«ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ՓՈՔՐ ՔԱՂԱՔՈՒՄ». ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեծ պատմություն՝ փոքր քաղաքում» ֆիլմը 15 տարեկան է. այս առիթով ֆիլմի վերամշակված տարբերակը սեպտեմբերի 15-ին մեծ էկրաններ է բարձրանալու:

 

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը նշում է, որ մի քանի ամիս աշխատելուց հետո ֆիլմն այսօր համապատասխանում է ներկայիս չափանիշներին.  «Պրեմիերայի օրը պատահական չէ ընտրված. ուղիղ 15 տարի առաջ՝ հենց սեպտեմբերի 15-ին է ֆիլմն առաջին անգամ ներկայացվել հանրությանը: Ոչինչ չենք փոխել, ֆիլմը նույնն է, պարզապես վերամշակել ենք: Զրոյից արել ենք գունամշակումը եւ ձայնային աշխատանքները: ֆիլմը թեպետ 15 տարեկան է, սակայն այսօրվա չափանիշներին է համապատասխանում, իսկ այդ արդյունքին հասել ենք ամիսներ աշխատելու շնորհիվ: Կարծում եմ՝ մեր ֆիլմի երկրպագուները նորից կգան այն դիտելու, իսկ այն մարդիկ, ովքեր չեն դիտել, նրանց եւս կհետաքրքրի»,- նշել է Գոռը։

Վերամշակված տարբերակի պրեմիերայի առիթով հայրենիքում է ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Դավիթ Թովմասյանը:

Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ իմանալով Գոռ Կիրակոսյանի՝ ֆիլմը վերամշակելու գաղափարի մասին՝ շատ էր ուրախացել, քանի որ 15 տարիների ընթացքում արդեն ունենք նոր սերունդ, որն այս ֆիլմը դեռ չի դիտել, իսկ այս նոր որակով այն ավելի շատ կդիտեն, քանի որ, ըստ Դավիթի, «Մեծ պատմություն՝ փոքր քաղաքում»-ը հայկական լավագույն ֆիլմերից մեկն է:

«Իմ առաջին ֆիլմն էր: Գոռ Կիրակոսյանն իմ մտերիմ ընկերներից է, մենք միասին աշխատելու մեծ փորձ ունեինք: Երբ սցենարը գրվում էր, իմ կերպարն ուներ իր նախատիպը, ով մեր ընկերն էր, ես էլ հետեւում էի նրան: Կարելի է ասել՝ դա էլ իմ քասթինգն էր: Ի դեպ, դագաղի առկայությունն ինձ չէր ցնցել, ասեմ ավելին՝ ինքս էլ երեք անգամ հասցրել եմ դագաղում պառկել: Իմ կարծիքով՝ վատ տեսքով հանգուցյալ չէի: Իմ կարծիքով՝ ֆիլմի հաջողությունն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ ամեն ինչ շատ իրական է ներկայացված, այդ թվում՝ նաեւ տխուր արարողությունները, որոնց ժամանակ երբեմն հայտնվում են մարդիկ, որոնք զավեշտալի իրավիճակներ են առաջացնում նույնիսկ ամենատխուր պահերին»:

Դավիթ Թովմասյանի խոսքով՝ ֆիլմը կդիտեն այն մարդիկ, ովքեր կարոտել են այդ շրջանի Երեւանը, կոլորիտը, սակայն նոր սերնդին էլ հետաքրքիր կլինի ծանոթանալ այդ շրջանին:

«Ինքս ֆիլմը դիտել եմ մի քանի անգամ, աշխատել ենք ձայնի վրա: Ընտանիքով էլ ենք մի քանի անգամ դիտել. իսկապես կարոտել էի այդ շրջանը, նոստալգիա ունեցա: Ֆիլմի հետ կապված՝ զավեշտալի դրվագներ շատ կան: Հիշում եմ, որ Հրանտ Թոխատյանը, ով ամբողջ ընթացքում դագաղում պառկած էր, եկավ ու ասաց. «Դավի՛թ, մի հատ արի սցենարի վրայով անցնենք»,-եզրափակեց Դավիթը:

Հավելենք, որ սեպտեմբերի 15-ից ֆիլմը հասանելի է լինելու բոլոր կինոթատրոններում:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՍԻՊԻԼԻ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ պոլսահայ հայտնի երգչուհի Սիպիլի «Ավրորայի աղոթքը» տեսահոլովակի պրեմիերան: Երգչուհին  մեծ հուզումով եւ պատասխանատվությամբ հանրության դատին ներկայացրեց տեսահոլովակը, որի շուրջ աշխատանքները, պայմանավորված համավարակով եւ մեր հայրենիքի ցնցումներով, տեւել են շուրջ 4 տարի:

 

Չափազանց հուզիչ այս տեսահոլովակի պրեմիերային ներկա եղել նաեւ ArmLur.am-ը:

Այս ստեղծագործությունն աղոթք է Տիրամորը բոլոր պատերազմներում որբացող անմեղ մանուկների համար:

Երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, գործիքավորումը` Karen & Sevak Production-ինը, տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, իսկ հնչյունային ռեժիսորը` Հմայակ Ռոստոմյանը:

Տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում, ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է: Վերջինիս խոսքով՝ 1915 թվականից մինչ օրս մեր ազգն ինչ-որ բան է փնտրում՝ երեխային, ծնողին: «Այս հոլովակում խորհրդանիշ է լուսանկարը, որի միջոցով մարդիկ կարողացել են գտնել միմյանց: Մենք փնտրում ենք միմյանց, սիրում ենք, ամեն րոպե ցանկանում ենք հայի տեսնել՝ մեր բարեկամին, ընկերոջը, հարեւանին»:

Լրագրողների հետ զրույցում Սիպիլը նշել է, որ շատ կցանկանար սիրո մասին երգեր երգել, բայց նման ստեղծագործություններն առավել սրտին մոտ են: Երգը բավական երկար ճանապարհ է անցել՝ մոտ 4 տարի: Խոստովանում է՝ ամեն անգամ, երբ ցանկանում էր ձայնագրել, ինչ-որ բան խանգարում էր:

Նշենք, որ համացանցում տեսահոլովակը կունենա բովանդակային սեղմագրեր` անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն լեզուներով:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՆ»

Հայաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի աղյուսակը գլխավորում է «Արարատ-Արմենիան»: Երեւանյան ակումբն ունի 18 միավոր: Երկրորդ տեղում 15 միավորով «Արարատն» է, իսկ եռյակը եզրափակում է «Սեւանը» 13 միավորով: 4-րդը «Փյունիկն» է (10 միավոր), 5-րդը` «Ուրարտուն» (9 միավոր), 6-րդը` «Վանը» (7 միավոր), 7-րդը` «Նորավանքը» (4 միավոր), 8-րդը` «Նոան» (4 միավոր): Ընդամենը մեկ միավոր ունի «Ալաշկերտը», եւ ոչ մի միավոր չունի ԲԿՄԱ-ն: Առաջնության 7-րդ տուրը կկայանա սեպտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին եւ 23-ին: Միմյանց հետ կմրցեն հետեւյալ զույգերը` «Ալաշկերտ»-«Նորավանք», ԲԿՄԱ-«Արարատ», «Վան»-«Նոա», «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու», «Փյունիկ»-«Սեւան»:

 

ԽԱՂԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է մնալ երկրորդը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J ենթախմբում: Մունդիալի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն անցկացրեց հերթական երեք հանդիպումները՝ երեք բացարձակ տարբեր խաղեր, որոնք այլ տեսք, տրամադրություն եւ որակ ունեին: Մինչ 4-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումը Հայաստանի ընտրանին ուներ 100-տոկոսանոց արդյունք եւ երեք խաղերում տոնել էր 3 հաղթանակ եւ 9 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Այս հանգամանքը շատ մեծ քննարկման առիթ դարձավ հայկական մամուլում, ինչպես նաեւ արձագանք ստացավ գերմանական ԶԼՄ-ներում: Գերմանիան, որ աշխարհի 10 լավագույն հավաքականների շարքում է, մրցաշարային աղյուսակում միայն երկրորդն էր:

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում Կապառոսի թիմը խաղում էր առավել շատ միջին գծում, եւ տպավորություն էր ստեղծվում, թե թիմի համար ընդունելի է նաեւ ոչ-ոքի արդյունքը, ինչի դեպքում կունենայինք 10 միավոր: Սակայն վիճակագրությունը խոսում էր այն մասին, որ մակեդոնացիները առավել շատ են տիրում գնդակին, առավել դիպուկ են փոխանցումների ժամանակ եւ առավել արդյունավետ են: Ինչեւէ, խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Գերմանիայի դեմ խաղում Հայաստանի ընտրանին «փշուր-փշուր» եղավ առաջին կեսի ընթացքում, քանի որ մինչ ընդմիջումն արդեն պարտվում էր 0:4 հաշվով, իսկ երկրորդ կեսում բաց թողեց եւս երկու գնդակ: 0:6 հաշիվն ինքնին խոսում էր թե՛ խաղի, թե՛ թիմերի մակարդակի մասին: Կրակի վրա յուղ լցրեց Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը, ով խաղից հետո հայտարարեց, որ Հայաստանի, Մակեդոնիայի եւ Իսլանդիայի նման թիմերը չեն կարող խաղալ աշխարհի առաջնությունում:




Լրահոս