է հանդիպել նաեւ ռուս զբոսաշրջիկների:
ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը 3200-ով ավելացել է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ ՌԴ-ից այցելել է 41 հազար 500 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա հունվար-հունիս ամիսներին՝ 44 հազար 700:
Բացի այս, 1000-ով պակասել են Ֆրանսիայից, 2000՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից 700-ով ավելացել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ ուղիղ 900-ով ավելացել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Ի դեպ, այս տարվա 6 ամիսներին 200-ով պակասել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը:
Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը զգալի ավելացել է՝ կազմելով 13 հազար 400: Եթե 2020-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելել է 6600 իրանցի զբոսաշրջիկ, ապա այս տարի այդ թիվը կազմել է 13 հազար 400: Օրինակ՝ մայիս-հունիս ամիսներին իրանցի զբոսաշրջիկների աճ գրանցվեց, քանի որ նրանք գալիս են Հայաստան պատվաստվելու նպատակով: Սակայն Առողջապահության նախարարությունը կարգի մեջ փոփոխություններ կատարեց, այդ պատճառով նրանց թիվը զգալիորեն կրճատվեց. օտարերկրացիները հուլիսի 15-ից հետո չեն պատվաստվում պոլիկլինիկաներում, նրանց պատվաստումը իրականացվում է միայն շրջիկ կետերում: Ըստ Առողջապահության նախարարության՝ օտարերկրացիները պետք է 10 օր մնան եւ նոր պատվաստվեն, ինչից հետո էլ որոշակի ժամանակ կրկին պետք է մնան, նոր մեկնեն. այս ամենը կրկնապատկվում է 2-րդ փուլի համար, բայց շատ իրանցիներ աշխատելու հետ կապված խնդիր ունեն եւ հետեւաբար չեն կարող 10 օրով աշխատանքից կտրվել՝ գալով Հայաստան: Այսինքն՝ չի բացառվում, որ այս թիվը առաջիկայում դարձյալ կնվազի:
ՍՈՅՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐ Է ՆՎԵՐ ՍՏԱՑԵԼ
ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել ՀՀ դատավորների գույքի, ունեցվածքի եւ դրամական միջոցների ծագումը: Այս անգամ մենք ուսումնասիրել ենք ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթեւոսյանի ներկայացրած հայտարարագիրը 2020 թվականի վերաբերյալ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մաթեւոսյանը 7 հատ հողամաս ունի ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատուն եւ Ամբերդ համայնքներում: Ունի նաեւ անհատական բնակելի մեկ տուն, ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված ինքնակամ կառույցներ, հասարակական նշանակության շինություն, որը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձորում: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ թվով 3 անշարժ գույք դատավորը նվեր է ստացել:
Անշարժ գույքից անցում կատարենք շարժականին. դատավորը 2019 թվականին գնել է 2016 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա: 2020 թվականի վերջին դատավորը «Էյչ Բի Էմ գրուպ» ընկերությունից ստացել է 34.2 մլն դրամի չափով փոխառություն: Բացի այս, դատավոր Մաթեւոսյանը 23 մլն 500 հազար դրամանոց կահույք է նվեր ստացել: Բանկային հաշիվներին դատավորն ունեցել է 3 մլն 866 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը տարեսկզբին կազմել է 26 մլն 900 հազար դրամ, ապա տարվերջին այն դարձել է 45 մլն 500 հազար դրամ: Հուսանք՝ մի առիթով դատավորը հանրության հետ կկիսվի հարստանալու եւ դրամական միջոցները կրկնապատկելու իր գաղտնիքներով:
Անդրադառնանք 2020 թվականին ստացած եկամուտներին. այսպես, ArmLur.am-ը դատավորի ներկայացրած հայտարարագրից տեղեկացավ, որ ամսական աշխատավարձը գերազանցել է 1 մլն դրամը: Բացի այս, նա ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությունից ստացել է 30 մլն 864 հազար դրամ: Ըստ երեւույթին, Ղազախստանի դեսպանատունը վարձակալում է դատավորին պատկանող տարածքը: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանից Մաթեւոսյանը ստացել է 72 հազար դրամ, Ֆինանսների նախարարությունից՝ մոտ 1 մլն դրամ, ՀՀ բանկերից մեկից՝ 30 մլն 780 հազար դրամի չափով փոխառություն: Իսկ դատավորի կինը՝ Իրինա Հովհաննիսյանը, ունի ընդամենը 400 հազար դրամ գումար:
Ս.Հ.
657 ՆՈՐ ԴԵՊՔ
Սեպտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 803 դեպք, որոնցից 233 521-ը` առողջացած, 5034-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10068 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 621 916 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 5067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 657 նոր դեպք: Ունենք 416 առողջացած, 16 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1180 է: