ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՄԱՐ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» ծրագրի շրջանակներում 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ծրագրի իրականացման կոմիտեի նախագահի` նույն համայնքի ղեկավարի եւ կապալառու ընկերության տնօրենի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա՝ 163.799.534 ՀՀ դրամ գումարով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձեւով եւ ժամկետներում կատարել պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվով նույն համայնքում գտնվող մանկապարտեզներից մեկի շենքի վերակառուցման եւ հիմնանորոգման, այդ թվում՝ արեւային տաք ջրամատակարարման համակարգի տեղադրման աշխատանքներ։

 

Պայմանագրի շրջանակներում կապալառու կազմակերպության ղեկավար անձինք, օգտվելով պայմանագրով ընձեռված հնարավորություններից, աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության ղեկավար անձանց օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2015-2017թթ. մանկապարտեզի շենքի վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում, մասնավորապես՝ շենքի արեւային տաք ջրամատակարարման համակարգի տեղադրման ժամանակ օգտագործել են ինքնաշեն եւ անորակ սարքավորումներ, դետալներ, ներկայացրել, թե դրանք պիտանի են շահագործման համար, մինչդեռ նշված շենքի արեւային համակարգը տեղադրման օրվանից ըստ նպատակային նշանակության չի գործել, որի արդյունքում փաստացի չկատարած կամ անորակ աշխատանքների դիմաց կապալառու կազմակերպությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11.999.165 ՀՀ դրամ գումար։

Միեւնույն ժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն համայնքի ղեկավարը, ընդգրկված լինելով նշված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում՝ որպես շահագործող կազմակերպության եւ տեղական իշխանության ներկայացուցիչ, շահադիտական կամ անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ չի արձանագրել պակաս ծավալով եւ անորակ կատարված աշխատանքների փաստը, այլ, ընդհակառակը, շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով, նախնական համաձայնության գալով ընդունող հանձնաժողովի մյուս անդամների հետ, 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կազմել, հաստատել եւ շրջանառության մեջ են դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ շինարարության ավարտական ակտը, որում կեղծ տեղեկություններ են ներառել կատարված աշխատանքները նախագծային առաջադրանքին համապատասխանելու եւ ավարտված համարվելու վերաբերյալ, ինչը հնարավորություն է տվել կապալառու կազմակերպությանը փաստացի անորակ կամ չկատարված աշխատանքների դիմաց խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 11,999,165 ՀՀ դրամը, որն էլ պետության օրինական շահերին անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, հարուցվել է քրեական գործ:

Ն. Պ.

 

 

ՔԱՎՈՐ ՄԱՐԶՊԵՏԸ ՎԱԽԵՑԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՑ

Աճարկուտը Իջեւանի տարածաշրջանի փոքր համայնքներից է: Աճարկուտից սերված, Ռուսաստանում բնակվող գործարար Գեւորգ Հարությունյանը հայրենի գյուղում  ինքնակամ  կերպով ռեստորանահյուրանոցային  համալիր է կառուցում, նա դրա համար  քանդել է տվել այդ համալիրի մոտակա կառույցը։ Աճարկուտի համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը  տրամադրել է 2020թ. հունիսի 15-ին համայնքի ղեկավարի պաշտոնկատար նշանակված Հարություն Հարությանյանի (ով  Գեւորգ Հարությունյանի եղբորորդին է)  2021թ. օգոստոսի 16-ի որոշումը։ Այնտեղ նշված է, որ հաշվի առնելով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021թ. մարտի 24-ի վճիռը, Տավուշի մարզպետարանի պարզաբանումները, վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք բերված ապացույցները՝ վարչական մարմինը հաստատված է համարում, որ Աճարկուտ համայնքի 1-ին փողոցի 23 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված անասնաշենքը կառուցված է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, ինչպես նաեւ խախտում է կից հողամասերի եւ դրանցում առկա շինությունների սեփականատերերի իրավունքները։ Համայնքի ղեկավարի  ժամանակավոր պաշտոնակատարը որոշել է Աճարկուտի 1-ին փողոցի 23 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված բետոնյա հիմքով եւ քարե շարվածքով շինությունն ապամոնտաժել եւ անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը: Կ.  Ղազարյանը հայտնեց, որ  այդ շինությունը վաղուց է կառուցված, ինքը երկար ժամանակ այն օրինական կարգով օգտագործում է, այնտեղ են պահվում  իր 9 կովերը,  ոստիկանները շրջապատել են տարածքը, անասնագոմը քանդել են։ Նա հայտնեց, որ ինքը խնդրի վերաբերյալ զանգահարել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին (նա  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է), մարզպետն ասել է, որ եթե ինքը դեմ չպետք է գնա Գեւորգ Հարությունյանի շահերին, եւ սեռական հայհոյանք է ասել։  «Հայանտառ»  ՊՈԱԿ-ը  դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան՝ հայտնելով, որ  Աճարկուտի համայնքի 1-ին փողոցի  13 հասցեում Գեւորգ Հարությունյանը ինքնակամ կառուցել է հյուրանոցային համալիր, նա   ապօրինի ապամոնտաժել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող 264,8 քմ մակերեսով ճաշարանի շենքը եւ հիշյալ համալիրի մի մասը կառուցել  նշված հողատարածքի վրա։ Դեպքի կապակցությամբ Տավուշի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ «Հայանտառ»  ՊՈԱԿ-ը հետո  դատարանին հայտնել է, որ Գ. Հարությունյանը  «Հայանտառին»  վճարել է  ճաշարանի քանդման հետեւանքով պատճառված վնասի գումարը՝ 1 միլիոն 2585 հազար դրամ, եւ խնդրել է գործի վարույթը կարճել։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը 2021թ. հուլիսի 28-ին կարճել է վարույթը։ Կ.  Ղազարյանը հայտնեց, որ պայքարելու է իր խախտված իրավունքները վերականգնելու համար։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԱՆՑՈՂԻԿ ՇԵՄԸ՝ 4 ՏՈԿՈՍ

Հոկտեմբերի 17-ին տեղի կունենան Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղերն ընդգրկող  Դիլիջան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նորընտիր, 21 անձից բաղկացած ավագանին իր կազմից կընտրի Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար։ Դիլիջան համայնքի ավագանու ընտրություներին մասնակցելու համար թեկնածուների ցուցակներ ներկայացրել է 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր»,  «Քաղաքացիական պայմանագիր», «Քաղաքացու որոշում», «Հայրենիք» եւ  «Հանրապետություն»։ Իջեւան քաղաքում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական  հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ ավագանու թեկնածուների գրանցումը տեղի կունենա  մինչեւ  սեպտեմբերի 17-ը,  սեպտեմբերի 22-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը նախընտրական քարոզչության  ժամանակաշրջանն է։ Ավագանու անդամներ ունենալու համար  ընտրություններին  մասնակցած կուսակցությունը պետք է ստանա  ընտրությունների ժամանակ կողմ քվեարկած քվեաթերթիկների եւ անվավեր քվեաթերթիկների գումարի   թվի առնվազն 4 տոկոսի չափ քվեներ։ Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրությունների մասնակից կուսակցությունները մուծել են 500 հազարական դրամ ընտրական գրավ։

 

 

ԾԵԾԵԼ Է ԻՐ 9 ՏԱՐԵԿԱՆ ՏՂԱՅԻՆ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում ընթանում է  Իջեւան քաղաքի բնակիչ Հարություն Թումանյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2021թ. ապրիլի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում  Իջեւան քաղաքի Աբովյան փողոցի 24 շենքի  իր բնակարանում իր անչափահաս որդու՝  2011թ դեկտեմբերի 29-ին ծնված Սերգեյ Թումանյանի կողմից իր գրպանից գումար վերցնելու կասկածանքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ աջ ձեռքի ափով մեկ անգամ հարվածել է նրա գլխին, մեկ անգամ մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Հ. Թումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2021թ. փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանը սեպետեմբերի 13-ին որոշում է ընդունել Մխիթար Հովհաննիսյանին սեպտեմբերի 14-ից նշանակել Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի վարչական ղեկավար։ Սեպտեմբերի 7-ին Դավիթ Սարգսյանը որոշում է ընդունել Հաղարծին բնակավարի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանին սեպտեմբերի 13-ից ազատել  զբաղեցրած պաշտոնից։  Իր պաշտոնավարման գրեթե 7 ամսվա ընթացքում Դավիթ Սարգսյանը Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմում կադրային մեծ փոփոխություններ է կատարել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս