3 ՕՐՈՒՄ 3 ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին աղմկահարույց սպանություններ են գրանցվել Հայաստանի տարբեր մարզերում, որոնք հիմնականում ընտանեկան հարթության մեջ են. որդին սպանել է հորը, հայրը` որդուն, ամուսինը` կնոջ սիրեկանին եւ այլն: ՏՂԱՆ ՍՊԱՆԵԼ Է ՀՈՐԸ Հոկտեմբերի 9-ին` ժամը 19:10-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ երիտասարդ տղան սպանել է հարազատ հորը:«Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացավ, որ իր բնակարանի հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է 52-ամյա Երվանդ Սայունցի դիակը` կիսամերկ եւ արյունոտ վիճակում: Տեղեկացանք նաեւ, որ արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել է աջ ազդրի` ծնկից մոտ 22 սմ բարձրության վրա 2 սմ երկարությամբ կտրած-ծակած վերք: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` 52-ամյա Երվանդի եւ իր 20-ամյա որդու  միջեւ վիճաբանություն է ծագել սոցիալական խնդիրների շուրջ: Քաշքշուկի ընթացքում որդին խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է հոր ոտքի աորտային, եւ այդ հարվածը մահացու է եղել: 20-ամյա երիտասարդը ոստիկանության կողմից բերման է ենթարկվել բաժին եւ դեպքի վերաբերյալ տվել ինքնախոստովանական ցուցմունք:ՀԱՅՐԸ ՍՊԱՆԵԼ Է ԶԱՎԱԿԻՆ Հոկտեմբերի 7-ին անգիտակից վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 29-ամյա մի երիտասարդ, որը, գիտակցության չգալով, մահացել է:Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացանք, որ կրծքավանդակի արնահոսող վերքով 29-ամյա Էդգար Խաչատրյանը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ էլ մահացել է: Մեր տեղեկությունների համաձայն` Էդգարի եւ իր հոր միջեւ կենցաղային վիճաբանություն է ծագել, ինչի հետեւանքով հայրը սպանել է 29-ամյա տղային:Տեղեկացանք նաեւ, որ հաջորդ օրը` հոկտեմբերի 8-ին` ժամը 00:30-ին, Գարեգին Նժդեհի փողոցի 32 շենքի մոտից բերման է ենթարկվել 57-ամյա Գառնիկ Խաչատրյանը` սպանված Էդգարի հայրը: Վերջինս ոստիկանությունում խոստովանել է, որ հոկտեմբերի 7-ին` ժամը 23:00-ին, տանը` վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է որդուն: ՍՊԱՆՎԵԼ Է 27-ԱՄՅԱ ՍԻՐԵԿԱՆԸԻսկ հոկտեմբերի 8-ին Աշտարակ քաղաքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել: Նույն օրը Աշտարակի բժշկական հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա Քաթրինե Հակոբյանը` ծեծված վիճակում:«Ժողովուրդ»-ը ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացավ, որ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները բնակարանում հայտնաբերել են Արթուր Դովլաթյանի դիակը:Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Աշտարակի բնակիչ 28-ամյա Աշոտ Սոխլաբաթյանը գիշերը տուն վերադառնալիս կնոջը` Քաթրինեին, բռնացրել է սիրեկանի` Արթուր Դովլաթյանի հետ: Այդ ընթացքում հարեւաններն աղմուկ-աղաղակ են լսել ու երբ ներս են մտել, տեսել են, որ Աշոտն ատրճանակի խզակոթով հարվածում է Քաթրինեի գլխին, իսկ 27-ամյա Արթուր Դովլաթյանն արնաշաղախ ընկած է հատակին: Արդյունքում` դանակի հարվածներ ստացած 27-ամյա Արթուր Դովլաթյանը սպանվել է, իսկ Քաթրինեն մարմնական վնասվածքներով հարեւանների կանչած շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց: Աշոտն ու Քաթրինեն ունեն երկու անչափահաս երեխա: ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ տեղեկատվության վարչությունից նշեցին, որ այս փաստի առթիվ եւս հարուցվել է քրեական գործ:Հ.Գ. Վերջին շրջանում սահմռկեցուցիչ իրադարձությունների պակաս Հայաստանում չի զգացվում: Ո՞ւր ենք հասել, որ հայր ու որդի միմյանց դանակահարում են: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս