ՊԱՐՍԻԿՆԵՐԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍԿՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում պարսիկներ են հայտնվել. Լուրը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց համայնքապետ Արթուր Գրիգորյանն ու բացատրեց՝ պարսիկներն այդ համայնքում շինարարություն են իրականացնում:

 

Գրիգորյանի փոխանցմամբ՝ «Կապավոր» ընկերությունը, որ կառավարության կողմից տրամադրված «տենդերով» շինարարություն է իրականացնում գյուղում ու տներ կառուցում, որպես աշխատակիցներ պարսիկների է ներգրավել:

«Նրանք որեւէ կապ չունեն ո՛չ գյուղի, ո՛չ գյուղացիների հետ: Ամբողջովին առանձնացված են, որեւէ կապ, շփում չունեն տեղացիների հետ: Առավոտյան գալիս են, աշխատում են, երեկոյան գնում են իրենց համար առանձին հատկացված վայրը: Պայմանավորվածությունը շինաշխատանքներ իրականացնող ընկերության հետ այնպիսին է, որ նրանք գյուղացիների հետ որեւէ շփում չպետք է ունենան»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը:

ArmLur.am լրատվականը կապ հաստատեց Արցախի Ազգային ժողովի «Միասնական Հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանի հետ՝ տեղեկության մասին նրանից մեկնաբանություն խնդրելով:

Պատգամավորը նախ ասաց, որ այդ առնչությամբ ինքը տեղեկություններ չունի, ապա շարունակեց, որ Արցախում պարսիկների աշխատելու մեջ վատ բան չի տեսնում: «Հարեւան երկրի քաղաքացիները կարող են ներգրավված լինել այս կամ այն բնույթի շինարարական աշխատանքներում»,- շարունակեց նա:

Աստղաշենի համայնքապետ Արթուր Գրիգորյան

-Պարո՛ն Գրիգորյան, մենք տեղեկություններ ստացանք, որ Աստղաշենում պարսիկները շինարարություն են իրականացնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Շինարարներ կան, սարքում են, առանձին տեղ է, առավոտ գնում են  գործի, երեկոյան՝ գալիս:

-Այսինքն՝ իրենք իրե՞նց համար են տուն սարքում, թե՞ պետական պատվեր է:

-Պետական պատվեր է, շինարարական կազմակերպություն է բերել, իրենք առանձին գյուղում մնում են: Առավոտ գնում են աշխատանքի եւ երեկոյան գալիս: Մասնավոր ընկերությունն է որոշել իրենց որպես աշխատուժ բերել, որ շինարարություն իրականացնեն:

-Իսկ ինչպիսի՞ն են տեղացիների հետ հարաբերությունները:

-Իրենք տեղացիների հետ չեն շփվում ընդհանրապես: Որեւէ տիպի վտանգ չկա: Մենք գիտենք, թե իրենք ուր են, ինչ են անում, բայց տեղացիների հետ առհասարակ իրենք շփում չեն ունենում:  Այդպես է պայմանավորված:

Արցախի Ազգային ժողովի «Միասնական Հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյան

-Պարո՛ն Հայրապետյան, երեկ տեղեկություն ստացանք, նաեւ համայնքի ղեկավարը հաստատեց, որ Աստղաշեն գյուղում պարսիկներ են հայտնվել եւ շինարարություն են իրականացնում: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք եւ ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին:

-Շինարարը մնում է շինարար: Եթե նրանք հարեւան պետությունից են եկել, աշխատող կա, եւ որեւէ շինարարական  աշխատանք են իրականացնում, ապա ես դրա մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում:  Իրանից է, թե այլ վայրից, ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, բայց կարող է նույն ձեւով Ռուսաստանի Դաշնությունից ներկայանան, Բելառուսից կամ մեր մյուս բարեկամ երկրներից: Ես արտառոց բան չեմ տեսնում, միգուցե որեւէ մասնագիտություն կա, որին իրենք ավելի լավ են տիրապետում: Միանշանակ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարածքում այդպիսի հարցերն իրականացվում են բաց կարգով, ամեն ինչ ազատ է, եւ որեւէ խոչընդոտ չկա, երբ մարդիկ ցանկանում են աշխատել: Որեւէ խոչընդոտ չկա, եւ այդ ամենը՝ շատ նորմալ աշխատավարձով:

Զրուցեց ՍեՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՔԱՅԼԵՐ

Կառավարության նիստի օրակարգում էր ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը: Այս փոփոխություններով, նշենք, կառավարությունը նպատակ ունի արգելել շահումով խաղերի կամ տոտալիզատորի գովազդը, ինչը, լրատվամիջոցների ղեկավարների հավաստիացմամբ, ֆինանսական լուրջ հարված է:

 

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն ArmLur.am լրատվականի հետ զրույցում ասաց, որ լրատվամիջոցներին բուքմեյքերական կազմակերպությունների գովազդներից զրկելը մամուլին ու խոսքի ազատությանը, ինչպես նաեւ լրատվամիջոցներին ֆինանսական աղբյուրիներից զրկելուն ուղղված քայլ է: «Օրենքի հեղինակ այդ նույն մարդիկ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, շաբաթը մի քանի անգամ ստատուսներ է գրում լրատվամիջոցների դեմ, ու ակնհայտ է, որ ինքը իշխանության կարգված է՝ որպես մամուլի վերակացու, հսկիչ»,- ասում է Օհանյանն ու հավելում, որ օրենքը նոր չի հրապարակ եկել: Նախկինում էլ է ժամային սահմանափակում մտցվել բուքմեյքերների գովազդների վրա, ինչի հետեւանքով լրատվամիջոցները շոշափելի գումարներ են կորցրել:

«Հիմա, մի կողմից, ասում են, թե տնեսությունը չի աճում, ճգնաժամի մեջ ենք, տնտեսվարողներն էլ այնքան գումարներ չունեն, որ կայքերում գովազդ դնեն, մյուս կողմից՝ իշխանությունը սահմանափակում է այն կազմակերպությունների գովազդը, որոնք ինչ-որ մի ժամանակահատված մամուլի համար ֆինանսական աղբյուր կարող են լինել: Գաղտնիք չէ, որ մամուլի ազատությունը, առաջին հերթին, ֆինանսական ազատությունն ու անկախությունն է»,- հավելում է «Հրապարակի» գլխավոր խմբագիրը:

Մոտավոր հաշվարկ ներկայացնելով՝ Արմինե Օհանյանը փաստում է՝ կայքերի գովազդների մոտ 50-60 տոկոսը բուքմեյքերական ընկերությունների խաղային գովազդներն են, ու եթե դա կրճատվում է, համապատասխանաբար կրճատվում է նաեւ լրատվամիջոցի բյուջեն:

«Իշխանությունն ամբողջ օրը խոսում է մամուլի ազատությունից, հորդորում, թե ստվերային գումարներ մի վերցրեք, սեփականատերերի կամ հովանավորների ցանկը բացահայտեք եւ այլն, մյուս կողմից էլ կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է մամուլը: Իշխանությունը երբեք այսքան ատելությամբ լցված, ոչնչացնելու կամքով տոգորված չի եղել մամուլի նկատմամբ, որքան այսօր:

Լրագրության ոլորտում աշխատում եմ 30 եւ ավելի տարի, նույնիսկ խորհրդային վերջին տարիներին լրագրող եմ եղել, բայց նման բան, որ այսպես հետեւողականորեն պայքարեն մամուլի դեմ, փորձեն ճնշել, կտրել, արգելել՝ հնարավոր բոլոր միջոցներն օգագործելով, չեմ հիշում»,- եզրափակում է մեր զրուցակիցը:

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

ՏԵՂԱԿԱԼԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԽԱԶԻՆ

Երեւանի քաղաքապետի տեղակալը դիմել է Երեւան քաղաքի դատախազին եւ հայտնել, որ «Երեւանի 68 մանկապարտեզ» ՀՈԱԿԻ նախկին գլխավոր հաշվապահի եւ աշխատակցի կողմից կատարվել է յուրացում: Ըստ դիմումի՝ նախկին գլխավոր հաշվապահ Նաիրա Հարությունյանն իր կողմից իր անվամբ բացված անձնական քարտային մի քանի հաշիվներին եւ աշխատակից Էլեն Կարապետյանի անձնական քարտային հաշվին 2019-2020թթ. եւ 2021 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում, առանց որեւէ հիմնավորման, փոխանցել է նախատեսվածից ավելի՝ 1.740.245 դրամ, որից 500.000 դրամն օգոստոսի 4-ին վերականգնվել է Ն.Հարությունյանի կողմից: Ձեռնարկվում են միջոցառումներ Ն. Հարությունյանին եւ Է. Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀ ԵՆ ՓԱԿԵԼ

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները երեկ փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը եւ դեմ էին արտահայտվում համայնքների խոշորացմանը: Բողոքի ակցիա իրականացնողները նաեւ պահանջում էին լուծել սահմանի անվտանգության խնդիրը եւ վստահեցնում, որ սահմանամերձ բնակավայրերը խոշորացնելը վտանգավոր է։ «Թուրքերի մեջ ենք ապրում, մենք պահանջում ենք, որպեսզի սահմանային անվտանգությունն ապահովվի նորմալ ձեւով։ Երեխաներին վախենում ենք դպրոց ուղարկել, շորերով ենք քնում։ Համայնքի խոշորացմամբ ո՛չ թուրքերն են հետ գնալու, ո՛չ էլ դիրքերն են ամրապնդվելու։ Երեխաները հաճախ են կրակոցների ձայները լսում, գալիս իրենք են ասում, որ հերթական անգամ կրակեց թշնամին»,- նշում են բնակիչները։ Նրանք նաեւ բողոքում են, որ թշնամին արդեն իրենց անասուններն էլ է տանում, խոտհարքների մեծ մասն էլ չի հնձվել, որովհետեւ սահմանին մոտ է, չեն կարողացել բարձրանալ։  Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի խոսքով՝ ժողովուրդն իրենից մի քանի օր  պահանջում է հարցի լուծում գտնել։ «Ես դիմել եմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, սակայն բացարձակ ոչ մի պատասխան չկա։ Պետք է հաշվի առնեն, որ մեր համայնքի բոլոր 18 գյուղերն էլ սահմանապահ են, բոլորը պաշտպանում են իրենց հայրենիքը, եւ անհրաժեշտ է կարծիք հարցնել այս մարդկանցից»,- ասաց Ավետյանը եւ հավելեց, որ ինքը, այնուամենայնիվ, հորդորել է, որպեսզի բնակիչները նման միջոցների չդիմեն, սակայն իրենց ձայնը պետք է լսելի դառնա։

Ոստիկանները բնակիչներին հորդորեցին բացել ճանապարհը, ինչից հետո սկսեցին ուժ կիրառել։  ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հ. Ավետյանին հրավիրել են ոստիկանություն: Ավետյանի խոսքով՝ իրեն հորդորել են ճանապարհ չփակել եւ իրենց հարցերը լուծել կառավարության հետ: Նա հայտնեց, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից այդպես էլ զանգ չի ստացել, միայն մարզպետարանն է արձագանքել, այն էլ՝ ճանապարհը փակելուց հետո:

 




Լրահոս