2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները լծվեցին խաղամոլության դեմ «պայքարին»՝ իրականում նպատակ ունենալով վնասել լրատվամիջոցներին: Երեկ էլ կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի թվում մի որոշում է անցկացվել, որով արգելվելու է շահումով խաղերի կամ տոտալիզատորի գովազդը: Նկատենք՝ իշխանությունները նպատակ ունեն զրկել լրատվամիջոցներին գովազդի այս աղբյուրից, այլընտրանք չեն առաջարկում եւ վերացնում են այժմյան սահմանափակումը, որը ենթադրում էր ժամային գրաֆիկով գովազդի տեղադրում: Սակայն այս որոշումը ոչ թե նպաստելու է խաղամոլության դեմ պայքարին, այլ վնասելու է լրատվամիջոցներին, քանի որ եկամուտները հիմնականում այդ գովազդներից են, իսկ խաղամոլության նվազմանը չի նպաստի, քանի որ այդ գովազդներն այլ կայքերում, միեւնույնն է, երեւալու են: Այսինքն՝ այսպես ոչ թե պայքարում են խաղամոլության դեմ, այլ պարզապես վնասում լրատվամիջոցներին, քանի որ կարող էին ընտրել այլ տարբերակ, օրինակ՝ աշխարհում ընդունված պրակտիկաներից մեկը, երբ սահմանափակումներ են մտցվում նույն մարդու կողմից խաղադրույքների չափը գերազանցելու դեպքում: Իսկ այժմ մի քանի թվեր, որոնք ցույց են տալիս խաղամոլության դեմ պայքարի հիանալի «արդյունքները»: Օրինակ՝ ԱԺ կողմից ընդունված ժամային սահամանափակումների օրենքի ընդունումից հետո խաղամոլության ծավալները Հայաստանում ոչ թե նվազել են, այլ կտրուկ աճել. միջին ամսական խաղացողների թիվը 2018թ. կազմել է 18093, 2019թ.-ին՝ 29911, 2020թ.-ին՝ 44082:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում պատգամավորները բաժանվել են մի քանի թեւերի: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նույնիսկ կան անձինք, որոնք «սեւ ցուցակում» են գտնվում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներսում այդքան էլ մեծ դերակատարում չունի, ուղղակի կերպար է, որին խմբակցությունը, մեղմ ասած, «չի ենթարկվում»: Նույն կարգավիճակում է նաեւ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, որը նախկին խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի պես ուժային մեթոդներ չի կիրառում, անգամ չի կազմակերպում քվեարկությունները: Իհարկե, մեծ հաշվով, բոլորն իրականացնում են գործադիրից եկող հրահանգները, սակայն լոկալ հարցերում խմբավորումների ղեկավարներն են գործում. Տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը, Խաչատուր Սուքիասյանը ունեն իրենց խմբերը: Մի խումբ կա, որ ենթարկվում է Մարիա Կարապետյանին, մի խումբը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերահսկողության տակ է, կան մարդիկ որոնք տարբեր հարցեր քննարկում են Հրաչյա Հակոբյանի հետ: Այսինքն՝ 72 հոգուց բաղկացած խմբակցությունը բաժանվել է «մասերի»: Իսկ, ահա, ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը «սեւ ցուցակում» է, թիմում գրեթե բոլորը խնդիրներ են ունեցել Թորոսյանի հետ, երբ նա նախարար էր կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: ԱԺ-ում կարծես անկախ ուղղություն լինի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որին եւս թիմը չի ընդունում նույն Թորոսյանի նման վարքագիծ ունենալու պատճառով: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մեկուսացած է թիմից ու իրեն դեռ նախարարի կարգավիճակում է զգում` վերեւից նայելով մեծամասնությանը:
Պաշտոնատար անձանց հարազատները պատերազմ են հայտարարել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չորս տասնյակից ավելի պաշտոնատար անձանց հարազատները թույլ չեն տալիս դատախազության համապատասխան վարչությանը ուսումնասիրություն սկսել իրենց գույքի առնչությամբ: Ասել է թե՝ առաջիկայում դատական գործերի տեղատարափ է սկսվելու: Ի դեպ, ArmLur.am-ը գրել էր, որ առաջին հայցը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի զավակները՝ Անի Սարգսյանը եւ Նարեկ Սարգսյանն են նախաձեռնել, դատի են տվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը: Վերջիններս պահանջում են վարչության դատախազ Տ. Դավթյանի կողմից 2020թ. հոկտեմբերի 7-ին կայացված, հայցվորին պատկանող գույքի առնչությամբ «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը վերացնել: Ինչպես հայտնի է, դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, որի ղեկավարը արդարադատության նախկին փոխնախարար Սրբուհի Գալյանն է, պետք է զբաղվի ապօրինի գույք ունեցող պաշտոնյաների բացահայտմամբ, սակայն արդյունքների փոխարեն դատական հայցերի շարան է ստացել:
Հայաստանի քաղաքացիները լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած՝ պատվաստվել, թե ոչ։ Այս դաշտում ապատեղեկատվությունը շատ է՝ հատկապես ոչ մասնագիտական դաշտից եկող, որը շատ հաճախ մարդկանց գցում է շփոթության մեջ։ Մարդիկ կանգնում են հարցի առաջ՝ պատվաստվել արդյոք, թե չպատվաստվել, եւ նրանց մեծ մասն ընտրում է երկրորդ տարբերակը։ Այս խնդրի շուրջ բազմաթիվ քաղաքացիներ դիմել են անգամ «Ժողովուրդ» օրաթերթին՝ նշելով, որ իրենք տրամադրված գնում են բժշկի՝ քննարկելու պատվաստման տարբերակը, հիասթափված հետ են վերադառնում։ Բանն այն է, որ շատ բժիշկներ նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել, սպասել եւ այդպես իրենց պացիենտների մի մասին շփոթության մեջ են գցում։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ, որը հաստատեց, որ բժիշկների կողմից էլ կա տարածվող ապատեղեկատվություն։ «Ես գտնում եմ, որ սա ամենացավալին է այս գործընթացում. բժիշկներն իրենք, շատ լավ տեղեկացված լինելով, երբեմն իրենց սուբյեկտիվ կարծիքն են արտահայտում, եւ սա մարդկանց գցում է բնական շփոթության մեջ։ Իսկ երբ բժիշկն է սկսում տարակուսել, բնական է, որ ոչ մասնագետը կսկսի տարակուսել»,- ասաց մասնագետը՝ նկատելով, որ ԱՄՆ-ում բուժաշխատողների 90 տոկոսից ավելին պատվաստված է, իսկ Հայաստանում այս թիվը բավականին ցածր է։ «Բայց մեր պատվաստումային ընդգրկվածությունը հաշվի առնելով՝ վստահ կարող եմ ասել, որ բուժաշխատողների շրջանում թիվը նույնպես բարձր չէ։ Իսկ եթե բուժաշխատողն ինքը չի գնում վստահ պատվաստման, նա չի կարող վստահ խոսել պատվաստման արդյունավետության մասին։ Սա ցանկացած պատվաստանյութի եւ ցանկացած կանխարգելիչ երեւույթի մասին է»,- հայտարարեց մասնագետը։