Սուտ մատնություն. ԱԺ նախկին պատգամավորի դեմ քրեական գործի հետքերով. ինչ է բացահայտվել 3 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականին ՀՔԾ-ն հայտնել էր, որ Հուլիսի 14-ին ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել 2017թ. ԱԺ ընտրություններում ընտրողներին կաշառք բաժանելու համար:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` պարզվել էր, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանին կաշառք տվող պատգամավորը «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանն է եղել: Այս գործով Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել դատարան եւ դատարանում տեղի է ունեցել անսպասելին.

ՀՔԾ-ն ԱԺ նախկին նախկին պատգամավորի եւ Մալիշկա համայնքի ղեկավարի դեմ ցուցմունք տված անձին մեղադրանք է առաջադրել սուտ մատնության համար: Մասնավորապես, ինչ է պարզվել. դատարանում Խաչատուր Դովլաթյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է և նախազգուշացված լինելով տեղի չունեցած հանցագործության մասին հայտնելու դեպքում նախատեսված պատասխանատվության մասին, ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Սերգոյի Մանանդյանի վերաբերյալ ուղղակի դիտավորությամբ կատարել է սուտ մատնություն։

Այսպես ՝

Խաչատուր Սերյոժայի Դովլաթյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 58157118 քրեական գործով 2018թ. հուլիսի 6-ին հարցաքննվելով որպես վկա, ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականի մարտ ամսին պատգամավորի թեկանծու առաջադրված Աշոտ Արսենյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանից վերցրել է ընդհանուր 30.000 ՀՀ դրամ գումար և 02.04.2017 թվականին մասնակցելով ընտրություններին, ստացված ընտրակաշառքի դիմաց, Մհեր Մովսիսյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն ինքը, մայրը և կինը քվեարկել են Աշոտ Արսենյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին։

2020 թվականի դեկտեմբերի 14-ին ժամը 12:18-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արտաշատի նստավայրում քննվող թիվ ԱՎԴ4/0007/01/19 քրեական գործով դատական նիստի ժամանակ Խաչատուր Դովլաթյանը հարցաքննվել է որպես վկա և դատական նիստը նախագահող դատավորի կողմից նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ուղղակի դիտավորությամբ կատարել է սուտ մատնություն, այն է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Հայկ Մանանդյանին անհիմն մեղադրել է տեղի չունեցած, պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և ապացույցներ կեղծելու միջին ծանրության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 1-ին մասով, 349-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, մասնավորապես նշելով, որ Մհեր Մովսիսյանից երբևէ ընտրակաշառք չի վերցրել, թիվ 58157118 քրեական գործի նախաքննության ընթացքում ցուցմունք տալու ժամանակ հայտնել է, որ Մհեր Մովսիսյանից վերցրել է իր երեխայի բուժման համար գումար, սակայն քննիչը արձանագրել է այլ կերպ՝ ցուցմունքում նշելով, թե իբր Մհեր Մովիսյանից ընտրակաշառք է վերցրել, իսկ ցուցմունքում իր ձեռքով արված գրառումը կատարել է նրա թելադրանքով։

Քնար Մանուկյան




Լրահոս