Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բազմաթիվ դիմում-բողոքների ուսումնասիրության և քննարկման ընթացքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց ուղղված քաղաքացիների դիմումներին տրվում են ոչ պատշաճ եղանակով, ուշացումով պատասխաններ կամ դրանք մնում են անպատասխան, ուստի Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել նման խնդիրների վերացման ուղղությամբ և անվերապահորեն հետևել Արցախի Հանրապետության Սահմանադրությանը ու օրենքներին, մասնավորապես՝
– Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
– Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք՝ բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների:
– Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` 1) անձի դիմումը, բողոքը. (…)
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին):
Նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է:
Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից: Օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով: Եթե ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18:00-ին:
Վարչական վարույթի ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքները՝ 1. Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում` 1) վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը. 2) եթե դիմումը վերաբերում է օրենքով նախատեսված որևէ փաստաթղթի տրամադրմանը, որն առնչվում է որևէ փաստի (ծնունդ, մահ, անձի բացակայություն տվյալ վայրից և այլն) հաստատմանը կամ արձանագրմանը, ապա դիմումի հիման վրա համապատասխան ակտը չստացած կամ այդ ակտի համար դիմում ներկայացրած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթղթերը չունենալու համար («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդված):