ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՍԴ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը եւ այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով: Մասնավորապես, սահմանային շերտի տարածքում տեսալուսանկարահանում իրականացնելու արգելքը խնդիրներ է առաջացրել լրագրողների համար՝ չսահմանելով թույլտվության չափանիշներ կամ կարգ: Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների համար:
Պաշտպանը միջնորդել է կասեցնել վիճարկվող սահմանափակումների գործողությունը մինչեւ Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը, ինչպես նաեւ առաջնահերթություն տալ գործի քննությանը: Խոսքը վերաբերում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներին, ինչպես նաեւ վերջերս այդ հոդվածում կատարված փոփոխություններին։ Նշված սահմանափակումները չունեն բացառություն եւ վերաբերում են սահմանային շերտում սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ քաղաքացիների շփվելու, սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների եւ բնակիչների հետ զրուցելու արգելքին: Օրենքի վերոնշյալ կարգավորումները 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են դարձել։
Բանն այն է, որ պետական սահմանների հետ կապված գործընթացների պատճառով ՀՀ բազմաթիվ բնակավայրեր դարձել են սահմանային՝ հայտնվելով սահմանային շերտում:
«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչեւ մեկ կիլոմետր լայնությամբ, իսկ սահմանային գոտին այն տարածքն է, որը ՀՀ պետական սահմանագծից ծավալվում է դեպի ՀՀ տարածքի խորքը` մինչեւ հինգ կիլոմետր լայնությամբ: Այսինքն՝ օրենքի կարգավորումների հետեւանքով ստացվել է այնպես, որ սահմանային շերտում գտնվող բնակավայրերի բնակիչներն իրենց առօրյայում, օրինակ՝ տանը, խնջույքի կամ որեւէ այլ արարողության ժամանակ ցանկացած տեսակի ոգելից խմիչք օգտագործելու կամ հենց սեփական տանը կամ տան բակում լուսանկարվելու համար կարող են ենթարկվել պատասխանատվության: Մեկ այլ օրինակով՝ սահմանային իրավիճակով պայմանավորված՝ բազմաթիվ են դեպքերը, երբ բնակիչները ստիպված են շփվել իրենց բնակավայրերի անմիջական հարեւանությամբ գտնվող ՀՀ սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ, ինչը գործող կարգավորումներով եւս մարդուն պատասխանատվության ենթարկելու հիմք է: Գործող օրենքով պատասխանատվություն է նախատեսված նաեւ ադրբեջանական ծառայողների շփումների համար, ինչը նույնպես պատերազմից հետո դարձել է անխուսափելի։
Մեկ այլ խնդիր է այն, որ սահմանափակումների հետեւանքով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չի կարողանում իր մանդատի ամբողջ ծավալով իրականացնել իր աշխատանքը, քանի որ սահմանային շերտում բնակվող քաղաքացիների բողոքների, ահազանգերի հիման վրա փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս արգելվում է տեսալուսանկարահանում իրականացնելն առանց համապատասխան թույլտվության, ինչը կոնֆլիկտային եւ հետկոնֆլիկտային իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգայնորեն երաշխավորված փաստահավաք աշխատանքի հիմքն է կազմում եւ ազդեցություն է ունենում հավաքագրած փաստերի հավաստիության, օբյեկտիվության, ինչպես նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային ամենաբարձր «A» կարգավիճակի վրա։
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն այս ոլորտում անարգել է: Դրանից բացի, օրենքի կարգավորումները խիստ անհավասար վիճակի մեջ են դնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին միջազգային հարթակներում եւ, հատկապես, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ համեմատության մեջ, քանի որ վերջինս, ի տարբերություն ՀՀ օմբուդսմանի, փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս սահմանափակված չէ օրենսդրական որեւէ արգելքով:
Ընդունելով հանդերձ միջազգային լրագրողների կարեւոր դերն ու նշանակությունը ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակի միջազգային լուսաբանման հարցում՝ պետք է, սակայն, հստակ արձանագրել, որ միայն միջազգային լրատվամիջոցների լրագրողներին սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն տալը խտրականություն է ՀՀ-ում գործող այլ լրատվամիջոցների նկատմամբ։ Առավել եւս, ՀՀ լրատվամիջոցները չունեն հստակ պատկերացում՝ օրինակ՝ իրենք ում պետք է դիմեն, ինչ կարգով ու ինչպես ստանան թույլտվություն:
Բայց չպետք է մոռանալ, որ լրագրողի աշխատանքը կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային իրավիճակներում ունի իրավապաշտպան, խախտումները կանխարգելող նշանակություն։ Դա արդիական է հատկապես հիմա եւ վերաբերում է նաեւ ՀՀ պետական սահմանին։
Նշենք նաեւ, որ սահմանափակումներին վերաբերող օրենսդրական նախագիծը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի չի ուղարկվել: Պաշտպանն իր դիրքորոշումը հայտնել է սեփական նախաձեռնությամբ, որը եւս հաշվի չի առնվել։ Սահմանադրական գործառույթներով օժտված սահմանադրական մարմիններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին նախագծերը կարծիքի չուղարկելն ակնհայտորեն նվազեցնում կամ վտանգում է հետագայում ընդունվելիք ակտի սահմանադրականության կամ լեգիտիմության աստիճանը:
Ցանկացած պարագայում Սահմանադրության եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Սահմանադրական օրենքի ուժով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները չեն կարող տարածվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վրա, քանի որ ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ։ Մյուս սահմանափակումների մասով էլ հիմնարար է, որ օրենքը պետք է համապատասխանի իրավական որոշակիության եւ համաչափության սկզբունքներին։
Ն. Պ.
ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրումից հետո Երաեւան քաղաքում զանգվածային անկարգությունների մասնակից անձանց վերաբերյալ քրեական գործերը: Արմեն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգությունների:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության կազմը հայտնի է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակությունը գլխավորելու է ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Բացի նրանից, հիմնական անդամներն են Նազելի Բաղդասարյանը, Վլադիմիր Վարդանյանը ու «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գեւորգյանը: Փոխարինող անդամները կլինեն Սոնա Ղազարյանը, Արմեն Ռուստամյանը, Հայկ Մամիջանյանն ու Էդուարդ Աղաջանյանը:
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՔԿՀ-ԻՆ
ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը դատի է տվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին՝ պահանջելով, որ դատարանը իր մասով որոշումը վերացնի: Ըստ էության, վերջինիս տույժի են ենթարկել, եւ նա այդ տույժի որոշումը վիճարկում է դատարանում:
ԳՈՒՄԱՐ՝ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին աջակցություն կտրամադրվի: Այս դրույթը սահմանված է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով: 2021 թվականի Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում, պայմանավորված ընտրողների ընդհանուր թվի փոփոխմամբ, կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների փոփոխմամբ, ինչպես նաեւ 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ցանկի փոփոխմամբ, անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար նախատեսված գումարի վերահաշվարկ կատարելու եւ ըստ նորընտիր կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների բաշխելու:
Ըստ այդմ` գումարները բաշխվում են հետեւյալ կերպ.
ՀՀԿ՝ մեկ տարվա համար՝ 3 մլն դրամ; ԲՀԿ՝ մեկ տարվա համար՝ 5 մլն դրամ; «Իմ քայլը» դաշինք՝ մեկ տարվա համար՝ 45 մլն դրամ; ՀՅԴ՝ 2 մլն դրամ; ԼՀԿ՝ 4 մլն դրամ:
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՉԱՐՉՅԱՆԻՆ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ այցելել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, որը գտնվում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։ Նշենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆարկտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում է 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ: Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պատվաստման հավաստագիր ունենալու կամ 14 օրը մեկ Covid-19-ի բացասական թեստի արդյունք ներկայացնելու պահանջին: Նա հիշեցրել է, որ բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք եւ հակացուցում ունեցող քաղաքացիները, իսկ հակացուցումների մասին պետք է տրամադրվի բժշկական տեղեկանք։ Նախարարի տեղեկացմամբ՝ լինում են ժամանակավոր հակացուցումներ եւ բացարձակ հակացուցումներ. եթե մարդն ունի խրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը նրան հետազոտելուց հետո կտա տեղեկանք, որը ներկայացնելու պարագայում աշխատակիցը պարտավոր չի լինի անընդհատ թեստավորվել։
ԿՀԱՏԿԱՑՆԻ
Կառավարությունը որոշել է համայնքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հավանության արժանացած եւ իրականացված կամ կիրականացվող Հայաստանի Հանրապետության 15 համայնքների թվով 15 ծրագրերի համար պետական բյուջեից հատկացնել 357 մլն 458 հազար դրամ: Այս ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 582 մլն դրամ, որից պետական համաֆինանսավորման մասը կազմում է 357 մլն դրամ: Ծրագրերից 3-ը Արմավիրի մարզում են, 4-ը՝ Գեղարքունիքի, 5-ը՝ Կոտայքի, եւ 3-ը՝ Լոռու մարզերում: