(Սկիզբը՝ նախորդ համարում)
Հարց։ Ասացե՛ք՝ ինչ խնդիր էր դրված ԼՂՀ-ից Հայաստան եկած զինծառայողների առջեւ, ինչո՞ւ եք նման քանակության ծառայողներ ուղարկել Երեւան։
Պատասխան։ Մենք կատարել ենք համապատասխան հրամանների պահանջները։ Կոնկրետ խնդիր զորքի առաջ չի դրվել, ասել են՝ սպասեք, մինչեւ կլինի հատուկ ցուցում։ Կոնկրետ ես համահավաք այդ գումարտակի հետ առնչություն չեմ ունեցել, գումարտակն ուներ իր հրամանատարական կազմը։ Պարզապես անձնական գործերով մնացել էի Երեւանում ու չէի կարող անտարբեր լինել իմ դիվիզիայի կազմից Երեւան բերված զինծառայողների նկատմամբ եւ մի քանի անգամ այցելել եմ կենտրոնական հավաքակայան, տեսակցել անձնակազմի հետ։ Արդեն նշեցի, որ այդ ժամանակ Հայաստանում հանրահավաքներ էին տեղի ունենում, որը կապված էր 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների հետ։ Ժողովրդի մի մասը ցույցեր էր անում, ու, իմ կարծիքով, զորքը Երեւան էր բերվել հասարակական կարգ պահպանելու համար։ Իմ պատկերացմամբ՝ մեզ ուղարկել էին Երեւան՝ շենք-շինությունները հսկելու, որ հանկարծակի լարվածություն, բախումներ չլինեն։ Ես հետագայում տեղեկացել եմ, որ մարտի 1-ին զորքը տեղափոխվել է ՀՀ կառավարության շենք, մնացել է այնտեղ, եւ այդպես էլ նրանք քաղաք դուրս չեն եկել, ցույցերի ժամանակ դրսում ծառայություն չեն իրականացրել։
Հարց։ Քննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ԼՂՀ պաշտպանության բանակի ավտոմեքենաների համարանիշներն ու զորքի համազգեստների տարբերանշանները փոխվել են։ Ի՞նչ կասեք այդ մասին։
Պատասխան։ Ես տեղյակ չեմ, ԼՂՀ-ից եկած զինծառայողների հարցերով ես չեմ զբաղվել, մեր զորքի ավագը Միքայել Արզումանյանն էր (Միշկան), իսկ ընդհանուր զորքն ուներ իր հրամանատարական կազմը։
Հարց։ Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ պաշտպանության բանակի ստորաբաժանումներից կազմավորված համահավաք գումարտակի կազմում միայն սպաներ եւ ենթասպաներ են ընդգրկված եղել։ Գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ համահավաք գումարտակը կազմավորված է եղել միայն տեղացիներից. դրա կազմում բացառապես ԼՂՀ-ում բնակվող անձինք էին։ Ի՞նչ կասեք այդ մասին։
Պատասխան։ Ես չեմ հիշում, թե հրամանում ինչպես է նշված եղել, բայց անձնակազմի ընտրությունը կատարել եմ հրամանի հիման վրա։ Ամենայն հավանականությամբ, ասվել է, որ ժամկետային զինծառայողներ չլինեն, այդ պատճառով էլ նման կերպ ենք վարվել։ Ես չեմ կարող պնդել, որ զորքը բաղկացած էր միայն Ղարաբաղում բնակվող սպաներից ու ենթասպաներից. եթե այդպես է եղել, ուրեմն նման հրահանգ են տվել բանակից, հստակ չեմ հիշում։
Հարց։ Ասացե՛ք՝ ԼՂՀ ոստիկանության եւ Արցախի անվտանգության ծառայության ստորաբաժանումների աշխատակիցները Երեւան եկել են, թե ոչ, նրանք կենտրոնական հավաքակայանում մնացել են, թե ոչ։
Պատասխան։ Տեղյակ չեմ, ոչինչ չեմ կարող ասել։
Հարց։ Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ԼՂՀ-ից Հայաստան ժամանած պաշտպանության բանակի ստորաբաժանումների ծառայողները տեղակալվել են նաեւ ՀՀ նախագահի նստավայրում, Սահմանադրական դատարանի շենքում, նոր «Շիրակ» հյուրանոցում։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին։
Պատասխան։ «Շիրակ» հյուրանոցում ես եմ մնացել 2 օր, իմ հետ հյուրանոցում է եղել նաեւ վարորդս, ով 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվել է։ Այլ զինծառայող այդ հյուրանոցում մնացել է, թե ոչ՝ տեղյակ չեմ։ Հարցադրման մեջ նշված վայրերում ԼՂՀ-ից եկած զորքի մնալու մասին տեղեկություններ չունեմ։
Հարց։ Ասացե՛ք՝ ինչ սնունդ են տվել զինծառայողներին։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ԼՂՀ-ից եկած զինծառայողներին հատկացվել է բանակի զինծառայողներին տրվող սնունդից էականորեն տարբերվող սնունդ, ընդ որում՝ ըստ գործով ձեռք բերված տվյալների՝ այն ուղարկվել է գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից։
Պատասխան։ Ես տեղյակ չեմ, կենտրոնական հավաքակայանի զորքի սննդի ապահովման եւ մյուս հարցերով չեմ զբաղվել։
Հարց։ Ասացե՛ք՝ ՀՀ կենտրոնական հավաքակայանում կամ Երեւան քաղաքի այլ վայրերում ՀՀ նախագահի նստավայրում անցկացված խորհրդակցությունից հետո Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին հանդիպել եք, թե ոչ։
Պատասխան։ Միքայել Հարությունյանը մեկ անգամ եկել է կենտրոնական հավաքակայան, կոնկրետ օրը չեմ հիշում։ Միքայել Հարությունյանին այդ մեկ անգամ եմ տեսել, նա հետաքրքրվում էր ԼՂՀ-ից եկած զորքի վիճակով, որեւէ այլ խոսակցության ես մասնակից չեմ եղել։ Մյուսներին չեմ տեսել։ Նշեմ, որ Յուրի Խաչատուրովին նույնպես չեմ տեսել, բայց լսելով՝ գիտեմ, որ Սամվել Կարապետյանի ղեկավարած համահավաք գումարտակը ենթարկվում էր Յուրի Խաչատուրովին, ով այդ ժամանակ նաեւ Երեւանի կայազորի հրամանատարն էր։
Հարց։ Ասացե՛ք՝ ԼՂՀ-ի պաշտպանության բանակից Երեւան եկած զորքի մեջ դիպուկահարներ եղել են, թե ոչ։
Պատասխան։ Այո, եղել են, տարբեր զինատեսակներ ունեցող զինծառայողներ են եկել Երեւան։
Հարց։ Ինչո՞ւ էին դիպուկահարները բերվել Երեւան, նրանք ի՞նչ խնդիր պետք է ստանային։
Պատասխան։ Ես չեմ կարող ասել, հրաման են տվել, մենք էլ կատարել ենք։
Հարց։ Քննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ 2008թ. փետրվար ամսին ԼՂՀ-ից Երեւան եկած զինծառայողներին պարբերաբար գումարներ են տվել՝ 25000-30000 ՀՀ դրամի չափով, բացի այդ, Սամվել Կարապետյանը զորքից առանձնացրել է 20 հոգու, ովքեր պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում կրակել ժողովրդի վրա եւ արդյունքում դուրս են եկել Երեւան քաղաքի փողոցներ ու կրակել ցուցարարների ուղղությամբ։ Ի՞նչ կասեք այս մասին։
Պատասխան։ Ոչինչ չեմ կարող ասել, հարցադրման մեջ նշված բոլոր հանգամանքներն ինձ անծանոթ են, ո՛չ գումարի մասին եմ լսել, ո՛չ էլ ժողովրդի վրա կրակած զինծառայողների։ Մեր դիվիզիայի զինծառայողները Ղարաբաղ վերադառնալուց հետո ասել են, որ իրենք որեւէ կրակոց չեն արձակել, նման խնդիր չի առաջադրվել։ Հնարավոր առանձին խմբերի ձեւավորման մասին տեղյակ չեմ։
Ք.Մ.
ԵՐԿՈՒ ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Երեկ ոստիկանության կենտրոնից Նոր Նորքի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։
Ոստիկանություն ահազանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 13.00-ից 18.20-ն ընկած ժամանակահատվածում տան դուռը բացել եւ փող ու գուլպա են գողացել։ Դեպքի վայր՝ Մոլդովական փողոցի շենքերից մեկը մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ բնակարանի դուռը բացել են հարմարեցված բանալիով։ Նոր Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների։ Ոստիկաններն, այսպես ասած, սանրեցին տարածքը։ Տվյալներ ունեին, որ բնակարան մտած անձը կամ անձինք դեռ Նոր Նորքում են։ Հարակից բակերում իրականացված որոնողական աշխատանքի շնորհիվ նրանք հայտնաբերեցին Երեւանի տարբեր թաղամասերում բնակվող 32 եւ 37 տարեկան երկու տղամարդու։ Տղամարդիկ կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Ավանի բաժանմունք ու խուզարկվեցին։ 37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին օտարերկրացու բնակարանից գողացած փողն ու գուլպաները, ինչպես եւ դանակ, բանալի, դուռ բացելու հարմարանքներ եւ այլն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ներկայացվել են քննչական բաժին ու ձերբակալվել։ Բնակարանային գողության հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ՅՈՒՐԱՑՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի հանգամանքները: Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը, համայնքի բյուջեից դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2010-2015թթ. նշված համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել համայնքի բյուջեից մի շարք բնակիչների միանվագ դրամական օգնություն տրամադրելու հարցերը: Նշված հարցերին վերաբերող արձանագրություններում ավագանու որոշ անդամների փոխարեն ստորագրելու եւ այդկերպ պաշտոնեական կեղծիք կատարելու պայմաններում համայնքի բյուջեից, որպես միանվագ դրամական օգնություն, համայնքի բնակիչների անվամբ ելքագրել է ընդհանուր 335.000 ՀՀ դրամ գումար, որը յուրացման եղանակով հափշտակել է:
Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը, օգտվելով այն հանգամանքից, որ 2011թ. հունիսի որոշմամբ համայնքի ավագանին համաձայնություն է տվել դեռեւս խորհրդային տարիներին Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի վերաբնակեցման համար կառուցված 12 կիսակառույց շինությունները օտարելու եւ դրանց մեկնարկային գները հաստատելու վերաբերյալ իր կողմից ներկայացրած առաջարկությանը, 2011-2016թթ. ընկած ժամանակահատվածում ապամոնտաժել եւ մասնավոր անձանց է օտարել նշված շինությունների՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ կոնստրուկցիաները, սակայն վաճառքի արդյունքում գոյացած գումարները չի մուտքագրել համայնքի բյուջե եւ այդկերպ վատնելու եղանակով հափշտակել է համայնքի՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:
Արդյունքում Ջրաձոր համայնքի նախկին ղեկավար, պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու եւ վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 3.305.000 ՀՀ դրամ գումարի չափով գույքը եւ դրամական միջոցները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: