ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Կարեն Ալավերդյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեին: Վերջինս պահանջում է, որ դատարանը ստիպի կոմիտեին՝ 2021թ. օգոստոսի 12-ի հրամանը անվավեր ճանաչեն, իրեն ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալի զբաղեցրած պաշտոնում վերականգնեն, աշխատանքից անհիմն եւ անօրինական ազատումից մինչեւ վերականգնումն ընկած ժամականակահատվածի համար քննչական մարմնում անընդմեջ ծառայության ստաժը, հերթական կոչում շնորհելու բաց թողնված ժամկետը, աշխատանքից անհիմն եւ անօրինական ազատումից մինչեւ վերականգնումն ընկած ժամականակահատվածում հերթական կոչման տոկոսային հավելավճար, կենսաթոշակ նշանակելիս հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար համապասխան հաշվարկներ հաշվարկելուն պարտավորեցնել, աշխատանքից անհիմն եւ անօրինական ազատումից մինչեւ վերականգնումն ընկած ժամականակահատվածի համար իրավասու մարմնին դրամական փոխհատուցում` օրենսդրությամբ սահմանված չվճարված աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների չափով բռնագանձեն:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրերս ՀՀ քննչական կոմիտեն փոխեց ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական վարչության պետին, եւ նոր պետ նշանակվեց Արման Բաղդասարյանը: Փոխվել էին նաեւ Սյունիքի եւ Լոռու մարզի քննչական վարչության պետերը:
Պարզվում է՝ քննչական պետերի փոփոխությունը բավականին խորը արմատներ ունի: Բանն այն է, որ կոմիտեն այս փոփոխությանը գնացել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ վարչության պետերը ու, առհասարակ, քննիչները կաշկադված են վերջին շրջանում մարզերում կոնկրետ քրեական գործերով քայլեր իրականացնել, ուստի մարզի քննչական վարչության պետեր են նշանակել այնպիսի անձանց, որոնք մարզի հետ կապ չունեն ու, առանց Երեւանի քննիչներից օգնություն խնդրելու, կարող են մարզում կազմակերպել լուրջ օպերացիաներ: Եվ, ահա, պետերի հետ նաեւ պաշտոնից ազատվել են տեղակալները, որոնք չեն հաշտվում կոմիտեի որոշման հետ եւ այդ որոշումը վիճարկում են դատարանում:
Նկատենք, որ իրավապահները այնպիսի քննիչների նշանակեցին մարզային վարչության պետեր, որոնք «գողակաների» դեմ են կռիվ տվել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին նշանակել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ:
ArmLur.am-ի հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեում խորհրդակցություն է եղել, եւ Մարգարյանին ասել են, որ նա չվախեցավ ու համարձակ կերպով «օրենքով գողերի» դեմ քրեական գործերը հարուցեց ու նրանց կալանքի տարավ, ուստի իր նման ուժեղ մարդ է պետք, որ Սյունիքի մարզը հավաքի իր բռի մեջ, եւ որոշել են նրան նշանակել մարզային վարչության պետ: Ասել է թե՝ Սյունիքի մարզում նոր զարգացումներ են սպասվում:
Հիշեցնենք, որ անցած տարի քրեական ենթամշակույթի դեմ անխոջ պայքար մղած կամ, այսպես ասած, «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին պարգեւատրել են:
Տեղեկացանք, որ 30 տարեկան երիտասարդ քննիչին գնդապետի կոչում են տվել «օրենքով գողերի» հետ կապված աշխատանքի համար: Ի դեպ, նա քննել էր «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու վերաբերյալ հարուցված քրեական գործը: Գնդապետի կոչումը Մարգարյանը ստացել է նաեւ Գող Ալոյի՝ Ալեքսանդր Մակարյանի գործը քննելու համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Lexus-Ն ՈՒ ԳՐԻՉ-ՀՐԱԶԵՆԸ
Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի բնակիչ, 32-ամյա Գեւորգ Խաչատրյանն է, որը, ըստ բժիշկների, ի վիճակի չէ կատարվածի մասին այդ պահին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է բժիշկներին, ոստիկաններն ու քննիչները, տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական, այնուհետեւ բացատրական աշխատանքներ, պարզել են դեպքի հանգամանքները, եւ նույն օրը՝ ժամը 17։40-ին, ինքնակամ ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել Երեւանի բնակիչ, 43-ամյա Մանվել Մելիքյանը, որը հայտնել է, որ 15։00-ի սահմաններում Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում իր կողմից շահագործվող Lexus մակնիշի ավտոմեքենայի սրահում Գ. Խաչատրյանը, որն իր ընկերն է, իր մոտ եղած գրիչ-հրազենով անզգուշաբար կրակել եւ մարմնական վնասվածք է պատճառել ինքն իրեն։ Փաստի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ՝ Մ. Մելիքյանը՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։ Ոստիկանները հայտնաբերել են Lexus մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաեւ գրիչ-հրազենը։
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ
Երեկ՝ ժամը 11-ի սահմաններում, Արարատ քաղաքի մոտ գտնվող եւ ճանապարհային նշաններով հագեցած կարգավորվող երկաթուղային գծանցումում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Երկաթուղային գծերը հատող 35AQ419 պետհամարանիշներով բեռնատար մեքենայից ընկել է մի քանի տոննա քաշ ունեցող հսկա քարե բեկոր: ՀԿԵ-ից հայտնում են, որ դրա հետեւանքով Երեւանից Երասխ ուղղությամբ երկաթուղային հաղորդակցությունը արգելափակվեց երկու ժամով, մինչեւ փոխադրումն իրականացնող «Վեկս» կազմակերպությունը հեռացնում էր խոչընդոտը: Միջադեպը տեղի է ունեցել տրանսպորտային միջոցի թափքի քանդվելու պատճառով: Գծանցումը հագեցած է հատուկ ռետինե հատակով, որն ապահովում է մաքսիմալ հարթ ճանապարհը: Վթարի հետեւանքով Հարավկովկասյան երկաթուղին կրել է մեծ գործառնական ծախսեր` կոնտակտային ցանցում էլեկտրաէներգիայի անջատման, միջադեպի վայրի առաջիկա ախտորոշման եւ հնարավոր վերանորոգման տեսքով: Տուժածներ չկան, էլեկտրագնացքների չվացուցակը չի խախտվել:
ԻՆՉՈ՞Ւ ՀԻՇԵՑԻՆ ԴՎԻՆԻ ՄԱՍԻՆ
««Դվին» հյուրանոցի վրա կա տարօրինակ կառույց՝ երկհարկանի ապակեպատ, եւ դա եւս ապօրինի է: Այս դեպքում էլ նշված երկու տարբերակներն են գործելու՝ կա՛մ քանդվի այդ ապօրինի երկհարկանի կառույցը, կա՛մ ամբողջ համալիրն օրինականացվի, եւ մեծ գումարներ վճարվեն քաղաքային բյուջե», – ավագանու նիստի ժամանակ նման հայտարարություն է արել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հետաքրքիր է, որ քաղաքապետը «Դվին» հյուրանոցի ապօրինի կառույցի մասին հիշեց միայն այժմ, իսկ մինչ այդ այն իշխանությունների սիրելի վայրն էր, որտեղ նրանք մի քանի անգամ հավաքվել են, ավելին՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի հարսանեկան արարողությունը եւս հենց այդ հյուրանոցում է արվել, որին ներկա է գտնվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախ՝ նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին, ապա վարչապետ Կարեն Կարապետյանն անձամբ էր այցելել շինարարության վայր եւ սեփականատեր Արտակ Թովմասյանի հետ շրջել տարածքով ու ծանոթացել շինարարության ընթացքին:
2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ հյուրանոցային համալիրն արդեն շահագործվում էր, ներկա իշխանություններն այնտեղ մի քանի անգամ հավաքվել են եւ արարողություններ իրականացնել: Հենց 2018 թվականին կիսաշեն հյուրանոցի միակ վերանորոգված սրահում են անցկացրել «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքը, որի ժամանակ 236 մլն դրամ է հանգանակվել: Ապա Հայոց բանակի կազմավորվան 27-րդ տարեդարձի առթիվ 2019 թվականի հունվարի 28-ին հանդիսավոր արարողության էր կազմակերպված «Դվին» հյուրանոցում: Հաջորդ տարի՝ 2020 թվականի փետրվարրին, «Դվին» հյուրանոցում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոն: Հետաքրքիր է, որ հենց այս հյուրանոցի սրահներից մեկում էլ 2019 թվականի հոկտեմբերին հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Փաստորեն, ապօրինի շինությունների դեմ պայքարող իշխանությունները, նաեւ Երեւանի քաղաքապետարանն այսքան ժամանակ հաճախ հավաքվել են, հենց իրենց խոսքով ասած, ապօրինի հանդիսացող կառույցում, սակայն այն քանդելու կամ գումար վճարելու մասին, չգիտես՝ ինչու, Հայկ Մարությանը հիշեց միայն այժմ: Միգուցե սեփականատեր Արտակ Թովմասյանի քաղաքական գործունեությունն է պատճառ հանդիսացել նրան հիշելու համար:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ