Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարում՝ Միացյալ Նահանգները համարում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, եւ այն ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում է։ Մանսավորապես, դեսպանից լրագրողները երեկ հետաքրքրվում էին, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ն Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ:
«Այն, ինչ տեսնում ենք Սյունիքի մարզում, մասնավորապես՝ Գորիս – Կապան ճանապարհին… այդ առումով մենք միշտ շեշտել ենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատեւ խաղաղության։ Ուզում եմ ընդգծել ու արդեն մի քանի անգամ ասել եմ՝ մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է», – ասաց դեսպանը։
Նույնաբովանդակ հայտարարություն Հայաստանում ԱՄՆ դեսպանը շաբաթավերջին էր արել: Պաշտոնական Բաքվի արձագանքն էլ չէր ուշացել։ Ադրբեջանն «անթույլատրելի էր» համարել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտարարել էր այդ երկրի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան: Ըստ ԱԳՆ ներկայացուցչի` հակամարտությունն անցյալում է, եւ «Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը»: «Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հուլիսի 7 -ի հրամանագրով ստեղծվել են Արեւելյան Զանգեզուրի եւ Ղարաբաղի տնտեսական շրջանները: Այս տարածքները Ադրբեջանի անբաժանելի մասն են, եւ որեւէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող», – շեշտել է Լեյլա Աբդուլաեւան:
Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Բաքուն բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, Մինսկի խումբն էլ անելիք չունի։ Դեսպանն շատ կարճ արձագանքեց պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությանը։ «Ես ավելացնելու բան չունեմ ավելի վաղ իմ ասածին, իմ մեկնաբանությունը, հայտարարությունը, որ մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում է, սա Միացյալ Նահանգների քաղաքականությունն է, դիրքորոշումը», – ընդգծեց Լին Թրեյսին։
ԱՄՆ դեսպանի հայտարարության ֆոնին Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիպ Լեյթինենն էլ Սյունիքում մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ երեկ ունեցած հանդիպմանը շեշտել է՝ Լին Թրեյսիի ցանկությունն էր, որ բոլորով իրենց առաջին այցը Հայաստանում սկսեն Սյունիքից՝ կարեւորելով դեսպանատան աշխատանքի տեսանկյունից այս մարզի առաջնահերթություն լինելը։ Նորանշանակ փոխդեսպանի հետ Հայաստանի հարավային մարզում են եղել նաեւ դեսպանատան ռազմական կցորդն ու քաղաքական ու տնտեսական գրասենյակի ղեկավարը, որոնք նույնպես նոր են նշանակվել։
Ըստ Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության՝ նորանշանակ փոխդեսպանը հայտնել է, որ ցանկանում են տեղում ծանոթանալ կացությանն ու հասկանալ, թե ինչպես կարող են շարունակել աջակցել ժողովրդավարական ու տնտեսական զարգացումներին, ինչպես նաեւ տեղեկանալ անվտանգային խնդիրների մասին։
Ըստ նույն հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգությանը, ճանապարհներին ու երթեւեկությանը, տնտեսական խնդիրներին առնչվող ու այլ հարցեր։
Ն.Հ.
ՊԱԿԱՍԵԼ Է
Հայաստանում այս տարվա յոթ ամիսներին չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերի քանակը զգալի պակասել է: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հուլիսին չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը կազմել են 8 հազար 743, իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց քանակը կազմել է 11 հազար 641, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 2898-ով նվազել են չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը: Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանում այս տարվա յոթ ամիսներին արձանագրվել է վիրուսային թոքաբորբի 6 հազար 523 դեպք: Բացի այս, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ գրիպի դեպքերի քանակը եւս պակասել է: Օրինակ, նախորդ տարվա յոթ ամիսներին հարուցված այլ նույնականացրած գրիպի վիրուսով գրիպի դեպքերի քանակը կազմել է 361, իսկ, ահա, այս տարվա նույն ժամանակահատվածում դրանք 7-ն են: Անցյալ տարվա հունվար-հուլիս ամիսներին թոքաբորբով գրիպի դեպքերի քանակը կազմել է 36, իսկ այս տարվա նուիյն ժամանակահատվածում թոքաբորբով գրիպի դեպքեր չեն գրանցվել:
ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո իշխանությունը լծվել է պետական տարբեր գերատեսչություններում կարդային ջարդ իրականացնելուն: ArmLur.am լրատվականի տեղեկություններով՝ կառավարական կաբինետի տարբեր օղակներում, մարզպետարաններում ու թաղապետարաններում իշխանությունները ոչ յուրայիններից ազատվելու գործընթաց են սկսել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետական գերատեսչությունների՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցներին ուղիղ ասում է, որ ազատման դիմում գրեն ու գնան: Իշխանավորները հատկապես դաշնակցակաների հետեւից են ընկած, ովքեր Նիկոլ Փաշինյանին ամենասուր կերպով են քննադատում:
Փաշինյանի կաբինետի անդամները չեն ցանկանում անգամ այլախոհ քաղծառայողներին հանդուրժել, որոնց աշխատանքից ազատելն անհնարինի պես մի բան է, չնայած այդ հարցի համար նույնպես իշխանական թեւի ներկայացուցիչները լուծումներ են գտել: Ի տարբերություն պետական գերատեսչությունների մյուս աշխատակիցների՝ ընդդիմադիր քաղծառայողները զրկվում են պարգեւավճարներից կամ ավելի պակաս ստանում մյուսներից:
Նաեւ որոշում են մի քանի բաժին իրար միացնել, ու պատճառաբանելով, թե միավորված բաժիններում նույն գործառույթն իրականացնող մի քանի աշխատակցի կարիք չկա, աշխատանքից հանում են Փաշինյանի անձով չոգեւորվածներին:
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ
«Պատկերացրե՛ք հետեւյալ իրավիճակը. ունենք Արմեն Չարչյանի վերաբերյալ նշանակված դատական նիստ, եւ այդ ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը մտնում է Վերաքննիչ դատարանի շենք»,- ասել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, որը երեկ տեսակցել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ «Ես չեմ ուզում վերացական դատողություններ անել, թե կոնկրետ այդ գործով էր պայմանավորված այցելությունը, թե ոչ։ Բայց օբյեկտիվ դիտողի կողմից արդյոք չի՞ կարող լինել կասկած, որ դա պայմանավորված էր հենց Արմեն Չարչյանի գործով։ Նման մի փոքր կասկածի դեպքում մենք օրինական դատարանի մասին խոսք չենք կարող ունենալ»,- նշեց նա։ Ալեքսանյանը հիշեցրեց, որ երկու միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքի փոփոխման վերաբերյալ հրատապ նիստ հրավիրելու համար։
ԱՍՏՂԱՇԵՆՈՒՄ ՊԱՐՍԻԿՆԵՐ ԵՆ
Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում պարսիկներ են հայտնվել: Լուրը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց համայնքապետ Արթուր Գրիգորյանն ու բացատրեց՝ պարսիկներն այդ համայնքում շինարարություն են իրականացնում: Գրիգորյանի փոխանցմամբ՝ «Կապավոր» ընկերությունը, որ կառավարության կողմից տրամադրված «տենդերով» շինարարություն է իրականացնում գյուղում ու տներ կառուցում, որպես աշխատակիցներ պարսիկների է ներգրավել: «Նրանք որեւէ կապ չունեն ո՛չ գյուղի, ո՛չ գյուղացիների հետ: Ամբողջովին առանձնացված են, որեւէ կապ, շփում չունեն տեղացիների հետ: Առավոտյան գալիս են, աշխատում են, երեկոյան գնում են իրենց համար առանձին հատկացված վայրը: Պայմանավորվածությունը շինաշխատանքներ իրականացնող ընկերության հետ այնպիսին է, որ նրանք գյուղացիների հետ որեւէ շփում չպետք է ունենան»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը:
ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամսով հետաձգեց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Այս մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը: 2008թ.-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դիմումով տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-28-ը գտնվելու է արձակուրդում։ Բացի այդ, դատավորները մասնակցելու են վերապատրաստման կուրսերին եւ կարող են դատական նիստերի մասնակցել հոկտեմբերի 11-ից հետո։ Ըստ այդմ՝ հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ին։