ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
Ինչպես ArmLur.am-ին փոխանցում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում նախարարները քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործըներության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ինչպես նաև Արևելյան գործընկերության՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել Լեհաստանի գալիք ԵԱՀԿ նախագահության ձևաչափում համագործակցության վերաբերյալ։ Նախարար Ռաուն համառոտ ներկայացրել է լեհական նախագահության ընդհանուր առաջնահերթությունները։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ առանձնահատուկ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրամայականը:
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, և այդ հարցում միջազգային համապատախան կառույցների ներգրավման հարցին:
Երկուստեք վստահություն է հայտնվել, որ անհրաժեշտ է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ համակարտության խաղաղ կարգավորման գործընթացը։