ՔԱՂԱՔԱՑԻՆ ՉԻ ԶՐԿՎՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրողների՝ արդեն ստորագրած ցուցակների հանրայնացման հարցը ժամանակին քննարկվել, բարձրաձայնվել է, դրա մասին Վենետիկի հանձնաժողովը տեսակետ ունի, բայց 2016թ.-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը, քաղաքական կոնսեսուս եղավ, որ ստորագրված ցուցակները պետք է հրապարակվեն:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ դրա նպատակը մեկն էր, որ բարձրացվի վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ:

-Պարո՛ն Մուկուչյան, ցուցակների եւ անձնագրերի վավերականության թեմայի մասին խոսելիս Դուք ասացիք՝ երբ անձնագրի վավերականության ժամկետը վերջանում է, անձը զրկվում է ընտրելու իրավունքից: Դա նո՞ր դրույթ է:

-Օրենքը փոփոխվել է ավելի վաղ, ուղղակի փոփոխությունները, որոնք տեղի ունեցան, ընթանում էին ԱԺ ընտրությունների հետ կապված ակտիվ գործընթացներ, եւ ենթադրվում էր, որ այդ նորմերը գործողության մեջ ավելի ուշ էին դրվելու: Եվ թերեւս դա է պատճառը, որ լայն լուսաբանում նորմի չի եղել, սակայն խորհրդարանում քննարկումների ժամանակ այդ մասին խոսվել է: Խնդիրն այն է, որ այն բոլոր քաղաքացիները, ում անձնագրերի վավերականության ժամկետներն ավարտվել են, այդ քաղաքացիների տվյալները չեն լինի ընտրողների ցուցակներում, եթե քվեարկության նախորդ շրջանում նրանք չփոխարինեն անձնագրերը: Սակայն այդ դեպքերում քաղաքացին չի զրկվում ընտրելու իրավունքից, կարող է դիմել լիազոր մարմնին, ստանալ տեղեկանք եւ կատարել քվեարկություն: Նշեմ, որ առջեւում ՏԻՄ ընտրություններ են, ցուցակներն արդեն հրապարակված են, եւ կհորդորեի, որպեսզի բոլորը ստուգեն իրենց տվյալները ցուցակներում, թերություններ հայտնաբերելու դեպքում դիմեն լիազոր մարմնին, անձնագրային ծառայություններ:

-Դուք ինքներդ ասացիք, որ մի քանի փոփոխություններ եղան, երբ հասարակությունը զբաղված էր ընտրություններով: Դրանք շատ հապճեպ ընդունվեցին: Դրույթներ կա՞ն, որոնք Ձեզ անհանգստացնում են:

-Այդպիսի դրույթներ չկան, եւ դրանք պետք է գործեն: Իհարկե, կիրառման ընթացքում, երբ առարկայական ես կիրառում, կարող են առաջանալ խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ անհրաժեշտ է վախենալ այն գործադրելուց: Նորմերը միանշանակ գործարկվելու են. եթե լինեն խնդիրներ, կգույքագրվեն, կներկայացվեն Ազգային ժողովին: Կան նոր կանոնակարգումներ, որոնց համապատասխան՝ պետք է ընտրություններ անցկացվեն: Նորությունն այն  է, որ շատ տեղերում ՏԻՄ ընտրություններն  անցկացվում են համամասնական ընտրակարգով:

-Անդրադառնանք ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բարձրաձայնում էին, որ դա անձնական տվյալի խախտում է: Այդ դրույթն ինչո՞ւ  մնաց:

-Այո, այդ հարցերը բազմիցս բարձրաձայնվել են, անգամ Վենետիկի հանձնաժողովն ունի իր դիրքրոոշումը, սակայն քաղաքական կոնսենսուս եղավ, որ ընտրողների ստորագրված ցուցակները պետք է հրապարակվեն: Նոր իրավանորմը գործում է, եւ այդ հիմքով էլ քվեարկության ավարտներին հրապարակվում են ցուցակներ: Նպատակը մեկն է՝ վստահություն ամրապնդել ընտրական գործընթացների նկատմամբ, եւ ցուցակների հրապարակումից հետո, երբ հետեւում ենք կայքէջ այցելություններին, կարող ենք տեսնել, որ այդ ցուցակները մեծ հետաքրքրություն են ներկայացնում, եւ հրապարակումից հետո շատ են այցելությունները ԿԸՀ կայք եւ էջեր:

-Եթե ես՝ որպես քաղաքացի, չեմ ցանկանում, որ այն հրապարակվի՞:

-Հենց դրա հիման վրա էր հենվում այդ տեսակետը, որ գաղտնիության էլեմենտ պետք է լինի, սակայն մեզ մոտ ընդունված որոշմամբ այդ ցուցակները պետք է հրապարակվեն: Եթե այլ կանոնակարգումներ լինեն, այլ տարբերակ կլինի: Այժմ կանոնակարգումն այնպիսին է, որ դրանք պետք է հրապարակվեն, եւ համապետական ընտրություններից հետո դրանք եւս հրապարակվեցին:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

Ո՞Ր ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերությամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 2.2-րդ մասով եւ 127-րդ հոդվածով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացված համապատասխան իրավական ակտերը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է՝

 

l Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջեւան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ,

l Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ,

l Կոտայքի մարզի Արզնի համայնքում տեղի կունենա համայնքի ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություն։

Նշված համայնքներում քվեարկությունը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 14-ին։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 4-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:

14.11.2021 թվականին կայանալիք համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններին կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2021 թվականի սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը՝ ժամը 18:00-ն: Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է 2021 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը:

14.11.2021 թվականին կայանալիք մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2021 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը՝             ժամը 18:00-ն: Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է 2021 թվականի հոկտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն: 2021 թվականի նոյեմբերի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցերին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

Ն. Պ.

 

 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

Հայաստանում 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին մահաբեր հիվանդությունների ցանկի առաջատարն արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են: Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ՝ հիպերտոնիկ հիվանդությունները: Մեր հանրապետությունում այս տարվա հունվար-հուլիս ամիսներին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 9454, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 9112 մարդ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մահաբեր հիվանդությունների ցանկի երկրորդ տեղում են նորագոյացությունները, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա յոթ ամիսներին նորագոյացություններից մահացել է 3096, իսկ նախորդ տարվա հունվար-հուլիսին՝ 3180 մարդ: Բացի այս, տեղեկացնենք, որ այս տարվա յոթ ամիսներին Covid-19-ը խլել է 2331 մարդու կյանք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահաըվածում կորոնավիրուսից մահացել է 804 մարդ: Այս դեպքում ցուցանիշն աճել է 2.9 անգամ:

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ, ըստ նախաքննական մարմնի, Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Ի դեպ, Ռուբեն Վարդազարյանի քրեական գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին:

 

 




Լրահոս