Դերասանուհի Թամարա Գեւորգյանն ArmLur.am-ի հետ առաջին անգամ զրուցել է ավտովթարից ստացած ծանր վնասվածքի, հոգեբանական բարդ վիճակը հաղթահարելու եւ կրկին աշխատելու մասին:
Դերասանուհին մեզ հետ զրույցում նշում է, որ այս պահին օրը հագեցած է «Հրեշը՝ լուսնի վրա» թատերական ներկայացման փորձերով, որի պրեմիերան տեղի է ունենալու շատ շուտով:
«Ներկա կարգավիճակիս համար չեմ նեղսրտում, հատկապես ինձ այս իրավիճակից դուրս գալու համար շատ է օգնում սիրելի աշխատանքս, բացի այդ, բոլորի հետ էլ կարող է նման դժվարին իրավիճակներ, դեպքեր լինեն, պետք չէ հուսահատության մեջ ընկնել, այլ, հակառակը, պետք է պայքարել եւ կյանքի հանդեպ սիրով լցնել: Չարաբաստիկ դեպքից հետո մի պահ է եղել, երբ հասկացա, որ շատ ծրագրեր կիսատ են մնալու, բայց ուժեղ գտնվեցի եւ թույլ չտվեցի ինձ հանձնվել այդ մտքին, հիվանդանոցից տուն տեղափոխվելու օրվանից սկսած՝ եղել եմ լիապես ներգրավված ինձ համար այդքան սպասված եւ կարեւոր «Հրեշը՝ լուսնի վրա» ներկայացման փորձերով: Այդ փուլում ինձ համար միակ սփոփանքը եւ դեղամիջոցը իմ սիրելի գործով զբաղվելն էր, եւ բոլորն էլ գիտեն, որ արվեստը ունի բուժիչ յուրահատուկ ազդեցություն: Բացի դա, ինձ ուժ տվեց իմ բնավորությունը, ես տեսակով անպիսի մարդ եմ, որ յուրաքանչյուր խոչընդոտի, խնդիրների դեպքում մտածում եմ ոչ թե ինքս իմ մեջ պարփակվելու, այլ արագ իրավիճակից դուրս գալու եւ ելքեր փնտրելու մասին: Իմ կողքին էին նաեւ իմ ընտանիքը, ընկերներս ու իմ սիրելին, եւ հենց իրենց շնորհիվ կարողացա մաքսիմալ թեթեւ տանել, չնայած որ մինչեւ հիմա դեռ շարունակում եմ բուժվել, վերականգնվել, բայց ամեն ինչ դեռ առջեւում է, եւ վստահ կարող եմ ասել, որ ոչ մի վայրկյան չեմ կոտրվել: Այն ժամանակը, որ պետք է նստեի եւ սպասեի, թե երբ պետք է ապաքինվեմ, դրա փոխարեն նախընտրել եմ աշխատել եւ ստեղծագործել, զբաղվել իմ սիրելի աշխատանքով»,-ընդգծում է դերասանուհին:
Թամարայի խոսքով՝ դեպքից անցել է բավականին ամիսներ, բայց մինչեւ այսօր բժիշկները հրաշք են համարում, թե ինչպես է կարողացել փրկվել նման ավտովթարից հետո:
«Հրաշք են համարում, թե ինչպես հնարավոր եղավ ոտքս փրկել, եւ հիմա էլ ինձ մոտ ամեն ինչ գնում է սպասվածից ավելի լավ, մինչդեռ նման ծանր վնասվածքներով մարդիկ վերականգման համար բավականին բարդ փուլ են անցնում»,-նկատում է Թամարան եւ հավելում, որ հիմա ամենօրյա վերականգման աշխատանքներ են տանում կինեզոլոգի հետ, եւ լիահույս է, որ կապաքինվի եւ կկարողանա քայլել:
Հարցին, թե ինչ է փոխվել իր մեջ ավտովթարից հետո, դերասանուհին պատասխանում է, որ չի ուզում շատ խորանալ, այսպես ասած, փիլիսոփայել, բայց մի բանում վստահ է՝ պետք է ապրել բումերանգի օրենքի սկզբունքով եւ դիմացինին միայն տալ բարին ու դրականը, քանի որ ամեն ինչ այս կյանքում հետ վերադառնալու ուժ ունի:
«Ինձ համար, առհասարակ, մարդկային կյանքը բաժանված է երկու մասի՝ դեպքից առաջ եւ դեպքից հետո. շատ բաներ են փոխվում, բայց հիմա ես ուղղակի հասկացել եմ ամենակարեւոր բանը, որ այս կյանքում ոչինչ քո ձեռքերում չէ: Պետք է միայն բարին տալ եւ փոխադարձաբար վերցնել, քանի որ կյանքը կարող է քեզ ամեն վայրկյան այնպիսի անակնկալ մատուցել, որին դու պատրաստ չէիր»,-հավելում է մեր զրուցակիցը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՀԱՆՋԵԼ Է
Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան եւ զբաղեցնում է 89-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Խոակին Կառառոսի գլխավորած թիմն անցկացրել էր 3 հանդիպում՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում ոչ-ոքի խաղալով Հյուսիսային Մակեդոնիայի (0:0) ու Լիխտենշտեյնի (1:1) հետ եւ պարտվելով գերմանացիներին (0:6): ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, որին հաջորդում է Բրազիլիան: Անգլիացիները շրջանցել են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիային եւ բարձրացել երրորդ տեղ: Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականը պահպանել է 5-րդ տեղը: Լավագույն տասնյակում են նաեւ Արգենտինան, Պորտուգալիան, Իսպանիան, Մեքսիկան ու Դանիան: Քաթարում կայանալիք 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Գերմանիան 14-րդն է, Ռումինիան՝ 42-րդը, Իսլանդիան՝ 60-րդը, Հյուսիսային Մակեդոնիան՝ 74-րդը, իսկ Լիխտենշտեյնը՝ 188-րդը: Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ 2 խաղերը կանցկացնի Իսլանդիայի (հոկտեմբերի 8) եւ Ռումինիայի (հոկտեմբերի 11) հավաքականների հետ:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Մյունխենի «Բավարիան» 4 տարով երկարաձգել է գործող պայմանագիրը Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լեոն Գորեցկայի հետ. hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թվականի ամառ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 12-15 միլիոն եվրո: Գորեցկան 2018-ին գերմանական «Շալկեից» է տեղափոխվել «Բավարիա», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 8 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:
ՌԵԿՈՐԴ
Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, գոլի հեղինակ դառնալով թուրքական «Բեշիկթաշի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղում (2:1), սահմանել է տպավորիչ ռեկորդ: OptaJoe-ի համաձայն՝ Բելինգեմը Չեմպիոնների լիգայի 2 խաղերում անընդմեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Նա ռեկորդը սահմանել է 18 տարեկան եւ 78 օրականում: Անգլիացի կիսապաշտպանը նախորդ գոլը խփել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցյալ մրցաշրջանի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում (1:2): Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 2017-ին ռեկորդը գրանցել էր «Մոնակոյում»: Ռեկորդի պահին ֆրանսիացին 18 տարեկան եւ 85 օրական էր: «Բեշիկթաշի» դեմ խաղից հետո Ջուդ Բելինգեմը համբուրել է «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, որն անգլիացու փոխանցումից հետո դարձել էր գոլի հեղինակ:
«ՍՈՂՈՄՈՆ ԵՎ ՍՈՂՈՄՈՆ»
Կոմիտաս Վարդապետի տարեդարձի եւ Սողոմոն Թեհլիրյանի աղմկահարույց դատավարության 100-ամյակի առթիվ սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկազմակերպվի գոհաբանության երեկո:
«Սողոմոն եւ Սողոմոն» խորագրով համերգի ընթացքում դաշնակահար Հայկ Մելիքյանը կներկայացնի Կոմիտասի հավերժական երաժշտությունն ու Վարդապետին նվիրված ստեղծագործություններ, իսկ սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը կընթերցի ամենավառ հատվածները Բեռլինի նահանգային դատարանում Սողոմոն Թեհլիրյանի գործով դատական լսումների սղագրական հաշվետվությունից։
Նախագծի հեղինակը Էռնա Ռեւազովան է։
Երկու Սողոմոն՝ Սողոմոնյան եւ Թեհլիրյան։ Երկու ճակատագիր՝ աղճատված Հայոց ցեղասպանությամբ։ Վարդապետի լռությունը եւ իր ժողովրդի համար վրեժխնդիր եղած հայորդու արդար ցասումը։ Մի կողմից՝ մինչեւ հոգու խորքը ցնցված երաժշտապետ Սողոմոնը, մյուս կողմից՝ Սողոմոնը, ով դատավճիռ կայացրեց Օսմանյան կայսրությունում հայերի ջարդի հեղինակի՝ նախկին թուրք վեզիր Թալեաթ փաշայի նկատմամբ. «Ես սպանել եմ, բայց մարդասպանը ես չեմ»։
1921 թվականին՝ հարյուր տարի առաջ, բեռլինյան դատարանը, հաստատելով ամբաստանյալի այս բառերը, Թեհլիրյանին ճանաչեց անմեղ հայ ժողովրդի դահճի մտադրված սպանության մեջ։
«Սողոմոն եւ Սողոմոն» նախագծում միավորվել են երկու մեծ հայերի անունները՝ Սողոմոններ, որոնց հիշատակի առջեւ այսօր խոնարհվում ենք։ Մենք խոնարհվում ենք երաժշտական հանճար Սողոմոն Սողոմոնյանի առջեւ եւ մեր երախտագիտությունն արտահայտում Սողոմոն Թեհլիրյանի նկատմամբ, ով մեկ գիշերում մեղադրյալից վերածվեց մեղադրողի։ Մենք շնորհակալ ենք բեռլինյան դատարանից, որի որոշումը դարձավ Հայոց ցեղասպանության առաջին աղմկահարույց դատապարտումը»։