ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ, ի թիվս մի շարք զինվորականների ու հանուն հայրենիքի կյանքը զոհած հերոսների, պետական բարձր կոչումներ ու մեդալներ են ստացել նաեւ իրավապահ, մշակույթի, շինարարության, կրթության ոլորտի, մասնավոր ընկերությունների մի շարք աշխատակիցներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատկապես իրավապահ ու ուժային համակարգի ներկայացուցիչները նախագահ Արմեն Սարգսյանի կողմից շնորհված մեդալների ու բարձր պարգեւների մասով խիստ անհամաձայնություններ ունեն միմյանց հետ հենց համակարգի ներսում: Ոստիկանության, դատական համակարգի, Ռազմական ոստիկանության՝ պարգեւի արժանացած ծառայողներին հանդիպմանել են նրանց գործընկերները՝ ասելով, թե ստորացուցիչ պարտությունից, հազարավոր զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ ունենալուց հետո ինչպես կարող էին որեւէ մեդալ կամ պարգեւ ընդունել: Նրանց մեծ մասի կարծիքով՝ Անկախության տոնի առթիվ մեդալներ, պատվոգրեր ու կոչումներ պետք է բացառապես զինվորականները, բժիշկներն ու նահատակված երիտասարդները ստանային հետմահու: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ անգամ ասել են, որ եթե պարգեւատրվածները մի քիչ «թասիբ» ունենային, ոչ միայն նախագահական չէին գնա ու ծաղիկները ձեռքներին՝ հպարտ կեցվածքով չէին լուսանկարվի, այլեւ լսելուն պես, որ պարգեւատրվում են, միանգամից կհրաժարվեին բոլոր տեսակի մեդալներից:

 

 

Չնայած ութերորդ գումարման խորհրդարանը գործում է դեռ օգոստոսից, սակայն այս ընթացքում իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորները ընդամենը մեկ օրենսդրական նախաձեռնություն են հեղինակել, այն էլ՝ լրատվամիջոցների եւ լրագրողների աշխատանքը դժվարացնող: Այս պահին խորհրդարանի կայքի Նախագծեր բաժնում ընդգրկված է 51 հարց, որից միայն ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծն է հեղինակված ՔՊ պատգամավորների կողմից: Ընդ որում՝ այս նախագծի մասին նրանք խոսել էին՝ դեռ նախորդ գումարման խորհրդարանից սկսած, սակայն ավարտին հասցրել եւ դրել են շրջանառության մեջ միայն այս գումարման խորհրդարանում: Մեկ այլ նախագիծ էլ՝ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, հեղինակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Դրանով պատգամավորը նախատեսում է արտոնյալ ու առաջնահերթ պայմաններ զինծառայողների համար, որոնք երբեմն ստիպված են լինում քաղաքացիական հիվանդանոցներում 20 օրով հերթ կանգնել: Հավելենք, որ նոր խորհրդարանում շրջանառվող 51 նախագծերից 49-ը հեղինակել է Կառավարությունը:

 

 

Սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստում ՀՔԾ արդեն նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ մինչ այդ դեկլարատիվ ինչ-որ մրցույթի մասնակցելուց հետո։ Ինչպես հայտնի է, նորաստեղծ այս կառույցը քննչական գործողություններ է կատարելու եւ իր մեջ ներառում է ՀՔԾ-ի, Քննչական կոմիտեի, դատախազության եւ ԱԱԾ-ի հակակոռուպցիոն գործառույթները։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին թեեւ կառույցն ունի ղեկավար, սակայն դեռ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում կառույցի կազմավորման մասով։ Մենք տեղեկացանք, որ Կոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է ստեղծվել: Մասնավորապես, որոշում են, թե որ գործերը թողնեն Կոռուպցիոն կոմիտեի քննության տակ, որ գործերը ուղարկեն այլ նախաքննական մարմիններ: Անհավասար պայմաններ են ստեղծվել նաեւ քննչական ոլորտում. նորաստեղծ կոմիտեում քննիչները անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ են ստանալու, քան մյուս քննչական կառույցներում: Մի խոսքով, որոշվել է, որ պատերազմի հետ կապված ՀՔԾ-ում քննվող աղմկահարույց քրեական գործերը կուղարկվեն Քննչական կոմիտե: Մյուսների մասով դեռ հստակ որոշում չկա:

 

«2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսվել էր տարեկան շուրջ 1,509.5 մլրդ դրամ, իսկ առաջին կիսամյակի hամար ՀՀ կառավարության կողմից հաստատված եռամսյակային համամասնություններով՝ 697.9 մլրդ դրամ բյուջետային եկամուտների ստացում: 2021 թվականի առաջին կիսամյակում ստացվել են 790.9 մլրդ դրամ փաստացի եկամուտներ` 7.2% ով գերազանցելով ՀՀ կառավարության կիսամյակային ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը: Նշված գումարից 786.5 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները` ապահովելով ծրագրի 108.8% ը, 4.3 մլրդ դրամը ստացվել է պաշտոնական դրամաշնորհների տեսքով, որոնք 71.2%-ով զիջել են ծրագրված ցուցանիշը: Կառավարության սկզբնական ծրագրով 2021 թվականի առաջին կիսամյակի համար սահմանվել էր 665 մլրդ դրամ հարկերի ու տուրքերի ստացում: 2021 թվականի առաջին կիսամյակի ճշտված ծրագիրը կազմել է 696.7 մլրդ դրամ, որի դիմաց ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 750.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որոնք 7.7% ով գերազանցել են կիսամյակային ծրագրով սահմանված ցուցանիշը: 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 10.3%-ով կամ 69.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի, շահութահարկի, սոցիալական վճարի, ինչպես նաեւ այլ հարկերի գծով մուտքերի աճով:




Լրահոս