ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱՅԹԱՔՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր գործելաոճը, երբ անում է մի հայտարարություն, ապա ինչ-որ ժամանակ անց թերեւս զղջում է եւ փորձում սրբագրել այն: Ամենաթարմ օրինակը ՀՀ կառավարության նիստում ՀՀ անկախության 30-ամյակը նշելու վերաբերյալ հայտարարությունն էր: Այդ օրը նա, մասնավորապես, նշել էր. «Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձեւով նշվի, եւ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»: Եվ մինչ մի քանի օր շարունակ հանրությունը քննարկում էր գունագեղ բնորոշումն ու Փաշինյանի հայտարարությունները, երեկ՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ, նա այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին. «Ներողություն խնդրելով նաեւ Ձեզնից՝ մի ցավալի փաստ պետք է արձանագրեմ. անկախության որեւէ տոնակատարություն չենք ունեցել 30 տարվա պատմության մեջ, երբ չունենանք անհետ կորածներ, թարմ շիրիմներ Եռաբլուրում։ Դիլեման հետեւյալն է, թե արդյոք պետք է ընդգծենք անկախության տարեդարձը: Իմ ընկալմամբ՝ մեր բոլոր նահատակները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի. ես այսպես եմ ընկալում»,- ասաց Փաշինյանը: Մինչ այս Փաշինյանը, պատասխանելով նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, խոսել էր 44-օրյա պատերազմի հավանականությունն իմանալ-չիմանալու մասին եւ կրկին սայթաքում արեց՝ նշելով. «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչեւ 2020թ.-ի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական ինձ տված զեկույցներում»: Սակայն Փաշինյանը պատերազմի հավանականության մասին այսպիսի միտք էր արել նախկինում՝ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին. «Պատերազմը՝ ընդդեմ Արցախի, մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք եւ սպասում էինք, հարցն այն էր՝ որ ժամից եւ որտեղից կհարձակվեր թշնամին»։

 

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական թեկնածուն կունենա նաեւ վարչապետ Նիկոլի Փաշինյանի հարազատ Իջեւան քաղաքում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ իշխանությունը նոյեմբերի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրելու է Իջեւանի համայնքապետի պաշտոնակատարին՝ Արթուր Ճաղարյանին: Երեկ՝ ամբողջ օրը, փորձեցինք կապ հաստատել Ճաղարյանի հետ, փորձերը, սակայն, ապարդյուն անցան. համայնքապետի պաշտոնակատարն անարձագանք թողեց մեր բոլոր հեռախոսազանգերը: Հեռախոսազանգերին չպատասխանեց նաեւ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանը, որը, ըստ մեր լուրերի, այս օրերին Իջեւանում նախընտրական հարցերով է զբաղված: Հենց նա է «կուրացիա» անում ընտրությունների հետ կապված հարցերն ու աջակցում Ճաղարյանին:  Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արթուր Ճաղարյանը Ղալումյան եղբայրների հետ է բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ: Թե՛ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի, թե՛ նրա մարզպետ եղբայր Հայկ Ղալումյանի «դաբրոյով» է, որ Ճաղարյանը ներկայացվել է իշխանություններին ու արժանացել որպես թեկնածու առաջադրվելու հավանությանը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անձամբ է որոշում, թե արտախորհրդարանական ուժերից որոնք պետք է ընդգրկված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում։ Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ եւ առաջարկել համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում` ներկայացվածություն ունենալ քննիչ հանձնաժողովի կազմում։ Մեր տեղեկություններով՝ վերջին հանդիպման ժամանակ հստակեցվել է ցանկը, եւ չնայած ի սկզբանե առաջարկ է եղել, որ բոլոր ներկա ուժերն էլ լինեն, սակայն մենք տեղեկացանք, որ այդ առաջարկին դեմ է եղել Անդրանիկ Քոչարյանը՝ ասելով, թե այդպես նիստերի տեւողությունը կերկարի, անբովանդակ կխոսեն, եւ որոշում է կայացրել կանգ առնել երեք արտախորհրդարանական ուժի վրա եւ նրանց ներկայացնել հանձնաժողովին։ Բացի այդ, «ԱԺ կանոնակարգ»-ի համաձայն՝ հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկված լինեն Պաշտպանության հանձնաժողովի բոլոր անդամները։ Այս ամենը, սակայն, համակարգում է հենց Անդրանիկ Քոչարյանը եւ որոշում բոլոր հարցերը, ընդ որում՝ արդեն իսկ հանձնարարված է, որ ամեն ինչ պետք է փակ, գաղտնի արվի։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտախորհրդարանական ուժերից ընդգրկված կլինեն Սամվել Բաբայանի, Դավիթ Սանասարյանի եւ Նորայր Նորիկյանի գլխավորած ուժերը։

 

 

ՀՀ հաշվեքննիչ պալատը Հայաստանի գլխավոր դատախազություն նյութեր ուղարկելու մասին որոշում է կայացրել: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող ՊՈԱԿ-ներում՝ «Երեւանի մանկան տուն» եւ «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոններում ստուգումներ է իրականացրել ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ: Պարզվում է՝ ստուգման ընթացքում առերեւույթ հանցագործության տարրեր են հայտնաբերվել, որոնց վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Մեզ հայտնի դարձավ, որ «Երեւանի մանկան տուն», «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ների համար նախարարության կողմից կենտրոնացված կարգով անցկացված սննդամթերքի, ծխախոտի, հանդերձանքի եւ անկողնային պարագաների, տնտեսական, սանհիգիենիկ ու մաքրիչ նյութերի եւ վառելիքի գնումների գործընթացների արդյունքում հրապարակված պատճենահանված արձանագրությունները, ինչպես նաեւ այդ գնումների գործընթացների գնահատման հանձնաժողովներում ներգրավված ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների գրավոր տեղեկություններն են ուղարկել գլխավոր դատախազություն, ինչից հետո Հաշվեքննիչ պալատը պետք է շարունակի ստուգումները տվյալ ընկերություններում:

 




Լրահոս